«Քանի դեռ ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչներն իրենց որակում են որպես կամք չունեցող անձինք և առաջնորդվում են բացառապես մեկ անձի կամքով, ես որևէ հույս չունեմ, որ այդ մարդկանց որոշումների կայացման վրա մենք կարող ենք ազդել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկմանը՝ խորհրդարանական ընդդիմության չմասնակցելու մասին հարցին:
Հիշեցնենք, Ազգային Ժողովում այսօր քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի հարցը: Թեկնածուներն են Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:
«Եթե իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ հասարակությունը պետք է քանդեն նաև բարոյական կապերով, հասարակության ներսում քարոզում են ատելություն, մարդկային ցածր որակներ, ապա դա նրանց բեռն է, և պատմությունը նրանց առջև դա բերելու է նաև չներելով։ Իսկ մեր պատասխաններում մենք բացառապես առաջնորդվում ենք առաքինի մարդկանց վարքագծով և պարկեշտ քաղաքական գործչի վարքագծով։ Մենք այսպես փորձում ենք նաև օրինակ ծառայել մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ իշխանական։ Եթե նրանք որոշել են, որ առաջնահերթն ագրեսիան է, քաղաքական սխալ բառապաշար օգտագործելը, պատմական սխալ փաստեր օգտագործելը, և դրանով նպաստելը հասարակության մեջ կապերի թուլացմանը, ապա նորից եմ կրկնում՝ պատմության դատաստանի առջև նրանք կկանգնեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերվում է ԲԴԽ անդամի թեկնածուներին, ապա Տարոն Սիմոնյանը նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանին ճանաչում է իբրև շատ լավ մասնագետ, որն իրավական գիտության բնագավառում մեծ ավանդ ունի: «Մենք թեկնածուի անձնական հատկանիշներին չենք անդրադարձել, որովհետեւ ասել ենք, որ մասնագիտական տեսանկյունից խնդիր չունենք: Բայց քաղաքական որոշումը քաղաքական որոշում է և չենք մասնակցում ԲԴԽ անդամի երկու թեկնածուների ընտրությանը»:
Կարդացեք նաև
Տարոն Սիմոնյանը նաև կարծում է, որ իշխանությունը խախտել է ընդդիմության հետ ԲԴԽ անդամի թեկնածության հարցում դեռ մեկ տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Ըստ այդմ, թեկնածուներից մեկը պետք է առաջադրվեր ընդդիմության կողմից: Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք փորձել են առաջադրել, իշխանությունը խանգարել է: Թե ում է փորձել ընդդիմությունն առաջադրել՝ Տարոն Սիմոնյանը չմանրամասնեց:
Ինչ վերաբերվում է Գագիկ Ջհանգիրյանի առնչությամբ քննարկվող տարիքային շեմի սահմանափակմանը՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այդ մասին ինքը խոսել է սահմանադրական իրավունքի մասնագետների հետ և նրանց մեծամասնության կարծիքը եղել է այն, որ տարիքային սահմանափակումը վերաբերվում է դատավոր թեկնածուներին, ոչ թե գիտնական թեկնածուներին. «Բացի այդ, ԲԴԽ-ն կայացնում է տարբեր որոշումներ, որոնց մի մասի դեպքում անդամները հանդես են գալիս որպես դատավորներ, այստեղ էլ ստացվում է, որ ունեն դատավորի կարգավիճակ: Այստեղ օրենսդրական հստակեցման կարիք կա»:
Ինչ վերաբերվում է երկրորդ թեկնածուի ազգակցական կապերին՝ Տարոն Սիմոնյանն ասաց. «Ինքնին ազգակցական կապի մեջ լինելը դեռևս չի բերում շահերի բախման: Շահերի բախումը պարզվում է որոշումների կայացման փուլում: Եթե կայացնի որոշում, որտեղ արտացոլվեն իր բարեկամական կապերը, ապա շահերի բախում կլինի: Բայց միայն այն փաստը, որ բարեկամներ են՝ ոչինչ չի նշանակում: Դատական պրակտիկան չի ընդունում այսպես կանխակալ նման բան ասելը»:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի մյուս թեկնածուն՝ Դավիթ Խաչատուրյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ