Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկատուների ցանկում «Արմենիա» օդանավակայանը սրընթաց վայրէջք է կատարել, «Լիդիան Արմենիան»՝ բարձրացել

Հունվար 22,2021 14:00

2020 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը:

Անցյալ տարի այս ընկերությունը վճարել է 50 միլիարդ 671 միլիոն 32 հազար դրամ հարկ:

2019-ին «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն նույնպես առաջին տեղում է եղել, բայց վճարել է մոտ 7 միլիարդով ավելի հարկ՝ 57 միլիարդ 49 միլիոն 477 հազար դրամ:

Հարկատուների ցանկը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն, որտեղ արտացոլված է 2020-ի հունվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը: 2020 եւ 2019 թվականների ցանկերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում բռնկված կորոնավիրուսի եւ նաեւ արցախյան պատերազմի պատճառով մի շարք տնտեսվարողներ զգալի վնասներ են կրել՝ հետեւաբար նաեւ ավելի պակաս հարկեր են վճարել:

2020-ին ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն , որը պետբյուջե է վճարել է 45 միլիարդ 548 միլիոն 610 հազար դրամ: 2019-ին գազամատակարար այս ընկերությունը եղել է ցանկի 3-րդ տեղում՝ վճարելով մոտ երկու միլիարդ դրամով պակաս հարկեր:

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը 2019-ին զբաղեցրել է ցանկի երկրորդ հորիզոնականը, վճարել է 51 միլիարդ 360 միլիոն 135 հազար դրամ հարկ: 2020-ին կոմբինատի վճարած հարկերը էական պակասել են: Գտնվելով ցանկի 3-րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը վճարել է 41 միլիարդ 689 միլիոն 281 հազար դրամ:

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը, որը հանրությանը հայտնի է որպես Սոթքի հանքավայր, 2020-ին հարկատուների ցանկի 4-րդ տեղում է: Նրա՝ պետության վճարած հարկերը կազմել են 23 միլիարդ 19 միլիոն 732 միլիարդ դրամ: 2019-ին սակայն, այս հանքավայրը ավելի ցածր հորիզոնականներում է եղել, վճարած հարկերն էլ՝ 9 միլիարդ 354 միլիոնով պակաս:

Նոր հրապարակված ցանկի 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ը: Այս տարի ծխախոտ արտադրող «Մասիս տաբակը» վճարել է 18 միլիարդ 794 միլիոն 418 հազար դրամ, 2019-ին, գտնվելով 4-րդ տեղում, վճարել է 19 միլիարդ 223 միլիոն 271 հազար դրամ հարկ: «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը ցանկի 6-րդ հորիզոնականում է, պետբյուջե է վճարել 17 միլիարդ 997 միլիոն 998 հազար դրամ հարկ: 2019-ին «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ի վճարած հարկերը կազմել են 14 միլիարդ 53 միլիոն 817 հազար դրամ: Ընկերությունը եղել է ցանկի 7-րդ տեղում:

2020-ին «ՖԼԵՇ»-ի վճարած հարկերը կազմել են 16 միլիարդ 81 միլիոն 319 դրամ: Նա մեկ հորիզոնականով դիրքերը 2019-ի համեմատությամբ զիջել է, հարկերը նույնպես պակաս են եղել: Անցյալ տարի «Ֆլեշը» ցանկի 7-րդ տեղում էր, 2019-ին՝ 6-րդ հորիզոնականում՝ վճարելով 15 միլիարդ 990 միլիոն 106 դրամ: Հարկատուների ցանկի 8-րդ տեղում «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն է:

Անցյալ տարի այս ընկերությունը պետբյուջե է վճարել է 15 միլիարդ 223 միլիոն 861 հազար դրամ հարկ: 2019-ին՝ գտնվելով ցանկի նույն հորիզոնականում, ավելի քիչ հարկ է վճարել՝ 13 միլիարդ 700 միլիոն 358 հազար դրամ: Ցանկի 9-րդ հորիզոնականը զբաղեցնում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որի պետբյուջե վճարած հարկերը 2020-ին կազմել են 14 միլիարդ 706 միլիոն 991 հազար դրամ: 2019-ին այս ընկերությունը 5-րդ հորիզոնականում է եղել եւ վճարել է 16 միլիարդ 44 միլիոն 136 հազար դրամ: Ցանկի տասնյակը եզրափակում է բջջային կապի օպերատոր «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերությունը՝ իր վճարած 13 միլիարդ 14 միլիոն 380 հազար դրամ հարկերով: 2019-ի համեմատությամբ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ը չորս հորիզոնականով դիրքերը բարելավել է, վճարած հարկերը նույնպես մոտ 5 միլիարդով ավել են եղել:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունը 2020-ին վճարել է 10 միլիարդ 757 միլիոն 769 հազար դրամ: 21019-ին՝ նույնպես գտնվելով ցանկի 11-րդ տեղում, այդ տարին սակայն, ավելի շատ հարկ է վճարել՝ 12 միլիարդ 21 միլիոն 397 հազար դրամ:

2020-ին «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ նույն ինքը «Բիլայն» ընկերությունը վճարել է 8 միլիարդ 839 միլիոն 22 հազար դրամ հարկ: 2019-ին, երբ դեռ այս ընկերությունը վաճառված չէր եւ կոչվում էր «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ», գտնվելով ցանկի 10-րդ տեղում վճարել է 12 միլիարդ 238 միլիոն 313 հազար դրամ: Անցյալ տարի «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն ցանկի 12-րդ տեղում էր: 2020-ին «ՅՈՒՔՈՄ» ընկերությունը զբաղեցրել է ցանկի 13-րդ հորիզոնականը՝ պետական բյուջե վճարելով 8 միլիարդ 227 միլիոն 308 հազար դրամ: 2019-ին գտնվելով 18-րդ տեղում վճարել է 8 միլիարդ 941 միլիոն 372 հազար դրամ հարկ:

«ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունը նոր ցանկի 14-րդ տեղում է: Այս ընկերությունը պետությանն է վճարել 7 միլիարդ 892 միլիոն 425 հազար դրամ: Նախանցյալ տարի «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը ավելի ցածր դիրքերում է եղել: Գտնվելով հարկատուների ցանկի 22-րդ տեղում պետբյուջե է վճարել է 6 միլիոն 910 միլիոն 27 հազար դրամ:

Անցյալ տարի նախորդ տարվա համեմատությամբ, ցանկում դիրքերը յոթ հորիզոնականով բարելավել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»-ը: Գտնվելով 18-րդ տեղում, ատոմակայանը վճարել է 7 միլիարդ 262 միլիոն 469 հազար դրամ հարկ: 2019-ին այս կառույցի՝ պետությանը վճարած հարկերը կազմել են 6 միլիարդ 327 միլիոն 55 հազար դրամ:

Քաղցրավենիք արտադրող «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը 2019-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում ավելի լավ դիրք է զբաղեցրել, վճարած հարկերն էլ անցյալ տարվա համեմատությամբ մոտ երկու միլիարդով ավել են եղել: Գտնվելով 26-րդ հորիզոնականում «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն այդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 6 միլիարդ 303 միլիոն 823 հազար դրամ հարկ:

2020-ին «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն 31-րդ տեղում է հայտնվել: Անցյալ տարի ցանկում դիրքերը բարելավել է նաեւ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ը, որը գտնվելով 46-րդ տեղում է, պետությանը վճարել է 3 միլիարդ 440 միլիոն 134 հազար դրամ հարկ: 2019-ին գործարանը գտնվելով ցանկի 49-րդ տեղում, վճարել է 3 միլիարդ 682 միլիոն 481 հազար դրամ:

Ցանկում սրընթաց վայրէջք է կատարել «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ընկերությունը: Եթե օդանավակայանը 2019-ին եղել է ցանկի 16-րդ տեղում եւ պետությանը վճարել է 9 միլիարդ 342 միլիոն 772 հազար դրամ հարկ, ապա 2020-ին, գտնվելով ցանկի 37-րդ տեղում, վճարել է 4 միլիարդ 64 միլիոն 959 հազար դրամ: 2020-ին «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ն եղել է ցանկի 40-րդ տեղում՝ վճարելով 4 միլիարդ 9 միլիոն 660 հազար դրամ հարկ, 2019-ին երկաթուղին 43-րդ տեղում է եղել, վճարած հարկերն էլ կազմել են 4 միլիարդ 342 միլիոն 429 հազար դրամ:

Անցյալ տարի հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը չաշխատելով պետությանը վճարել է 3 միլիարդ 33 միլիոն127 հազար դրամ հարկ եւ գտնվել է ցանկի 56-րդ տեղում: 2019-ին Լիդիանը լինելով ցանկի 444-րդ տեղում, վճարել է 407 միլիոն 362 հազար դրամ հարկ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031