Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին 8 կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ տեղեկություն կա. բոլորի հիմնադիր համագումարներն էլ նախատեսվում են հունվարի վերջին կամ փետրվարին. «Հայկական ժամանակ»

Հունվար 22,2021 10:12
kusakcutyun

Առաջիկա ամսվա ընթացքում կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում: Արդարադատության նախարարության Ազդարար պաշտոնական հայտարարությունների կայքում այս պահին 8 կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ տեղեկություն կա: Բոլորի հիմնադիր համագումարներն էլ նախատեսվում են հունվարի վերջին կամ փետրվարին:

Այս պահին արձանագրենք, որ ընտրված անունների մասով բավական հետաքրքիր պատկեր է՝ «Արդար Հայաստան», «Իմ Հայաստան», «Իրավական պետություն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան», «Օրրան», «Բարոյական արժեքներ», «Կայունություն», «Ժողովրդավարական համախմբում»:

Ինչո՞ւ է ստեղծվում, օրինակ, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարի օր է նշանակված փետրվարի 15-ը: Կուսակցության հիմնադիրներից Արմեն Մելիքսեթյանը ասաց, որ կուսակցության հիմնադրումը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով:

«Մենք ինքներս հեղափոխության ջատագովներից ենք եղել, այժմ տեսնում ենք, որ ինչ-որ մի քանի ճամբարների բաժանված շարժումներ են գնում եւ մենք նպատակ ունենք մեր տեսակետները, մեր տեսլականը տեղ հասցնելու, քանի որ զգում ենք, որ մեր ձայնը տեղ չի հասնում: Կան ժողովրդական մեծ մասսաներ, որոնք նույն ձեւով են մտածում: Սպասողական վիճակը բոլորիս տանում է դեպի կործանման, էս թավիշը, էս կադրային ոչ ճիշտ քաղաքականությունը, եւ նման հարցեր»,- ասաց Մելիքսեթյանը:

Փետրվարի 13-ին էլ հիմնադրվելու է «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը: Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ: Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով:

Կուսակցությունը նախագահ չի ունենալու, ըստ Հովհաննիսյանի, ստեղծվելու է խորհուրդ, որը կղեկավարի «Միացյալ քրիստոնյա Հայաստանը»:

Ավելի հետաքրքիր էր Հովհաննիսյանի բացատրոթյունը՝ ընտրված անվան հետ կապված.

«Էլ հույս չկա մարդկանց հավատալու, ամեն ինչ ասված է էս երկրում: Ավելի շատ ուզում ենք եկեղեցին ուժեղանա մարդկանց կյանքում: Մենք աշխատելու ենք էս ազգը բերել հավատքի, մեկ էլ ուզում ենք ռազմականացնել հասարակությանը: Ուզում ենք, որ զինվորականները կառավարեն: Գյուղապետեր, մարզպետներ, թաղապետեր, անգամ կառավարության անդամներ, բոլորը զինվորականներ լինեն եւ ամբողջ ազգը հավատքի գնա ու զինվի: Մենք քննադատող կուսակցություն չենք լինելու, ասեմ ձեզ: Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, չեզոք դիրք ենք գրավելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Կուսակցություն հիմնադրելու հայտ է ներկայացրել նաեւ «Օրրանը»: Համագումարը նախատեսվում է փետրվարի 26-ին: Կուսակցության հիմնադիրներից Վիգեն Դավթյանն ասաց, որ նոր անունով կուսակցություն չէին հիմնի, եթե երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության լիցենզիան նրա որդիները տային իրենց: Դավթյանը եղել է այդ կուսակցութան երիտթեւի անդամ եւ «Ժողովրդավարական ուղին» է համարում միակ մաքուր մնացած կուսակցությունը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031