Մանսուրյանական այս խոսքերը կոմպոզիտորի համար դաս են եղել
Հոլանդաբնակ կոմպոզիտոր Արթուր Նիկողոսյանի (Կոնս) վերջին տարիների ստեղծագործությունները, ավելի ճիշտ՝ երգերը, սոուլ-փոփ ժանրում են, որոնց կատարմամբ հանդես են եկել շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանը, Լիաննան, Արմինկան, Արման Էլբերտը, Մայքլ Քոթանջյանը եւ մյուսները։
Եթե չենք սխալվում, նրա վերջին երգը՝ «Մամ», Սոնա Շահգելդյանի հիանալի կատարմամբ, կոմպոզիտորը թեեւ նվիրել էր իր մայրիկի հիշատակին, բայց այս պատերազմից հետո կարծես հարազատացավ բոլոր որդեկորույս մայրերին։
1991թ. Հոլանդիա տեղափոխված կոմպոզիտորի դասական ժանրում ստեղծագործած երկերի մասին առիթի դեպքում նրա ավագ կոլեգաները հիշում են 1980-ականների վերջերը, երբ երիտասարդը մեկը մյուսի հետեւից ներկայացնում էր իր կոնցերտները, վոկալ ստեղծագործությունները եւ այլն։
Կարդացեք նաև
Մի առիթով ժամանակին մեզ հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հիացմունքով է խոսել Երեւանի կոնսերվատորիայի իր դասարանն ավարտած, Կոմպոզիտորների միության Երիտասարդական սեկցիայի անդամ Արթուր Նիկողոսյանի մասին, հիշատակելով Պարույր Սեւակի խոսքերով գրված նրա «Օգնիր ինձ, Մարիամ» ստեղծագործությունը, որին հաջորդել են երիտասարդ ստեղծագործողի Ալտի եւ նվագախմբի կոնցերտը, Կոնցերտ-ռապսոդիան դաշնամուրի համար եւ այլն։ Ի դեպ, կոմպոզիտորն ուսանել է նաեւ Էդգար Հովհաննիսյանի ղեկավարությամբ։
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հարցին՝ այլեւս չի՞ ստեղծագործում դասական ժանրում, մանավանդ մեզ հայտնի է, որ նրա երգերով հանդես են եկել հոլանդացի եւ իսպանացի կատարողներ, մեր զրուցակիցը նշեց, թե 1990-ականների սկզբից, ճիշտ է, տեղափոխվել է Հոլանդիա, բայց, իր խոսքերով՝ ապրում եւ ստեղծագործում է ե՛ւ այնտեղ, ե՛ւ հայրենիքում. «Երբ տեղափոխվեցի Հոլանդիա, բացառապես ամեն օր ականջիս հնչում էր դասախոսիս՝ Տիգրան Մանսուրյանի հետեւյալ խոսքը. հայրենիքից հեռացած ստեղծագործողը երբ լքում է իր հողը, էդ հողից սնունդ չի ստանում։ Այ թե ինչն է պատճառը, որ եւ այստեղ եմ, եւ այնտեղ։ Ինչ վերաբերում է դասական ժանրին, իհարկե, ստեղծագործում եմ եւ չեմ կարծում, որ բարձրակարգ ուսում ստացած կոմպոզիտորի համար պետք է լինի ժանրային սահմանափակում, թեպետ, ինչ խոսք, կան ստեղծագործողներ, որոնք ունեն նախասիրություններ։ Գրում եմ նաեւ երաժշտություն ֆիլմերի համար։ Կառանձնացնեի ճանաչված կինոռեժիսոր Ռիկարդո Պաուինիի «Սեւ կամրջից այնկողմ» ֆիլմը, որի երաժշտությունն, ինչպես ասում են՝ «ապրում է» նաեւ առանց ֆիլմի»։
Զրույցի ընթացքում կոմպոզիտորը հայտնեց, որ դասավանդում է նաեւ Խրոնինգեն քաղաքի կոնսերվատորիայում եւ կանխելով մեր հարցը, թե Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում ինչպե՞ս է շարունակում մանկավարժական գործունեությունը, ասաց, որ ոչ միայն քովիդի պատճառով, այլեւ մինչ այդ էլ իրեն օգնության է հասել համացանցը. աշխատում է օնլայն։
Մեր զրուցակցից կարծիք խնդրեցինք հայաստանյան շոու-բիզնեսի եւ ընդհանրապես վերջին 20-25 տարում ստեղծվող երգերի մասին։ Կոմպոզիտորը անմիջապես պատասխանեց՝ «առանց մեկնաբանության», բայց որոշ դադարից հետո ասաց. «Յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի։ Հաճախ են հնչում երգեր՝ համեմված ադրբեջանական մելիզմներով, ինչը հայերիս, միանշանակ, պատիվ չի բերում»։
Կոմպոզիտորին հիշեցրինք Ռաֆայել Քոթանջյանի հոբելյանական՝ ծննդյան 70-ամյակին նվիրված «Արտիստը» երգը՝ սիրված դերասանի որդու՝ Մայքլի կատարմամբ եւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ինքը, ըստ մեր տեղեկությունների, ոչ Հոլանդիայում, ոչ էլ այստեղ չի նշել իր ծննդյան եւ ստեղծագործական կյանքի «կլոր» թվերը։ Արվեստագետն ասաց, որ ստեղծագործականի «մասով» իր 30-ամյակն է, բայց հիմա եւ առաջիկայում էլ, հասկանալի պատճառով, դրա ժամանակը չէ։ Հետո էլ հավելեց, թե ինչպես պատերազմյան, այնպես էլ հետպատերազմյան օրերին Հոլանդիայի հայ համայնքը լծված է հայրենիքին օգնելու գործին։ Նա համոզված է, որ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ, անկախ մասնագիտությունից, պետք է մտածի հայրենիքին սատարելու մասին, մանավանդ որ՝ ճգնաժամ է ոչ թե մեկ-երկու, այլ բացառապես բոլոր ոլորտներում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2021