Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի «կարգավիճակը»

Հունվար 22,2021 10:00

«Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը», – 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

2021 թվականի հունվարի 20-ին, պատասխանելով պատգամավորի հարցին, արդեն վարչապետի պաշտոնում Փաշինյանն ասել է՝ «Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Շուշին «հայոց արժանապատվության միջնաբերդ է», եւ դրա ազատագրումը «դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակ է» (ինչի հետ ես 100 տոկոսով համաձայն եմ), ապա այդ քաղաքն իր կարգավիճակով հայկական է: Հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ վարչապետը 2019 թվականի մայիսի 9-ին Շուշիում, երբ խմում եւ պարում էր՝ դարձյալ այդ քաղաքի ազատագրման առիթով, եթե այդ քաղաքի կարգավիճակը ադրբեջանական է: Կամ՝ գուցե Փաշինյանը հրաժարվե՞լ է «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսից. համենայնդեպս՝ նա պետք է վերապահում աներ՝ «Արցախը Հայաստան է, բացի Շուշիից»:

1992թ. մայիսի 8-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի սկիզբը Շուշիի կարգավիճակը հայկական էր, եւ այդ քաղաքը բացարձակապես դժբախտ եւ դժգույն չէր: Այնտեղ էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը, ինչը նույնպես, կարծում եմ, խոսում է «հայկական կարգավիճակի» օգտին: Շուշիում են, մասնավորապես, գտնվում 4 թանգարաններ՝ Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը: Վերջինիս ցուցասրահում են (էի՞ն) Սարյանի, Գառզուի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի գործերը:

Հայկական պետության ղեկավարը, ինձ թվում է, պետք է ոչ թե շեշտի քաղաքի «ոչ հայկական կարգավիճակը», այլ միջազգային ատյաններում բարձրացնի այս մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը: Թե՞ մեր նկարիչների կարգավիճակը նույնպես փոխվել է ռազմական պարտությունից հետո:

Այո, 1988 թվականին Շուշիում մեծամասնություն էին կազմում ադրբեջանցիները. այդ ազգի ներկայացուցիչներով քաղաքը բնակեցնելը մի քանի տասնամյակ տեւող Կրեմլի եւ Բաքվի քաղաքականության արդյունք էր: Համոզված եմ, որ անկախ Հայաստանի քաղաքացիները եւ իշխանություններն իրենց դատողություններում չպիտի հիմնվեն այդ արդյունքների վրա: Մենք պետք է առնվազն հիշեցնենք, թե ինչ կարգավիճակ ուներ Շուշին մինչեւ 1920 թվականը, ինչ հայկական կրթական ու մշակութային հաստատություններ կային այնտեղ, որքան հայերեն գրքեր եւ թերթեր են այնտեղ հրատարակվել, որքան հայ գիտնականներ եւ արվեստի գործիչներ են այդ քաղաքում արել իրենց առաջին քայլերը: Պարտությունն ու Շուշիի հանձնումն արդարացնելու համար իրավունք չունենք անտարբեր լինել մեր իսկապես փառահեղ հաղթանակների, մեր պատմության եւ մշակույթի հանդեպ:

…Իսկ 20-30 տարի մեր դպրոցական դասագրքերում գրվելու է. «Հայկական հոգեւոր եւ մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին ազատագրվել է Տեր-Պետրոսյանի օրոք, ադրբեջանցիներին է հանձնվել Փաշինյանի օրոք…»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ուրեմն՝ վստահ ենք արդէն որ «20-30 տարի ետք», Շուշին դեռ մնալու է ադրջեջանցիների՞ն…

    Ի դէպ, թէ որ մեր Պատմութիւնը արձանագրելու է թէ՝ « Շուշին ազատագրվել է Տեր-Պետրոսյանի օրոք, ադրբեջանցիներին է հանձնվել Փաշինյանի օրոք…», այո, արդար է: Սակայն երեւի այդ երկու հաստատումների միջեւ, նաեւ նշուելու է այն իրողութիւնը որ Շուշին ՝ «…պահուել է, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք…» :

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան, իսկ վստահ ե՞ք, որ 20-30 տարի հետո Հայսատանը լինելու է, որ դեռ դասագիրք հրատարակի: Այսօրվա իշխանության պահվածքը նման բան չի ենթադրում: Կամ եթե լինելու է: այսօր հրատարակում են գրքեր, ուր 30 տարի առաջվա՝ արցախյան առաջին պատերազմի մասին, մեղմ ասած, սխալ բաներ են գրված:
    Ձեր նշած 30 տարի անց, եթե Հայաստանը դեռ լինի, եթե իշխանությունը լինի վերջին 30 տարվա բոլոր իշխանությունների նման ճղճիմ ու մանրախնդիր, դասգարքերի բովանդակությունը կախված կլինի իշխանության քմահաճույքներից: Եվ չի բացառվում, որ գրվի «ազգափրկիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերհանճարների կառավարությունը եղբայրական Ադրբեջանին է վերադարձրել իրենց Շուշին, որ 28 տարի ծանր բեռ էր Հայաստանի համար՝ դժգույն քաղաքն էր»:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Կարելի է արդյո՞ք գտնել թեկուզ մեկ թուրքի, որը 1992-2020 թվականների մասին հրապարակայնորեն ասած լինի. «Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 99 եւ ավելի տոկոս հայկական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը ադրբեջանակա՞ն է իր այդ կարգավիճակով»: Հաստատապես՝ ո՛չ: Այդպիսի թուրք երեւի թե նույնիսկ հնարավոր չլինի գտնել: Դե իսկ փաշինյանի համար պատմությունը կանգ է առել 1988 թվականին ու վերսկսվել 2018-ի թավշյա խեղկատակությամբ. միջանկյալ ժամանակահատվածը դատարկություն է եղել՝ կատարելապես դժբախտ ու համատարած դժգույն: Չարչի քիրվայականների համար իսկական երջանկությունը սկսվում է Շուշիի, Շուռնուխի ու Մեղրու հանձնումով, սահմանները կբացվեն ու Հայաստանը կդառնա մի չքնաղ թուրքական վիլայեթ՝ Աջարիայի կարգավիճակով…

  4. Լավատես says:

    ՝Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:՝ Է. Ռուզվելտ.

    Մարդկանց քննարկելը զզվեցրել է, իրադարձություններ քննարկելն էլ հոգնեցրել է, կարոտ ենք խելացի ուղեղների գաղափարների, լուծումների ու գործողությունների:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Փաշինյանի ամեն մի նոր վնգստոցը ելույթը վկայում է, որ տգիտության եւ դավաճանության միջեւ համառ մենամարտում հաղթում է այնուամենայնիվ դավաճանությունը: Այսպես թե այնպես, մենք գործ ունենք թշնամու բացահայտ կամակատարի հետ, որն արդեն սպառնալիք է դարձել Հայաստանի համար՝ առավել քան էրդողանն ու ալիեւը միասին վերցրած: Այն պողոսներին, որոնք արդարացնում են ժողովրդի վարչապետի ամեն մի բարբաջանքը, առաջարկում եմ կարդալ Շուշիի մասին գրված մի բանաստեղծություն, որի հեղինակն է Օսիպ Մանդելշտամը: Նա իր կնոջ հետ 1931 թ.
    ականատես է եղել, թե ինչպես է հայկական քաղաքը դարձել ավերակ 1920 թ. կոտորածից հետո…

    Օսիպ Մանդելշտամ – «Կառապան»
    Осип Мандельштам – Фаэтонщик

    Լեռնանցքում այդ բարձրաբերձ,
    Թաղամասում մահմեդական
    Խրախճանք էր մահվան հետ,
    Ահավոր էր՝ զերթ երազ:

    Մեզ հանդիպեց մի կառապան,
    Կարծես դեւ էր նա քշում,
    Արեւահար չամչի նման,
    Միատարր ու մռայլագույն,

    Արաբի պես մերթ բղավում,
    Մերթ անիմաստ գոռում էր “ցո”,
    Նա դեմքն էր իր պահպանում
    Որպես մի վարդ կամ դոդոշ:

    Իր կաշվեղեն դիմակի տակ
    Դաժան գծերը թաքցրած՝
    Քշում էր իր սայլը առաջ
    Խռպոտվելու աստիճան:

    ԵՒ հրելով, բրթբրթելով,
    Ինչպե՞ս սարից մենք իջնենք –
    Պտտվում ենք կառքերով,
    Հյուրատներով այդ դժգույն…

    Արթնացա ես. կանգ առ, ընկեր,
    Գրողը տանի, չէ՞ որ, իրոք,
    Ժանտախտի այդ նախագահը
    Մոլորվել է ձիերով:

    Կծիկով իր անքիթ, տաղտուկ
    Խինդ է տալիս իր հոգուն,
    Որ խաղա մի անվերջ պտույտ
    Հողն այս քաղցր ու թթու:

    Լեռնային Ղարաբաղում, այսպես,
    Գիշատիչ քաղաքում Շուշի
    Ահուսարսափ ապրեցի ես,
    ՈԻ մռայլ էր իմ հոգին…

    Քառասուն հազար մեռյալ պատուհան,
    Ավերակներ ամենուր…
    Աշխատանքի բողբոջը լուռ
    Թաղված է այս լեռներում:

    Ծխից կորած, ամոթից զուրկ,
    Մերկ տներն են հոշոտվում,
    Ու երկինքն է կարծես մաղում
    Ժանտախտ մի մուգ, կապտավուն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031