Զարմանալի, հրաշք երիտասարդություն ունենք: Արցախյան պատերազմական օրերի հորձանուտում, ամեն մեկը փորձում էր իր անելիքով օգտակար լինել:
Մի մասը ընդգրկվեց նիդերլանդահայ կառույցներում կազմակերպվող միջոցառումներում՝ բողոքի ցույցերի, պիկետների, ավտոերթերի կազմակերպում, անհրաժեշտ ապրանքների հավաքագրում, դրամահավաքի կազմակերպում և այլն:
Հենց այդ օրերին նամակ ենք ստանում Nijmegen-ից: Մեզ գրում են երկու աղջիկներ՝ Աննա Մկրտչյանն ու Նաիրա Միրաքյանը:
Իմանում ենք, որ նրանք շատ արագ կազմակերպել են հայկական թխվածքների արտադրություն և վաճառք՝ «Artsakh gebak» խոսուն անվամբ:
Սա երկու կարևոր նպատակ հետապնդեց: Նախ՝ արտադրանքի Հասույթն ուղարկվում էր պատերազմից տուժածներին, հետո Արցախի մասին ճանաչողական տեղեկատվության տարածումը նիդերլանդական մեդիա դաշտում:
Կարդացեք նաև
Թե ինչ չափով դա նրանց հաջողվեց՝ կներկայացնենք այս հոդվածում:
Թխվածքների պատրաստման աշխատանքներին նրանք ներգրավել էին անգամ իրենց մայրերին: Ամբողջ դեկտեմբեր ամիսն աղջիկները լարված աշխատել են և այս երկու ճակատներում անգնահատելի օգնել Հայրենիքին:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ
Այժմ, երբ թևակոխել ենք նոր տարին, և օրացույցով հունվարի վերջին օրերն են, որոշեցի կապվել ու զրուցել աղջիկներից մեկի՝ Աննայի հետ. նրանից բավականին հետաքրքիր տեղեկություններ իմացա նաև ընկերուհու՝ Նաիրայի մասին. նրանք երկուսն էլ հիմնավոր կրթություն ստացել են Նիդերլանդներում և իրենց հիմնական աշխատանք ունեն:
Աննան Հաագայի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո 2011-2014 ընդունվել և ավարտել է Ամստերդամի համալսարանը՝ եվրոպագետ է, ուսումնասիրել է տնտեսագիտություն, քաղաքականություն, պատմություն, տիրապետում է լեզուների, աշխատում է Webhelp/Vodafone Ziggo ընկերությունում որպես տեխնիկական հարցերով վերահսկիչ-խորհրդատու:
Ունի հրաշք «արքայադուստր»` Անահիտ անունով: Ամուսինը` Կարեն Թևոնյանը, նախկին ֆուտբոլիստ է, խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում (մինչև 21 տարեկան), հանդես է եկել Հոլանդիայում, Բելգիայում և այլուր: Ազատ ժամանակն ամուսիններն անց են կացնում երեքամյա դստրիկի հետ:
Աննան լավ նկարում է, սիրում է պատմական գրքեր կարդալ, հանդես գալ ազգագրական երգերով ու պարերով:
Նաիրան սովորել և ավարտել է Նայմեխենի Radboud համալսարանի «հանրային կառավարում» (bestuurskunde)՝ մասնագիտությամբ. ներկայում աշխատում է արդարադատության նախարարության միգրացիոն ծառայությունում (IND)՝ պատասխանատու պաշտոնյա է (beslismedewerker/decision maker):
Ունի իր 3-ամյա «արքայազնին»` Մենուա հրաշալի անունով:
Ազատ ժամանակ սիրում է թենիս խաղալ, կարդալ, ճանապարհորդել, երգել, պարել…Ի դեպ ընկերուհիները տարիներ առաջ միասին ընդգրկվել են Նայմեխենի ՎԱՆ միության «Սասնա լույս» պարախմբում՝ կազմելով հիմնական միջուկը, ակտիվորեն մասնակից են եղել հայ համայնքի կյանքին,ելույթներ են ունեցել Ալմելոյի, Մաստրիխտի և այլ հայկական համայնքներում:
Այնուհետև ուսման ընթացքում 2014-2016 միասին հիմնել և ունեցել են իրենց նորաձևության խանութը «Senorita» անվամբ:
ՄԻԱՍԻՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Արցախյան տարեվերջյան պատերազմն ընկերուհիներին կրկին ստիպեց համախմբել, վերամիավորվել իրենց ներուժը և օգտակար գործ անել «թիկունքում»:
«Artsakh gebak»-ի հայկական թխվածքների արտադրանքի թողարկման հետ մեկտեղ նրանք բավականին հանրային, ճանաչողական աշխատանք կատարեցին, ստեղծել են ֆեյսբուքյան էջ ու մանրամասն զետեղել իրենց գործունեության ու հումանիտար օգնության մասին տվյալներ: Նրանք օտարազգի հաճախորդներին իրազեկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Իրենց նախաձեռնությամբ հետաքրքրված տեղի թերթերին ու հանդեսներին ներկայացրել են ոչ միայն հայ ազգի մշակույթն ու նիստ ու կացը, այլ Արցախի մասին ճշմարտությունը:
Այդ մասին իմ ձեռքի տակ է «Lets Talk magazine» ամսագիրը:
Ամբողջ 2 էջ ամսագիրը ներկայացրել է Աննային ու նրա ընտանիքին՝ չշրջանցելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի անարդարացի պատերազմի մանրամասները:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»