Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան

Հունվար 22,2021 12:13

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը:

Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում և որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը:

Ուշ միջնադարում Շուշին հիշատակվում է տարբեր անուններով, այդ թվում՝ Քար, Քարագլխի սխնախ, Շոշ բերդ, Շոշի սխնախ:

1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է:

1725թ. ութ օր տևած մարտերից հետո հայերը փախուստի են մատնել թուրքական 40 հազարանոց զորքին: 18-րդ դ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Արցախի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, տիրացել է Շուշի ամրոցին: 1752թ. հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան: 1790-ականներին Շուշին դարձել է ռազմական կարևոր գործողությունների թատերաբեմ:

1795թ. օգոստոսին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել գրավել: 1797-ի գարնանը ձեռնարկելով երկրորդ արշավանքը, Աղա Մահմեդը գրավել է բերդը: 19-րդ դարի սկզբին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1805թ. մայիսին Կյուրակչայի պայմանագրով, Ղարաբաղն անցել է Ռուսաստանին: Շուշիում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը:

1826թ. հուլիսին նորից է սկսվել պատերազմ Պարսկաստանի և Ռուսաստանի միջև: Պարսկական 60 հազարանոց բանակը պաշարել է Շուշին, սակայն բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները և 1500 հայ աշխարհազորայինները կարողացել են ձախողել պարսիկների նվաճողական ծրագրերը: 19-րդ դարի կեսին Շուշին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ, 1895-ին՝ 33252 բնակիչ, որից 20584-ը՝ հայ: 1905թ. Շուշիում տեղի ունեցած թաթարա-հայկական ընդհարումների ժամանակ ավերվել է հայկական առևտրական թաղամասը, ինչի արդյունքում արձանագրվել է քաղաքի բնակչության զգալի նվազում՝ հասնելով 16500-ի:

Հետագա տարիներին բնակչության թիվը նորից աճել է: 1916 թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլ ազգեր: 1918-1920 թվականներին Շուշին և շրջակա հայկական բնակավայրերը թուրք-թաթարական խաշնարածների կողմից ենթարկվել են նոր ջարդերի և կոտորածների:

Միայն 1920թ. մարտի 22-23-ի գիշերը թուրք-մուսավաթական հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել և հրի մատնել ողջ հայկական թաղամասը: 1921թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին:

Խորհրդային տարիներին Շուշին զգալի անկում է ապրել:

Տեղի իշխանությունները՝ Բաքվի անմիջական հովանավորությամբ ավերեցին և ոչնչացրին քաղաքում եղած գրեթե այն ամենը, ինչ հայկական էր, այդ թվում՝ դեռևս կանգուն մնացած եկեղեցիները:

1988թ. Շուշիից բռնատեղահանվեց քաղաքում դեռևս մնացած 2000 հայ:

Դրանից հետո երբեմնի հայոց բերդաքաղաքը Ադրբեջանը վերածեց ռազմակայանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031