Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հրադադարից հետո հայկական կողմը զինվորներին դուրս չի բերել թշնամուն հանձնված տարածքներից

Հունվար 22,2021 13:30

«Թուրան» ծրագրի իրականացումը ԼՂ պատմական տարածքների 70 տոկոսը թշնամուն օտարելուց հետո դառնալու է հայ ժողովրդի համար երկրորդ աղետը

Որքան էլ գործող իշխանությունները մոլորեցրին հասարակությանը, բայց ակնհայտ էր, որ հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի լիդերների միջեւ քննարկման առարկան համարվում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի դրույթները:

Այսինքն՝ շրջափակված հաղորդակցության ճանապարհների բացումը: Քննարկմամբ կողմերը հավանություն են տվել ծրագրին, եւ համաձայնության եկել փոխվարչապետների մակարդակով այն իրականացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նկատենք, որ այս ծրագիրը քաղաքական բնույթ ունի եւ կապ չունի ծագած ռազմական գործողությունների հետ: Ուստի փորձենք դիտարկել, թե այդ ծրագիրը ինչու է հայտնվել հրադադարի համաձայնագրում:

Հիշյալ ծրագիրը, որին Անկարան եւ Բաքուն անվանում են «Թուրան», նորույթ չէ, այլ վիճարկվել է խորհրդային ժամանակներից եւ հիմնական նպատակը Ադրբեջանի արեւմտյան տարածք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Մեղրիի միջանցքով Ադրբեջանին միացնելը կամ կապ հաստատելն է:

Վաղեմի այդ պահանջն այժմ եռակողմ համաձայնագրում շեշտադրվել է հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»:

Նկատենք, որ խորհրդային տարիներին «Թուրան» ծրագրի հեղինակներից հայր Հեյդար Ալիեւը զբաղեցնելով խորհրդային միության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, նախարարների խորհրդի քննարկմանն է ներկայացրել «Թուրան» ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիմանել է եւ հայտնի գիտնականների եւ փորձագետների բացասական եզրակացությունը ստանալով` կարողացել է տապալել ծրագրի ընդունումը:

Լայն իմաստով «Թուրանը» միայն Նախիջեւանն Ադրբեջանին միացնելը չէր, այլեւ` Թուրքիային հնարավորություն է տրվում ցամաքային եւ երկաթուղային ճանապարհներով դուրս գալ հյուսիս ու հարավ, դեպի կասպիական գոտու մուսուլմանական երկրները, թուրքալեզու բնակավայրեր, Չինաստան, Հնդկաստան եւ այլն:

Մոսկվայի քննարկման արդյունքներից ոգեւորված Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով Հայաստանին ճանապարհ տալ Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատելու համար: Իսկ Ռուսաստանը կարող է օգտվել այդ ճանապարհից՝ ցամաքային կապ հաստատելով Թուրքիայի հետ:

Քննարկմանը Հայաստանի վարչապետը, ով Ալիեւի հետ նոյեմբերի 9-ին հեղինակել է քննարկվող դրույթը, վերահաստատեց ծրագիրը, բայց իրեն հատուկ ձեւով բողոքեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ գերիների փոխանակումը մնում է չլուծված:

Նախապայմանի տեսքով այդ բողոքներին կողմերը ուշադրություն չդարձրին, քանզի այն դուրս էր օրակարգի առարկայի թեմայից եւ դրանով իսկ վարչապետի աթոռը զբաղեցնողն ապացուցեց իր դիվանագիտական տկարությունը, քանզի.

Ա. Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ դրույթներ գոյություն չունեն, իսկ այդ հարցը մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի իրավասության մեջ:

Բ. Հրադադարի համաձայնագրի միջնորդ կողմը՝ հանձին ՌԴ նախագահ Պուտինի, բազմիցս ներկայացրել է ԼՂ կարգավիճակի մասին Ռուսաստանի դիրքորոշումը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ, ուստի միջազգային իրավունքի տեսանկյունից այն համարվում է Ադրբեջանի տարածք եւ նրա տարածքային ամբողջականության անբաժանելի մասը: Իսկ կարգավիճակը լուծվելու է ավելի ուշ:

Գ. Գերիների փոխանակման հարցը կարգավորվում է զինադադարի համաձայնագրի մեկ այլ դրույթով:

Փորձենք պարզաբանել նաեւ գերիների խնդիրը:

Ըստ 12 օգոստոսի 1949 թվականի Ժնեւի «Ռազմագերիների վերաբերյալ» կոնվենցիայի 118 հոդվածի, ռազմագերիներն ազատվում են կամ վերադարձվում այն պահից, երբ դադարեցվում են ռազմական գործողությունները:

Ուստի Ադրբեջանի եւ Հայաստանի կողմերը պարտավոր են կոնվենցիայի պահանջները կատարել անվերապահ, անհապաղ եւ առանց նախապայմանների:

Ըստ ՌԴ ԱԳՆ Լավրովի պարզաբանումների, ռազմագերիների` բոլորը-բոլորի դիմաց փոխանակմանը խոչընդոտող խնդիր է առաջացել, կապված Երեւանին 62 զինվորականներին վերադարձնելու հեռանկարի հետ, ովքեր Հադրութի շրջանում գերեվարվել են մարտական գործողություններից հետո:

Ադրբեջանը նրանց համարում է ոչ թե ռազմագերիներ, այլ հանցագործներ կամ ահաբեկիչներ եւ քրեական հետապնդում է սկսել: Ըստ Լավրովի, այդ խնդիրը քննարկվելու է հատուկ կարգով:

Հարց է ծագում. ինչու եռակողմ համաձայնագրում սահմանված ժամկետներում հայկական կողմը զինվորներին դուրս չի բերել թշնամուն հանձնված տարածքներից, հետեւաբար, պատկան մարմինները պետք է հետաքննություն կատարեն եւ համակողմանի պարզաբանեն բոլոր հանգամանքները:

Իսկ իշխանությունները դիվանագիտական լուծումներ գտնեն մեր զինվորականներին հայրենիք վերադարձնելու համար:
Իմ պատկերացմամբ, հունվարի 11-ին Մոսկվայում քննարկված «Թուրան» ծրագրի գործարկումն ակնհայտորեն բխում է այլոց շահերից, որովհետեւ.

1.«Թուրանի» միջոցով Թուրքիան եւ Ադրբեջանը դառնում են միացյալ պետություն եւ ցամաքային, երկաթուղային ճանապարհներով դուրս են գալիս մուսուլմանական աշխարհ, որով հիմք է դրվում Օսմանյան կայսրության վերածննդին (Ռուսաստանը հետագայում կզգա դրա դառը պտուղները):

2.«Թուրանի» միջոցով Ռուսաստանը ցամաքային եւ երկաթուղային ճանապարհով կապ է ունենում Թուրքիայի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի պետությունների, Սիրիայի, Իրաքի հետ, որը Ռուսաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունի:

3.«Թուրանի» կամ Մեղրիի միջանցքի պարագայում, Հայաստանը հայտնվում է թուրք-ադրբեջանական բարբարոսների ծուղակում կամ թակարդում, թուլանում է մեր երկրի անվտանգությունը եւ ուզած ժամանակ թուրքերն անարգել կարող են օկուպացնել Սյունիքը եւ Հայաստանը:

Իսկ այն գաղափարը կամ իշխանությունների հավաստումը իբր հաղորդակցական ճանապարհների բացումը խթանելու է ապրանքաշրջանառությունը եւ տնտեսական աճը, խաբկանք է եւ անհեռանկարային. հասարակությանը մոլորության մեջ են գցում:

Հետեւաբար, «Թուրան» ծրագրի իրականացումը ԼՂ պատմական տարածքների 70 տոկոսը թշնամուն օտարելուց հետո դառնալու է հայ ժողովրդի համար երկրորդ աղետը:

Սյունիքը, այդ թվում Մեղրին, որը մեր ամրոցն է, անառիկ պահելու համար հայ ժողովուրդը արյուն է թափել եւ ավելի քան հարյուր տարի է՝ համայն հայությունը եւ նրա էլիտան համառորեն մերժել են «Թուրան» ծրագիրը:

Բայց Նիկոլը, ով ոչ կռվել է, ոչ էլ իր մտավոր կարողություններով հայ էլիտայի մասն է կազմում, փողոցից հայտնվելով` միանձնյա, առանց ժողովրդի կարծիքը հայցելու, քմահաճորեն եւ չգիտակցելով վտանգավոր հետեւանքները` հողեր ու միջանցքներ է հանձնում թշնամուն, խարխլելով ՀՀ ինքնիշխանության եւ Արցախի անվտանգության հիմքերը, իսկ մենք` ժողովուրդը, դեռ հանդուրժում ենք նրան եւ նվաստանում թշնամու առաջ:

Հանձնեցին նաեւ Շուշին, իսկ Նիկոլն այդ քաղաքը համարեց դժգույն, բայց այժմ թուրքերը կոչ են անում Շուշին դարձնել մուսուլմանական աշխարհի մայրաքաղաք:

Հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանը մի հեքիաթ ունի. «Խելոքն ու հիմարը»: Խորհուրդ է տրվում նորից կարդալ եւ խելքի գալ, քանի որ Նիկոլը վարչապետի պաշտոնում մնալու դեպքում կորցնելու է ամեն ինչ:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
21.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031