Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանին պետք է ազգային իշխանություն, ազգային նպատակներ եւ տեսլականներ»

Հունվար 22,2021 12:30

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ:

– Պարոն Երիցյան, տարեվերջը լի էր դրամատիկ իրադարձություններով մեր երկրի համար, Արցախում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որտեղ գրանցվեց ծանր պարտություն եւ հիմա էլ մենք քաղում ենք դրա հետեւանքները։ Ձեր գնահատմամբ՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, անխուսափելի՞ էր պարտությունը։

– Անշուշտ, հնարավոր էր, մենք դեպի մեր տարածաշրջան դանդաղ շարժվող գործընթացներն արագացրեցինք մեր սխալներով եւ հիմա մեզ հարց ենք տալիս՝ միտումնավո՞ր էին սխալները, թե՞ հիմարության հետեւանք։ Մենք 2018 թվականի ապրիլյան իշխանափոխությունից հետո շատ արագ կորցրեցինք մեր բարեկամների վստահությունը, ինչը շատ դժվար է վերականգնել, անշուշտ ունենալու է որոշակի գին եւ շարունակում ենք դա անել ներկայումս։ Մասնավորապես անհաղորդ մնացինք մեր բարեկամ Ռուսաստանից եկող ազդակներին՝ տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների վերաբերյալ, ապաշնորհ գտնվեցինք եղած անվտանգային ռեսուրսը պահպանելու առումով։ Մենք նաեւ քաղաքական առումով պատրաստ չէինք նման իրադարձությունների, կարծես պատրաստ էինք միայն ստատուս քվոյի պահպանմանը։ Ընդհանրապես դադարեցինք մեր գործընկերների հետ երկխոսել, մտքեր փոխանակել, ազդակներ փոխանցել, ինչը անում էր թուրք-ադրբեջանական կողմը։ Հիմա կանգնած ենք նոր իրողության առջեւ՝ պատերազմին նախորդած շրջանը եւ պատերազմը հանգեցրել են անվտանգության համակարգի երկարատեւ փլուզման՝ ամբողջ անվտանգային համակարգը կազմալուծված է, իսկ նորը կառուցելու համար ժամանակ է պետք, ահռելի նյութական եւ մարդկային ռեսուրսներ։

– Կոնկրետ կարո՞ղ եք մատնանշել այն բացթողումները, որոնք պատճառ հանդիսացան Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման համար։ Ի՞նչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները, որ չի արվել։

– Առաջին պատճառը բանակցային գործընթացը փակուղի տանելն էր, անորոշությունը։ Ամենավատ բանակցություններն ավելի գերադասելի են անորոշությունից, որը անշուշտ պետք է հանգեցներ ռազմական գործողությունների վերսկսման։ Եթե ներքին քաղաքական կյանքում կարելի է հանրության լայն շերտերին հաճո լինել, ապա արտաքին հարաբերություններում քեզ չեն հանդուրժի եւ կգտնես քո այն տեղը, որին արժանի ես, ուղղակի կդադարեն քեզ հետ խոսել, էլ չեմ ասում՝ հաշվի նստել, ինչին ականատես եղանք։ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներով ձեւավորել էր բանակցային հարուստ փորձ եւ պլատֆորմ՝ նպաստելով խաղաղ կարգավորմանը, եւ ոչ թե հայտնվի մեկը ու հայտարարի, որ Արցախը դա Հայաստան է եւ վերջ, որի բացատրությունը դեռ մինչեւ հիմա չի տրվել։

Երկրորդ պատճառն անվտանգության միջավայրի մասին գիտելիքների բացակայությունն է։ Պատերազմի եւ դրա քաղաքական հետեւանքների մասին իրականությունից կտրված պատկերացումները կամ ընդհանրապես պետականության զգացողության, քաղաքական գիտակցության պակասը։

Պատերազմը ցույց տվեց, որ չկար պետության օպերատիվ կառավարում, առանց որի անհնար է հաղթանակը։ Պետական մարմինները պատերազմի օրերին չծառայեցին ռազմական կարիքների համար, կամ միգուցե այդպես էր պետք։ Գիտակցաբար, թե անգիտակից անլրջացանք եւ սկսեցինք ֆեյսբուքյան թամաշան, երբ բոլորը խոսում էին տեղի-անտեղի, կարեւորը՝ բոլորը մասնակցում էին ռազմական գործողություններին, դա «տեխնիկապես» հնարավոր էր։ Ի վերջո, հասարակությունը անհրաժեշտ ազդակները չստացավ, չպատկերացրեց, թե ինչ է տեղի ունենում եւ ամենակարեւորը՝ չուղղորդվեց։ Մենք բավարարվեցինք Ֆեյսբուքի ընձեռած հնարավորություններով, ազգային անվտանգությանը սպառնացող պատերազմը վերածվեց զավեշտի։

Երրորդ պատճառը՝ մենք թույլ տվեցինք Ադրբեջանին ռազմական բալանսը խախտել, մեծացնել ռազմական պոտենցիալը եւ հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Տարբեր գնահատականներով ձեռք բերեցինք այն ռազմատեխնիկական միջոցները, որոնք միգուցե պետք չէին, փոխարենը անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը մնաց թղթի վրա։ Հուսամ՝ մեր պաշտպանական գերատեսչությունը շատ արագ վերլուծություն կիրականացնի եւ հետագա ռազմատեխնիկական վերազինումներում շտկումներ կկատարի։

– Ռազմական գործողությունների վերաբերյալ ոչ հավաստի լրատվությունը բացատրվում էր հասարակությունում խուճապային տրամադրություններ թույլ չտալու գործոնով։ Պաշտպանության նախարարության նման վարքագիծը լրագրության տեսանկյունից ընդունելի՞ եք համարում։

– Ամեն ինչի համար հնարավոր է բացատրություն գտնել, միգուցե շատ գործողություններ կատարվել են ազնիվ մղումներով, միգուցե փորձը չի բավականացրել, բայց ընդհանուր առմամբ մենք չենք կարող այն առանձնացնել ընդհանուր գործընթացներից, ինչ տեղի էր ունենում։ Ամեն դեպքում ներկա իշխանությունները մանիպուլյացիաների մեծ վարպետ են եւ տեղեկատվական դաշտում ակնհայտ է, որ թաքցվել է իրականությունը, որպեսզի որեւէ ներքին ընդվզում տեղի չունենա։ Ներքաղաքական խնդիր են լուծել՝ իրենց համար գործունեության ազատ հնարավորությունը ապահովելու համար։ Ճիշտ հակառակը, երբ ստի մասնաբաժինը այնքան մեծ է, որ պաշտոնական լրահոսին հասարակությունը չէր վստահում այդ ժամանակ, ավելի մեծ էր խուճապի հնարավորությունը, ինչին մենք ականատես ենք նաեւ այսօր։ Մեկ նկատառում եւս՝ այս պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի է տեղեկատվական անվտանգությունը եւ ընդհանրապես այս ուղղությամբ մասնագետներս շատ ժամանակ չունենք եւ արագ հետեւություններ պետք է կատարենք հասարակությանը պաշտպանելու կեղծ տեղեկատվությունից։

– Հետպատերազմյան շրջանում ակտիվացել են մեղավորների փնտրտուքները՝ մեկ ժողովուրդն է մեղավոր, մեկ բանակը, մեկ նախկինները։ Ունե՞ք պատկերացում՝ պարտության համար ով է մեղավոր։

– Կարծում եմ՝ յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը եւ պարտությունը պետք է տանել արժանապատվորեն, եթե հիմա մեր սխալները չվերլուծենք, վաղվա մեր օրն անիմաստ է։ Միշտ էլ պարտությունները եղել են որբ, մարդու տեսակն է այդպիսին։

Անշուշտ, իշխանությունները կրում են պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, իսկ եթե պարզվի, որ պետական դավաճանության մասին թեզը ճշմարտություն է, ապա Աստծո եւ պատմության դատաստանից ահեղ քրեական պատասխանատվությունը հաստատ չի լինի։ Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ ժողովուրդը ազնիվ է եւ շիտակ իր պայքարում, որքանով իրացրեց իր հնարավորությունները, դա արդեն պետական մարմինների խնդիրն է։ Բանակը կռվեց մինչեւ այն պահը, երբ կանգնեցրին, բանակը իր խնդիրը կատարեց։ Բանակում մեղավորներ եթե պետք է փնտրել, ապա առանձին անհատների մեջ։ Ի վերջո, հեշտ է անցյալին հետհայացք ձգելով՝ քննադատելը, քան ողջամիտ գտնվել եւ խուսափել սխալներից։ Ուղղակի պետք էր պատկերացնել պատերազմը ինչ է, որպեսզի կազմակերպել պետության օպերատիվ կառավարումը։ Անփորձ «տուսովշիկ» երիտասարդների ընկերային խումբը ի վիճակի չէ կազմակերպել երկրի օպերատիվ կառավարում ոչ այսօր, ոչ էլ վաղը՝ Աստված մի արասցե։ Եթե մենք արած լինեինք ամեն ինչ չպարտվելու, պատերազմը կանգնեցնելու, նվազագույն կորուստներով դուրս գալու համար, կարելի էր հաշտվել իրականության հետ, սակայն, երբ ամեն օր հարցեր են առաջանում իշխանությունների գործողությունների ազնվության վերաբերյալ, ապա այս պարտությունը դրանով դարձնում ենք ավելի ցավոտ։

– Ձեր քաղաքական փորձառությունն ի՞նչ է հուշում՝ Հայաստանի Հանրապետությունը ներքին եւ արտաքին մարտահարավերներին կարո՞ղ է դիմակայել եւ որքա՞ն ժամանակ կպահանջվի երկիրը վերականգնվելու համար։ Մեր ունեցած հնարավորությունները բավարա՞ր են դրա համար։

– Ամեն ինչ կախված է մեզանից, ժամանակը արագ է հոսում եւ մեզ համար կանգ չի առնելու։ Որքան խելամիտ կգտնվենք ազգովի, այնքան ավելի արագ կվերականգնվենք եւ ի վիճակի կլինենք խնդիրները լուծել։ Մեր անվտանգության համակարգն ամբողջությամբ փլուզված է, դրա հետեւանքով արտաքին քաղաքական օրակարգն է ամբողջությամբ դատարկված։ Ես առայժմ փորձագիտական մակարդակում տեսնում եմ ազդակներ տարբեր արտաքին օրակարգերի վերաբերյալ, սակայն ինչ էլ մենք ընտրենք, առաջնայինը պետք է լինի անվտանգության նոր միջավայրի ստեղծումը։ Արցախյան երկրորդ պատերազմը, այսպես ասած, լակմուսի թուղթ էր Հայաստանի եւ տարածաշրջանի համար նույնպես, որը բոլոր խնդիրները վեր հանեց եւ բերեց օրակարգ, նաեւ մենք տեսանք, թե ինչի ենք ընդունակ, ավելի շուտ ինչերի ընդունակ չենք։ Արցախյան պատերազմը մեզ ցույց տվեց, որ ժամանակակից առաջավոր տեխնոլոգիաները որոշիչ են եւ որքան էլ լինենք խիզախ, ոգով ամուր, նաեւ պետք է ունենանք եւ տիրապետենք զինատեսակների, որոնց ունենալը ենթադրում է գոյություն ունեցող անվտանգության համակարգի ինտեգրում, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերարժեւորում։
– Չասացիք, Ձեր կածիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի մեզանից նորից մեզ վերագտնելու համար։ Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակում վերականգնել տնտեսությունը, երկիրը, հասարակության հավատը։

– Եթե հասարակությունում տիրող բարոյահոգեբանական տրամադրությունները ի նկատի ունեք, ապա արագ կվերականգնվենք, իհարկե՝ խորը հետք կմնա։ Եթե տնտեսությունը վերականգնելու մասին է խոսքը, ապա դա եւս հնարավոր է, թեեւ տնտեսագետների ոչ լավատեսական գնահատականներին՝ հատկապես «թագավարակի» տարածման պայմաններում։ Ամեն դեպքում, կյանքը պայքար է եւ անընդհատ պետք է ելքեր, ուղիներ փնտրել՝ մեծ ու փոքր խնդիրները լուծելու համար։

Աշխարհը սկսել է նոր սպառազինության մրցավազք, ամենուր առկա են լարվածության օջախներ, երկրները սկսել են հիշել միմյանց նկատմամբ ունեցած տարածքային պահանջները եւ դա բնական է, որքան շատ տարածքներ տիրապետես, այնքան մեծ հնարավորություններ կան զարգացման։ Պատերազմները, քաղաքական անկայունություններն արդեն ուղեկցելու են մեզ։ Միջազգային իրավունքը պահպանվում է միայն ֆորմալ տեսանկյունից, տարածաշրջաններն աստիճանաբար ապրանքների, ծառայությունների, էներգակիրների տեղաշարժի դժվարություններ ունեն, ինչը հանգեցնելու է տարբեր ռազմաքաղաքական միավորների ստեղծման, նրանց միջեւ մրցակցության մեծացման, նոր հակամարտությունների։ Սա մեր զարգացման համար լրացուցիչ հնարավորություն կարող է ստեղծել, նաեւ խնդիրներ առաջացնել։ Շատ արագ պետք է քաղաքական ուղիներ փնտրել ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, հասարակությունում հակադրություններն ու պառակտումը չխորացնելու համար։ Քաղաքական կուսակցություններն ու գործիչները պետք է խուսափեն պառակտումից, քաղաքական պայքարը առճակատման վերածելուց։

– Պարոն Երիցյան, հնարավոր համարո՞ւմ եք ռազմական գործողությունների վերսկսումը։ Արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի դիմագրավել հակառակորդին։

– Ես ռազմական գործից չեմ հասկանում, իմ խնդիրը չի դատողություններ կատարելը, ավելին՝ անվտանգության հարցերում ոչ բոլոր խնդիրների մասին պետք է խոսել բարձրաձայն, սակայն դատելով տարբեր փորձագիտական շրջանակների վերլուծություններից, մեր զինված ուժերը կարողացել են պահպանել ֆունկցիոնալությունը։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա այդ հարցը այլեւս ավելորդ է, մշտապես պետք է պատրաստ լինենք ագրեսիայի եւ Արցախում, եւ Հայաստանի սահմաններին։ Այս փուլում մեր բոլորի գլխավոր մտահոգությունը նոր հավանական պատերազմն է եւ պետական համակարգի անկարողությունը, այդ պայմաններում երկրի կառավարելը, խորը անվստահությունը պետական ապարատի նկատմամբ։

Թուրքիան արդեն մուտք է գործել տարածաշրջան եւ շարունակելու է ապակայունացնող, շանտաժի քաղաքականությունը։ ՆԱՏՕ-ն արդեն Կովկասում է եւ կարող է հայտնվել Կասպից ծովի ավազանում, ինչը, բնականաբար, հանգեցնելու է նոր լարվածությունների։

Թուրքիայի ծրագրերը, հավակնությունները զսպելու միակ միջոցը տեսնում եմ Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքի հետ ավելի խորը ինտեգրումը։ Եթե մեծ ջանքեր չգործադրվեն, առաջացած արտաքին քաղաքական վակուումը լրացնելու, բանակցային եւ ինտեգրացիոն գործընթացները խթանելու, օրակարգեր ձեւավորելու համար, ապա Հարավային Կովկասում ձեւավորվելու է ավելի վտանգավոր հակամարտության օջախ, ինչը կարող է վերածվել մեծ բախման, իսկ Հայաստանի տարածքը՝ պատերազմական թատերաբեմի։ Վերջին երկու եւ կես տարիների սխալները չպետք է կրկնել, ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարել, բարեկամ երկրների հետ հարաբերությունները պետք է վերարժեւորել։ Հայաստանին պետք է ազգային իշխանություն, ազգային նպատակներ եւ տեսլականներ։

Զրույցը վարեց ՄԵՐԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031