Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարիքային դրույթները կիրառելի չեն գիտնական-անդամի համար»․ Վարդանյանը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին

Հունվար 22,2021 12:41

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում մասնավորապես ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցով։

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Գագիկ Ջհանգիրյանի մասնագիտական ճանապարհը, ինչից հետո «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խնդրեց պարզաբանել հետեւյալ իրողությունը․ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրման պահից, այդ թվում իրավագիտական համայնքում քննադատություններ հնչեցին, որ նրա տարիքով պայմանավորված՝ առաջադրումը լեգիտիմ չէ․ «Որպես հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս կպարզաբանեք»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ նման բնորոշումները մանիպուլյատիվ են եւ նսեմացնում են իրավաբանությունը որպես գիտություն։ Ապա պարզաբանեց․ «Օրենքը բավականին հստակ է։ ԲԴԽ-ն բաղկացած է դատավորներից եւ իրավաբան-գիտնականներից։ Վերջիններիս ընտրում է ԱԺ-ն, եւ նրանց այլ պահանջներ են ներկայացված։ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակ նշում է, որ ԱԺ կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար նախատեսված որեւէ սահմանափակում։ Իսկ սահմանափակումները հստակ նախատեսված են 112-րդ հոդվածում, եւ որեւէ տարիքային սահմանափակում նախատեսված չէ։ Հստակ տարբերակեք դատավորի տարիքին ներկայացվող պահանջները եւ ԲԴԽ գիտնական-անդամին ներկայացվող պահանջները։ Իսկ դատավոր նշանակվելու սահմանափակումներում չկա մի դրույթ, որն այս կամ այն եղանակով գիտնականին կարգելի զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը։ Ավելին՝ սահմանափակումները տրամաբանական պետք է լինեն։ Եթե անձն, օրինակ, քրեական հետապնդման է ենթարկվում, դա սահմանափակում է արդարադատության համակարգում նրա գտնվելու հնարավորությունը, իսկ տարիքային դրույթները գոյություն ունեն, բայց կիրառելի չեն գիտնական-անդամների համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031