Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաժանում, վերաձևակերպում են բիզնեսները. քրեաօլիգարխիկ համակարգի նախկին գեներալները թաքցնում են հարկերը». Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»

Հունվար 22,2021 10:56

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ 1000 խոշոր հարկատուների հրապարակված ցանկը, առաջին տասնյակը լավագույնս բնութագրում է մեր տնտեսության դիվերսիֆիկացիան՝ կառուցվածքը։ Սրանից պարզ երևում է, որ մեր երկրի տնտեսությունը հիմնված է հիմնականում բնական մենաշնորհներ ունեցող կազմակերպություններով, վարկային կազմակերպություններով և որոշակի առևտուրն իրականացնող կազմակերպություններով, որոնք շուկայում գերիշխող դիրք ունեն։ «Բացառություն է կազմում միայն «Գրանդ Տոբակոն», որն իրոք ազգային բրենդ է դարձել, որը ողջունելի է։ Այդ ընկերությունը վերջնական արտադրանք է թողարկում, բայց դա հուսալի չէ տնտեսության համար։ Ես կարծում էի, որ 1000 խոշորների մեջ պետք է լինեն խոշոր այլ արդյունաբերական գործարաններ, որոնք իրենց վերջնական արտադրանքն են ստեղծում և ոչ թե հանքահումքային արտադրանք, մեր հարստությունն են արտահանում դուրս։ Ինչպես, օրինակ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Եթե նայում ես՝ նման ընկերությունների ստեղծած նոր արժեքը շատ քիչ է, նրանց շահութահարկն ու եկամտային հարկը շատ քիչ է։

Հանքարդյունաբերող ընկերությունները աշխատում են ոչ թափանցիկ ու, հետևապես, շատ տխուր է 1000 խոշոր հարկատուների ցանկը»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի է, որ առաջին տասնյակում չկան երբեմնի «հարկային օլիգարխները»։ «Ես զարմացա, որ առաջին տասնյակից առհասարակ դուրս է եկել «Ալեքս հոլդինգը», որը բիզնեսի բաժանում է կատարել հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Խոշոր հարկատուների ցանկում սկզբնամասերում չի երևում նաև «Մուլտի գրուպ» կազմակերպությունը։ Սա ցույց է տալիս, որ քրեաօլիգարխիկ համակարգի նախկին գեներալները, օլիգարխները թաքցնում են իրենց հարկերը՝ օգտվելով հարկային ռեժիմների տված հնարավորություններից՝ վաճառում են, բաժանում են բիզնեսները, վերաձևակերպում են, նոր ընկերություններ են ստեղծում, որ խուսափեն հարկեր վճարել պետական բյուջե»,- ընդգծեց տնտեսագետը՝ ավելացնելով, որ այս ամենին, իհարկե, նպաստեց վարչապետի այն հայտարարությունը, թե Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր․ «Դա քաղաքական հայտարարություն էր և թևեր տվեց քրեաօլիգարխիկ համակարգի կայսրությանը։ Իսկ ես կարծում եմ, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգ կա, նրանք գործում են և իրենց ազդեցություն են թողնում տնտեսական համակարգի վրա»։

Տնտեսագետը նկատեց՝ որպեսզի հաջորդ տարի էլ նման տխուր պատկեր չարձանագրվի, հարկավոր է, որպեսզի Հարկային օրենսգիրքը ամբողջությամբ փոխվի, ընդունվի ամբողջությամբ նոր Հարկային օրենսգիրք, քանի որ գործողը ընդհանրապես չի նպաստում բիզնեսի զարգացմանը։ Հակառակը, տարբեր սողանքների միջոցով փորձ է արվում բիզնեսին ամեն կերպ ճնշել։ «Ընդ որում՝ հարկային բարեփոխումներից առաջ էլ պետք է մտածել երկրի տնտեսական զարգացման նորմալ ռազմավարություն ունենալու մասին, որպեսզի տնտեսության զարգացման գերակայություն չհամարվի զբոսաշրջությունը։ Պետք է գերակայություն համարվեն արդյունաբերության այն ճյուղերը, որոնց դեպքում կարող ենք ներդրումներ ունենալ»,- եզրափակեց Արիստակեսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031