«Հոկտեմբերի 27-ի ոճրագործության քրեական գործին դուք մասնակցել եք որպես զինվորական դատախազ։ Հանրությունն ակնկալում է, որ գործի ամբողջական բացահայտմանը դուք կաջակցեք։ Նախորդ տարի այս ամբիոնից գլխավոր դատախազն ասաց, որ կարիքի դեպքում ձեզ կհրավիրի որպես վկա եւ հնարավորություն կտա աջակցելու։ Հրավիրվե՞լ եք, գործի զարգացումներն ինչպե՞ս եք տեսնում»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցով։
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Քանի որ նախաքննությունն անջատված մասով վերսկսել է, հիմա որեւէ այլ բան ասելու իրավունք չունեմ։ Իհարկե, միշտ պատրաստ եմ եղել աջակցել եւ ոչ միայն ես, այլեւ քննչական խմբի ղեկավարը, մի քանի կարեւոր քննիչներ, որոնք անմիջապես աշխատել են հանցավոր խմբի անդամների հետ։ Բայց այդ աջակցությունը չի կարող լինել վկայի կարգավիճակով տրվող ցուցմունք, որովհետեւ դատախազը, քննիչը, դատավորը եւ այլն չեն կարող հարցաքննվել որպես վկա։ Դա է սահմանել քրեական դատավարության օրենսգիրքը։ Վկայի կարգավիճակ կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե քննվի այդ գործով ապօրինություն կատարելու խնդիր։ Նման երկու գործ հարուցվել են այդ տարիներին, միտումնավոր․․․լսե՞լ եք, որ երբեւէ տեռորիստական ակտ քննող դատախազության նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Ես ոչ միայն լսել, այլեւ անցել եմ այդ քավարանով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ