Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլում չեն կողմնորոշվում՝ Ադրբեջանը «մի մեծ թուրքական բենզալցակայա՞ն» է, թե՞ Թուրքիայի հետ՝ սպառնալիք

Հունվար 22,2021 12:00

Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ՀՀ-ին անուղղակի մեղադրեց պատերազմը հրահրելու մեջ՝ անտեսելով Ադրբեջանի քսանամյա ռազմատենչ քաղաքականությունը

Անցյալ տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները տարատեսակ մեկնաբանությունների առիթ հանդիսացան:

Մոսկվան արդեն մի քանի անգամ, տարբեր առիթներով, շեշտում է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված, հետեւաբար, դա ապագայում քննարկվելիք հարց է։ Ու բոլոր առիթներով, սա ասելուց հետո, մի տեսակ՝ իմիջիայլոց, ռուսական կողմը պարտադիր կարգով հիշեցնում է, թե՝ «ի դեպ, Հայաստանն անգամ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը…»:

Հետաքրքրական է, եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը՝ ինչպիսին էր լինելու հենց Ռուսաստանի դիրքորոշումը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող պետությունների հետ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կամ՝ հիմա, ընդունենք, պաշտոնական Երեւանը մի օր որոշում է Ադրբեջանին չհանձնած Արցախը ճանաչել՝ ինչպիսի՞ն է լինելու Մոսկվայի դիրքորոշումը…

Բացի այդ, այն, որ ամեն առիթով Մոսկվան հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում՝ դա ե՞րբ նկատի ունեն… Եվ առհասարակ, ինչո՞ւ է Մոսկվան լռություն պահպանում, երբ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի, Ադրբեջանը ուժով լուծել է ղարաբաղյան հակամարտությունը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն, որպես սեպտեմբերյան պատերազմի արյունահեղությունը դադարեցրած պետություն, Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է այս առիթով, բացի հայտարարելը, որ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում, այն պետք է որոշվի հետագայում, բայց ոչ մոտ ապագայում:

Տարիներ շարունակ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանությանը ուշադրություն չդարձնելով, հասցեական կոչեր չանելով՝ միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը բախվեցին Ադրբեջանի կողմից արդեն երրորդ հարձակմանը, երրորդ պատերազմին:

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար անգամ անսպասելի չէր թուրքական զորքի ներգրավումն այդ պատերազմում ու պատերազմական հանցագործությունները խաղաղ հայ բնակչության նկատմամբ, օրինակ, արգելված՝ ֆոսֆորային ռումբերի գործածումն ու այլ հանցագործությունները:

Հիմա պատերազմում պարտված կողմին մեղադրողների պակաս չի զգացվում. ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի արտգործնախարարը ուշադրություն է հրավիրում ժամանակին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մի «էմոցիոնալ» հայտարարության վրա՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:

Ստեղծվել է, փաստորեն, մի իրավիճակ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից պետությունը հայկական կողմին, ըստ էության, անուղղակի մեղադրում է պատերազմը հրահրելու մեջ, այն դեպքում, երբ գրեթե երկու տասնամյակ Ադրբեջանը պատրաստվել է պատերազմի, զինվել է, այդ թվում նաեւ՝ ռուսական զենքով, սպառնացել է Արցախին ու Հայաստանին, պարբերաբար սադրանքներ, դիվերսիոն գործողություններ է իրականացրել սահմանին եւ շփման գծում, ու չի թաքցրել՝ ուժով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում ունեցած իր դիրքորոշումը:

Ընդ որում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սպառնալիքները Հայաստանի հասցեին այսօր էլ դեռ շարունակվում են: Ադրբեջանի նախագահի կողմից վերջին նման հայտարարությունները հնչեցին Շուշիից, իսկ Էրդողանի կողմից, օրինակ՝ դեկտեմբերին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Էնվեր փաշային հիշատակելը… Բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս պետություններին, ոչ Ռուսաստանին դա չի անհանգստացնում:

Անկախ նրանից, որ Ռուսաստանում առկա է փորձագիտական մի շրջանակ, որը Ալիեւին համարում է Էրդողանի ձեռքում խաղալիք, Ադրբեջանը՝ «մի մեծ թուրքական բենզալցակայան», ռուսական շահի տեսանկյունից անընդունելի են համարում Ադրբեջանում ՆԱՏՕ-ի անդամ թուրքական զորքերի առկայությունը, ու Էրդողանին՝ իրական սպառնալիք Հարավային Կովկասում ազդեցության մեծացման հարցում ունեցած իր քաղաքականությամբ, ակնհայտ է, որ այսօր ռուսական ռազմաքաղաքական էլիտան չի ցանկանում, կամ ունակ չէ դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ տարբեր պատճառներով:

Եվ, ի դեպ, դեռ անորոշ է հարցը, թե ինչ է սպասվում Ռուսաստանին՝ Բայդենի իշխանավարումից հետո: Չէ՞ որ կարող է պարզվել, որ Թուրքիային իր հերթին նաեւ ԱՄՆ-ն է դրդելու գործողությունների՝ ընդդեմ մեր տարածաշրջանում ռուսական շահերի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031