«Բովանդակային մանրամասների մեջ հիմա չեմ մտնելու, բայց այս փուլում այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը մենք չենք տեսնում, և, բնականաբար, մենք ինքներս էլ նաև վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,- այս մասին այսօր Ազգային Ժողովում, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին չի ներկայացնելու, որովհետև չունի նման իրավասություն:
Հիշեցնենք, Ազգային Ժողովում այսօր քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի հարցը: Թեկնածուներն են Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:
«Ես ընդամենը ներկայացնում եմ մեր թիմի քաղաքական որոշումը: Մենք չենք մասնակցել խորհրդարանական դահլիճում բովանդակային քննարկումների, հետևաբար չենք մասնակցելու նաև քվեարկությանը:
Մենք բազմաթիվ առիթներ ունեցել ենք ասելու, որ այսօր մեր երկրի, պետության ու կառավարության օրակարգում պետք է լինեն միանգամայն այլ հարցեր: Դատական համակարգի և այլ կեղծ օրակարգով բերված հարցերը հիմա տեղ չունեն: Ես էլի եմ ասել, որ խորհրդարանի օրակարգում ընդգրկված շուրջ հինգ տասնյակ հարցերից ոչ մեկը չի արտացոլում մեր երկրի առջև ծառացած խնդիրները՝ գերիների, անհետ կորածների ճակատագրի, Արցախից տեղահանվածների մասին»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ