«Նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից «մարտակոչ» հղվեց դատավորներին․․․Իսկ հրապարակներում եւ հարցազրույցներում ահաբեկչական հայտարարություններ էին հնչում, եւ ԱԱԾ-ն հրապարակում էր ձայնագրություններ՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստական աշխատանքների մասին։ Որեւէ մեկը չի կալանավորվել, չենք տեսել, որ դատարանն իրեն դրսեւորել է ըստ պատշաճի։ Գնահատեք ԲԴԽ նախագահի հայտարարությունը եւ այն դատավորներին, որոնք ստանձնել են պետական ահաբեկչության հովանավորությունը»,-ԱԺ այսօրվա նիստում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին նման հարցադրումներ հղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց․ «Ես քաղաքական մարդ չեմ, ձեռնպահ կմնամ գնահատականներից, բայց կասեմ։ Եթե ձեր հիշատակած հիմքով կարգապահական վարույթ հարուցվի եւ ԲԴԽ-ն այն քննարկի, ես իմ տեսակետն, իհարկե, կարտահայտեմ։ Իսկ եթե խոսենք դատարանների որոշումների կանխատեսելիության մասին, ծանր հանցագործությունների կատարման համար, ինչը կարող է վնասել մարդկանց կյանքն ու պետության անվտանգությունը, խափանման միջոցները պետք է գործեն։ Եթե նման դեպքերում կալանքը չի գործում, դա բացատրելի չէ։ Ձեր նշած գործերի հիմնավորումներին ծանոթ չեմ, բայց եթե հարուցվեն կարգապահական վարույթներ, կքննարկենք»։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը՝ Արման Բաբաջանյանը պնդեց, որ ուզում է իմանալ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերմունքը որպես իրավաբան։ Վերջինս պատասխանեց․ «Եթե ես հիմա բավարարեմ ձեր հետաքրքրությունը եւ հարցին պատասխանեմ եւ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում մասնակցեմ գործադիր իշխանության բերած վարույթին, բացարկված կլինեմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ