«Կարեւոր հանգամանք է դատական համակարգի զտման խնդիրը։ Ցավոք, իշխանության եկած նոր քաղաքական ուժն անցած տարիներին այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, եւ դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում նաեւ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցով։
«Իսկ սահմանադրությունը տալիս է հնարավորություն մաքրելու եւ զտելու»,-նկատեց Գագիկ Ջհանգիրյանը։
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում հաստատված է «դատարանների նախարարություն»՝ «բուրգ», որը վերից վար խիստ ենթակայություն է ենթադրում, եւ դրա գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է ստորադաս դատարանների դատավորներին պարտադրել ցանկալի որոշում։
Կարդացեք նաև
«Այդ օրենսգիրքը շատ հստակ գործեց 2008թ․-ի մարտյան դեպքերի ժամանակ, երբ 100-ավոր անմեղ մարդիկ անհիմն, հորինած, մոգոնած մեղադրանքներով տարիներ եւ ամիսներ ազատագրման դատապարտվեցին, կալանավորվեցին։ Կարծում եմ՝ այդ «բուրգն» ինչ-ինչ բարեփոխումներով եւ բացառություններով մինչեւ օրս գործում է։ Այս առիթով ԱԺ-ն կարեւոր առաքելություն ունի, որպեսզի կարողանանք բոլոր դատավորներին հնարավորինս անկախացնենք ոչ միայն գործադիրի ազդեցությունից, այլեւ վերադաս դատական ատյանների ազդեցություններից»,-հավելեց Գագիկ Ջհանգիրյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ