Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում Վաղարշակ Հարությունյանը

Հունվար 22,2021 15:00

«Մենք խոսում ենք տեղակալների մասին, սակայն նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաեւ պաշտպանության նախարարի մասին, ով արդեն 2 ամիս է՝ նախարար է, սակայն անհաղորդ է իր ոլորտում տեղի ունեցող գործընթացներին եւ առ այս պահը չի ձեւակերպել իր առաջնահերթությունների եւ քայլերի մասին»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

– Պաշտպանության նախարարությունում վերջերս բավական ուշագրավ կադրային փոփոխություններ եղան. նախարարի երկու տեղակալներ նշանակվեցին, որոնք, մեղմ ասած, ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ են, նրանցից մեկը նույնիսկ խոստովանեց` չգիտե, թե ո՞ր ոլորտն է համակարգելու, նաեւ նախարարի նոր խորհրդական նշանակվեց: Ի՞նչ են հուշում այդ փոփոխությունները:

– Այս նշանակումները հուշում են, որ իշխանությունը առհասարակ չի պատկերացնում պաշտպանական համակարգում մեր ունեցած խնդիրների եւ անելիքների մասին։ Իհարկե, կա նաեւ երկրորդ տարբերակը, գիտակցված ձեւով համակարգը տանում է արժեզրկման եւ ոչնչացման ճանապարհով։

Մենք խոսում ենք տեղակալների մասին, սակայն նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաեւ պաշտպանության նախարարի մասին, ով արդեն 2 ամիս է՝ նախարար է, սակայն անհաղորդ է իր ոլորտում տեղի ունեցող գործընթացներին եւ առ այս պահը չի ձեւակերպել իր առաջնահերթությունների եւ քայլերի մասին։

– Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում բանակը պետք է վերակազմավորվի, վերակառուցվի, շատ հարցեր նորովի մոտեցումներ եւ լուծումներ են պահանջելու: Ձեր կարծիքով՝ արդեն իսկ կարելի՞ է հետեւություններ եւ վերլուծություններ անել` զարգացման, վերակազմավորման ի՞նչ ուղղություն, մեթոդներ եւ մոտեցումներ են որդեգրելու հայկական զինված ուժերը, որ սպասվելիք մարտահրավերներից նվազագույն կորուստներով դուրս գանք, մանավանդ, կրած խայտառակ պարտությունից հետո:

– Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի՝ ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար, այլ հարց է, որ կառավարությունը հետպատերզմյան փուլում չի ձեւակերպել իր խնդիրները, ըստ այդմ՝ դեռ պարզ չէ, թե ինչպես է զինված ուժերում տեղի ունենալու բարեփոխումների, ես կասեի՝ արմատական փոփոխությունների գործընթացը։

Չեմ տեսնում այն ներուժը, չեմ տեսնում այն անհատներին, ովքեր համակարգում բարձր պաշտոն են զբաղեցնում եւ ի վիճակի են ստեղծված ծանր իրավիճակում լուրջ խնդիրներ լուծել։ Եվ իշխանությունը, եւ այս պահին պաշտպանության նախարարության ղեկավար կազմը՝ նախարար, տեղակալներ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ի զորու չեն լինելու ապահովելու արդյունավետության այնպիսի մակարդակ, ինչն այս պահին անհրաժեշտ է։

– Առհասարակ, հետպատերազմյան ժամանակաշրջանը ի՞նչ ցույց տվեց, ի՞նչ խնդիր էր դրված մեր զինված ուժերի առջեւ:

– Բոլոր ժամանակներին դրվող գլխավոր խնդիրը Հայաստանի, Արցախի եւ առհասարակ հայի անվտանգության ապահովումն է, իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունները ամենատարբեր մակարդակներում ոչ միայն լուրջ մոտեցում չեն ցուցաբերել անվտանգային սպառնալիքների նկատմամբ, այլ դրանց դրսեւորվելու պայմաններում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել։

Տարածաշրջանում իրադրության կտրուկ փոփոխություններ է տեղի ունեցել, ցավոք, մեր տարածքային ամբողջականության, մեծաթիվ կորուստների եւ մեր ազգային շահերի հաշվին։ Սակայն մենք իրավունք չունենք համակերպվելու ստեղծված իրադրության հետ, որովհետեւ դա տարբեր ժամանակային կտրվածքներով բերելու է նոր կորուստների։ Պետք է ոտքի կանգնել, հասկանալ, ուսումնասիրել, մշակել ու ձեւակերպել մեր խնդիրը ու գնալ դրա լուծումներին։

– Վերջին շրջանում ականատես եղանք նաեւ ծնողների դժգոհություններին, որոնք պահանջում են դեռ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող իրենց զավակներին ետ բերել Հայաստան: Ինչպե՞ս եք այս խնդրին վերաբերվում, ի՞նչ լուծումներ կան: Արցախի եւ Հայաստանի հետագա ճակատագրի ծիրում ինչպե՞ս պետք է այս հարցերը կարգավորվեն:

– Ցավալի է արձանագրել, որ իրավիճակն այնպիսի կետի է հասել, որ նման հարցեր ենք քննարկում։ Մի կողմից ես հասկանում եմ զինծառայողների ծնողներին, ովքեր վերջին ամիսներին բավականին ծանր ապրումների մեջ են եղել, նաեւ գիտակցում, որ սա արդյունք է պետության բացակայության զգացմանը, իշխանության նկատմամբ աննախադեպ անվստահությանը, սակայն չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մենք հրաժարվենք ծառայությունից՝ Արցախում կամ մեր հայրենիքի մեկ այլ հատվածում։

Սրա լուծումը Հայաստանում կտրուկ փոփոխությունների իրականացումն է՝ իշխանությունից, կադրային փոփոխություններից սկսած՝ ավարտած բանակում բարեփոխումների լայն գործընթացի մեկնարկով։ Ընդ որում՝ սա պետք է տեղի ունենա շատ արագ։

– Խոսելով արցախյան վերջին պատերազմում մեր պարտության պատճառների մասին, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ պարտության պատճառներից մեկն էլ հայկական բանակի գեներալների անտարբերությունն էր: Դուք Արցախում աշխատած շրջանում բավական սերտ շփումների մեջ եք եղել շատ մարտական գեներալների հետ, որոնք, այո, պատերազմական այդ օրերին, այսպես ասած, ասպարեզում չէին: Գիտե՞ք որն էր պատճառը, ինչո՞ւ էին նրանք անտարբեր, ինչպես բնութագրում է իշխող ուժի ներկայացուցիչը:

– Իշխանությունն այս պահին մեկ նպատակ ունի՝ արդարացնել մեր պարտությունը եւ հասնել հասարակության կողմից տեղի ունեցածի մարսմանը։ Դրանով է պայմանավորված տարբեր անհեթեթ մեկնաբանությունների, չփաստարկված հայտարարությունների հնչեցումն ու տարածումը։ Սակայն, այս պահին, իմաստ էլ չունի լուրջ արձագանքելու նման դեմքերի, ժամանակը կգա, այս իշխանությունը կգնա եւ միայն այդ ժամանակ բազմաթիվ ցավոտ հարցեր իրենց պատասխանը կստանան՝ դա կլինի հարուցված քրեական գործերի, թե համապատասխան ուսումնասիրող խմբերի, հանձնաժողովների միջոցով, ցույց կտա ժամանակը։

– Հայկական օրակարգի թիվ մեկ հարցը` գերիների եւ ռազմագերիների վերադարձը, ոչ միայն լուծում չի ստանում, այլ սկանդալների առիթ է տալիս. նկատի ունեմ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, որ հայկական կողմի փնթի մոտեցման արդյունքում ամբողջական ցուցակներ չեն փոխանցվել, ուստի մեզ համար հարցը մնացել է չլուծված, նաեւ` նախօրեին` խորհրդարանոմ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը ընդդիմադիրներից, որ նախկինում գերիների հարցն այդքան չեն կարեւորել եւ այդ պատճառով իշխանության հրաժարական չեն պահանջել, մինչդեռ նախկինում այդ ծավալով գերիների վերադարձ չի եղել: Ո՞վ եւ ի՞նչ դիվիդենդներ է փորձում շահել այս հարցի վրա, մարդկային ճակատագրերի հաշվին:

– Նախ պետք է արձանագրել, որ այս իշխանության անգործության, վատ կառավարման արդյունքում մեծաթիվ մարդիկ հայտնվեցին գերության մեջ։ Նաեւ նույն այդ պատճառով, մեր շատ ընկերների մարմինները մինչեւ հիմա Ադրբեջանի օկուպացված տարածքներում են։ Իշխանության երկրորդ տապալումն այս հարցով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն էր, որը բացի բազմաթիվ այլ խնդրահարույց, ողբերգական դրույթներից, պատշաճ սահմանում չէր տվել ռազմագերիների հայրենադարձման հարցին։ Մասնավորապես, կար ձեւակերպումը գերիների, զոհվածների մարմինների վերադարձի մասին, սակայն չկային ժամկետներ։

Եթե զոհվածների մարմինների հանձնման գործընթացն իր մեջ բարդություններ ուներ որոնողական աշխատանքների համատեքստում, ապա ռազմագերիների հարցը զուտ տեխնիկական առումով շատ ավելի հեշտ լուծելի էր։ Ինչեւէ, իշխանությունը հապաղում է, սակայն անհրաժեշտ լուծումներ գտնելու փոխարեն՝ զբաղված է այդ խնդիրը սրա-նրա վրա բարդելով։

– Ոչ պակաս կարեւոր էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սյունիքից տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ կանխվել է ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում: Ապա նա հավելեց. «Կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ-ի իրավազորության տարածքին՝ անվտանգությունն ապահովելու համար»: Սա ի՞նչ է նշանակում:

– Իսկ նման հայտարարության դեպքում բացառելի՞ է նմանատիպ «հիմնավորման» ներքո նոր տարածքների հանձնումը։ Այո, միանշանակ։ Նույն այդ թեզի ներքո հանձնվեցին Քարվաճառի, Ակնայի (Աղդամ) եւ Քաշաթաղի շրջանները։

Այս իշխանությունն ի վիճակի չէ կանխելու նոր պատերազմները, նոր սպառնալիքները եւ առհասարակ ի վիճակի չէ ոտքի կանգնեցնելու երկիրը։ Շատերս կարող ենք բանավիճել հաջորդ իշխանությունների կամ վարչապետների թեկնածուների շուրջ, սակայն աստիճանաբար կոնսենսուս է ձեւավորվում հասարակական տարբեր խմբերի միջեւ առ այն, որ ցանկացած պարագայում այս իշխանությունը պետք է հեռանա։ Պետք է հեռանա առաջին հերթին այն պատճառով, որ նրա գոյությունը, ներկայությունն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է ստեղծում։

– Մարտ ամսին նախատեսված են թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններ. արդյո՞ք անհանգստանալու տեղիք են տալիս Կարսում նախատեսված զորավարժությունները։

– Այս զորավարժություններն իրենց մեջ ընդգծված աշխարհաքաղաքական, քաղաքական եւ ռազմական բաղադրիչ ունեն։ Վերջին մարտական գործողություններով, Թուրքիան եւ Ադրբեջանը միասին եւ յուրաքանչյուրն իր համար առանձին մեծ խնդիր են լուծել եւ փորձելու են դա զարգացնել։ Թե դա ո՞ր փուլում, ո՞ր իրավիճակում եւ ի՞նչ դրսեւորում կստանա, կախված է մեծաթիվ գործոններից: Բայց այն, որ նրանք եղածով, ձեռք բերվածով չեն սահմանափակվելու, դա արդեն միանշանակ է։ Այնպես որ, թշնամական երկրների ցանկացած գործողություն՝ զորավարժությունների, քաղաքական պայմանավորվածությունների, տնտեսական տարածաշրջանային նախագծերի տեսքով, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, մանրամասն վերլուծվեն դրանց նշանակությունն ամենատարբեր հարթություններում։

Միգուցե այս հարցազրույցում, տարբեր կոնտեքստներում շատ կրկնեցի այս միտքը, սակայն պետք է եւս մեկ անգամ փաստել, որ արագ ոտքի կանգնելու խնդիր ունենք, ինչը, ցավոք, դեռեւս տեսանելի չէ։

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հավանեցի Տիգրան Աբրահամյանի մտքերը: Մի հարց. հարգելի Տիգրան դուք իրո՞ք հավատում եք, որ այս իշխանության օրոք արագ ոտքի ենք կանգնելու, ու դա դեռեւս տեսանելի չէ: Այդքան միամիտ ե՞ք: Կարծում եմ միամիտ չեք, ուղղակի քաղաքակիրթ ձեւակերպում եք տվել այն հայհոյանքներին, որ վաստակել են այս հողատուները: Բայց մեկ-մեկ պետք է մռանալ քաղաքակիրթ վարքի մասին ու ուղիղ ասել այն ինչ ուզում է ասել Հայաստանի 3 միլիոն վարչապետի մեծ մասը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031