«Ախպե՛ր, իմ երկրում ազատ տեղաշարժի իրավունք չունե՞մ»,- քիչ առաջ ՀՀ ԱԺ մուտքի առաջ քաղաքացիների խաղաղ ցույցի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ամոթի պատ կազմած ցուցարարներից մեկի և ոստիկանների միջև:
Ցուցարարներից մեկը ցանկանում էր ճեղքել ոստիկանների շղթան, սակայն նրան թույլ չտվեցին: Ոստիկանները հորդորեցին շրջանցել ոստիկանների շարասյունը և անցնել ուրիշ տեղով: Նա պատասխանեց. «Ախպեր, իմ երկրում ազատ տեղաշարժի իրավունք չունե՞մ: Մեր իրավունքները մի այլ կարգի են ոտնահարվում: Կարո՞ղ է դու էս երկրի քաղաքացի չես»: Ոստիկանը հորդորեց դադարեցնել և չշարունակել երկխոսությունը:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում տեղի է ունենալու ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Խաչատուրյանի ընտրությունը: «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին:
Ցուցարարները հայտարարեցին՝ ի՞նչ է Գագիկ Ջհանգիրյանը նո՞ր է, նախկին չէ՞, թե՞ նախկինների նախկինն է:
Կարդացեք նաև
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց. «Մենք այստեղ ենք ամոթի պատ կազմելու համար: Իսկ ամոթի միջանցքով Նիկոլ Փաշինյանի ուսապարկերն անցնելով գնում են, որ քվեարկեն՝ իմանալով, որ սա երկար չի տևելու. վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվելու է, և բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար»:
Նա վստահեցրեց՝ առաջիկայում լինելու են անհնազանդության ցույցեր, երթեր, որոնցով հնարավոր է կանգնեցնել ու հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա «ուսապարկերի խմբին»:
Երբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը եկավ ԱԺ, ցուցարար քաղաքացիները նրան դիմելով գոչեցին. «դավաճան, Նիկոլի ուսապարկ»:
Ցուցարարները հայտարարեցին՝ փողոցից տուն չեն գնալու. փողոցն իրենց վերջին խրամատն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ