Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը փոխանակ մեր գերի տղերքին բերի, հրատապ կարգով կալանքի, դատարանների օրենքի նախագիծ է անցկացնում». բողոքի ցույց

Հունվար 22,2021 13:51

ՀՀ ԱԺ մուտքի առաջ «ամոթի պատ» կազմած քաղաքացիների խաղաղ ցույցի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ խնդիրը խորապես Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունը չէ. «Խնդիրն այն է, որ կառավարությունը փոխանակ մեր գերի տղերքին բերի, հրատապ կարգով կալանքի, դատարանների օրենքի նախագիծ է անցկացնում, արագ ԲԴԽ նոր անդամի թեկնածություն է առաջադրում: Ուզում եմ՝ մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի մտքին է միայն մեկին փորձել համոզել, որ Շուշին հայկական քաղաք չէր, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմադիրներն են, որ այն ապաշնորհ կառավարումը, այն փաստը, որ մեծ հավանականություն կա, որ փետրվարին, մարտին ոչ թոշակ, ոչ աշխատավարձ են կարողանալու տալու, մեղավորն ընդդիմությունն է: Բայց կարևորն այն է, որ հանկարծ կալանքից չխուսափի Հայկ Մամիջանյանը չգործած մեղքերի համար»:

ՀՀԿ խորհրդի անդամ Աննա Մկրտչյանն էլ հայտարարեց. «Գագիկ Ջհանգիրյանը դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված ԲԴԽ անդամին վերաբերվող նվազագույն պահանջներին չի համապատասխանում»:

Լրագրողները «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանին հիշեցրին՝ Գագիկ Ջհանգիրյանը նախկին բարձրաստիճան պաշտոնյա է եղել, զինդատախազ, մինչդեռ իշխանությունները բոլոր անհաջողությունների մեջ մեղադրում են նախկիններին, ուստի այդ ինչպե՞ս է, որ նրան առաջադրել են ԲԴԽ անդամի պաշտոնում, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Նիկոլը ստում է, կանգնում է ԱԺ ամբիոնից ասում է՝ բոլոր գործողություններին ընդդիմությունն է վնասում՝ գերիների վերադարձի գործընթացին և այլն: Նա փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել, մեր դեմ լարել»:

Լուսանկարը՝ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հարցին «Հայրենիքի փրկության շարժումն» ինչո՞ւ է պասիվացել, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ ակնկալիքներ եք նկատի ունենում, բայց շարժումը, անհրաժեշտ բոլոր գործողությունները հաշվի առնելով, բոլոր օբյեկտիվ պատճառները գնահատելով, իր գործողություններն է իրականացնում: Ավտոերթ իրականացավ, ի վերջո հրապարակում վրանն է տեղադրված»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Արսեն Բաբայանն ասաց՝ դա կարելի է համարել շարժման հաղթանակը, որ Նիկոլ Փաշինյանը նման բան հայտարարեց: Ու շեշտեց՝ այդ ընտրությունները պետք է կայանան առանց Նիկոլ Փաշինյանի:

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց. «Այսօր տեսաք՝ ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավորներից մեկ-երկու հոգի համարձակություն ունեցան այս մուտքով ներս մտնել ԱԺ: Մի մասը շատ ավելի վաղ էին եկել, մյուսներն այլ մուտքերով, գաղտագողի, փախեփախ, սողունի նման ման գալով փորձեցին մտնել ԱԺ, որ իրականացնեն իրենց քվեարկությունը ու ԲԴԽ անդամ կարգեն ամենանախկին Գագիկ Ջհանգիրյանին: Քանի դեռ այս դավաճանները մնալու են իշխանության, այդքան ժամանակ նրանք գաղտագողի են ման գալու: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենիքը ազատագրված չէ»:

Խաղաղ ցույցն ավարտվեց, ցուցարարները զգուշացրին՝ այդ պատգամավորները միշտ էլ գողեգող են ման գալու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031