Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատական չի տրվել Շահնազարյանների ընտանիքի կողմից կատարված հանցագործություններին, իսկ ինչ վերաբերել է Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, արվել է անհնարինը. ՀԺ

Հունվար 22,2021 09:00

Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի մեղադրանքը խստացվել է, առաջադրված մեղադրանքներին ավելացել է նաեւ շորթումը: Այսպիսով՝ Ռաֆիկ Հայրապետյանը մեղադրվում է շորթման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու և ինքնիրավչության համար: Հայրապետյանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ գտնում է, որ այն իրականության հետ կապ չունի: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ ասաց Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ասաց, որ նախաքննության սկզբից մինչև ավարտ գործը քննվել է ուղղորդված, Քրեական դատավարության օրենսգրքի խայտառակ խախտումներով, կողմնակալ: Ըստ պաշտպանի՝ խախտումներով քննելու մասին է վկայում գործով տուժող Հայկ Շահնազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը (Նշենք, որ, ըստ ՔԿ-ի, Շահնազարյանը առանց Հայրապետյանների գիտության վարկի 20 մլն դրամը օգտագործել էր տաքսի ծառայություն հիմնելու համար: Նկատենք, որ վարկը ձևակերպված է եղել Հայկ Շահնազարյանի անվամբ): Մակինյանը վստահեցնում է, որ իրենց ներկայացրած փաստական տվյալներով հիմնավորված էր, որ Հայկ Շահնազարյանը Հայրապետյանների նկատմամբ կատարել է խարդախություն, բայց, ըստ նրա, դա վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվեց քաղաքացիաիրավական հարաբերություններ: «Պրոցեսը ամբողջությամբ եղել է ուղղորդված, պրոցեսը եղել է ոչ թե քաղաքական հետապնդման տարեր պարունակող, այլ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մի մաս է կազմել՝ քրեական հետապնդման փաթեթավորմամբ»:

Ամրամ Մակինյանն ասաց, որ այս ընթացքում Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել գործը քննող քննիչին և դատախազությանը, սակայն այն մերժվել է:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել էր այն: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ պաշտպան Մակինյանի՝ դատարանը արձանագրել է, որ Ռաֆիկ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի՝ ապօրինի ազատությունից զրկելու և ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մասը հիմնավորված չէ. «Դատարանը արձանագրեց, որ այս հոդվածներով հիմնավոր կասկածը բացակայում է: Այն պայմաններում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է, չի կարող խոսք լինել մեղադրանքի մասին: Այնուամենայնիվ, վարույթ իրականացնող մարմինը շարունակում է այս քաղաքական պատվերի իրականացումը»,- նշեց պաշտպանը:

Նա ասաց, որ գործը իրենց կողմից ներկայացված փաստերի մասով քննվել է բացարձակ մակերեսորեն, գնահատական չի տրվել Շահնազարյանների ընտանիքի կողմից կատարված հանցագործություններին, իսկ ինչ վերաբերել է Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, արվել է անհնարինը. ըստ նրա՝ հակառակ կողմի պարագայում հովանավորչություն է դրսևորվել:

Աննա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031