Վանաձորի ԲԿ-ն, Ինֆեկցիոն հիվանդանոցը եւ Սպիտակի ԲԿ-ն վերապրոֆիլավորվեցին եւ մինչեւ հունվարի 15-ը գործում էին կորոնավիրուսային հիվանդության բուժման համար: Մասնագետների խոսքով՝ ինչպես ամբողջ հանրապետությունում, Լոռիում եւս նկատվում է հիվանդացության նվազման միտում: Այդ իսկ պատճառով Վանաձորի ԲԿ-ն եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն ամբողջությամբ վերապրոֆիլավորվել ու անցել են իրենց բնականոն աշխատանքին:
Իսկ Սպիտակի ԲԿ-ն, որտեղ գործում էր 100 մահճակալ հզորությամբ կորոնավիրուսային բուժման հիվանդանոց, դարձել է մասնակի կորոնավիրուսային բուժման հիվանդանոց: «Այսինքն, հիվանդանոցը նորից վերապրոֆիլավորվեց նախկին գործունեությանը, սակայն թույլ տրվեց 40 մահճակալ հզորությամբ բաժանմունքին աշխատել որպես կորոնավիրուսային հիվանդանոց: Այստեղ գործում են նաեւ 10 մահճակալ հզորությամբ ռեանիմացիոն մահճակալներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանն ու վստահեցրեց, որ փորձել են այնպես անել, որպեսզի հնարավորինս պահպանվեն սանիտարահիգիենիկ ու համաճարակային կանոնները. «Մաքուր եւ կեղտոտ զոնաները բացառապես իրարից անջատ են գործելու: Մի թեւը գործելու է սովորական բազմապրոֆիլ հիվանդանոցի ձեւով, մյուս թեւը՝ կորոնավիրուսի բաժանմունքի ձեւով»:
Վանաձորի ԲԿ-ն եւ Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող հիվանդները տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, իսկ ծանր դեպքերը տեղափոխվել են Երեւան՝ ավելի մասնագիտացված բուժհաստատություններ: Այս պահին Սպիտակի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 30 մարդ, որոնցից 20-ը գտնվում են ծանր, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Լուսինե Վարդանյանը նշում է, որ թեեւ հիվանդացության նվազման միտում կա, սակայն հիվանդության մարումը կախված է բնակիչներից. «Հիվանդության նվազման միտում կա, բայց դեռեւս պետք չէ թուլացնել զգոնությունը: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահել բոլոր հակահամաճարակային կանոնները: Դեռեւս կորոնավիրուսը երկրում չի վերացել, անպայման կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորությունը: Որպես քաղաքացի, իմ դիտարկումներով, շատ վատ է պահպանվում: Դրա համար էլ մենք ունեցանք երկրորդ փուլ, որը շատ ավելի բարդ էր, քան առաջինը: Հուսով եմ, որ մեր քաղաքացիական գիտակցության շնորհիվ չենք ունենա երրորդ փուլ»:
Կարդացեք նաև
Հիվանդացության սկզիբից առ այսօր Լոռու մարզում գրանցվել է 8.367 հիվանդացության դեպք, առողջացել է՝ 7.719-ը հիվանդ, գրանցվել է մահվան 139 դեպք: Այս պահի դրությամբ մարզում բուժօգնություն է ստանում 509 հիվանդ, որոնցից մի մասը ստացիոնար, մյուս մասը՝ տնային պայմաններում՝ ամբուլատոր պոլիկլինիկական հաստատության հսկողության ներքո:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ