Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է

Հունվար 21,2021 23:50

13-րդ դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլան, ցանկանալով կարգավորել թաթար-մոնղոլների հետ հարաբերություններում ծագած որոշակի խնդիրներ 1250-ական թվականների սկզբին իր գլխավորած Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր այրերից կազմված պատվիրակությամբ մեկնում է թաթար մոնղոլական զորքերի գլխավոր հրամանատար, մեծ խանի ժամանակավոր պաշտոնակատար Բաթու խանի հետ հանդիպման, որն այդ ժամանակ գտնվում էր Կասպից ծովի ափին՝ Աթլ կամ Վոլգա գետի ափին:

Բաթու խանը մեծ պատվով ընդունում է Արցախի թագավորին եւ նրան հանձնում իր՝ Հասան-Ջալալ-Դոլայի հայրենիքներ Չարաբերդը, Ականան եւ Կարկառը, որ նրանից առաջ խլել էին թուրքերն ու վրացիները, հայտնում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երեւան, 1982թ., էջ 202)։

| Չարաբերդը հռչակավոր Ջրաբերդն է, որ գտնվում է Տրտու (Թարթառ) գետի եւ նրա վտակ Թրղիի միջեւ սեպաձեւ վեր խոյացող ժայռի վրա՝ Երից-Մանկանց վանքից մոտ 3կմ. հարավարեւելք (տե՛ս Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999թ., էջ 284; Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երեւան, 1975թ., էջ 120; Lares MkpTARH, WcropsKO архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989г., с. 52),

| Ականա բերդը գտնվում է այժմյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարավարեւելյան մասում՝ Բալի լեռան ստորոտում, Ականա գետակի ձախ ափին (տե՛ս Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, Երեւան, 1982թ., էջ 130),

| Կարկառը գտնվում է համանուն գետի վրա եւ XV դարի սկզբից սկսած հայտնի է դառնում Շուշի անունով (ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լեւոն Խաչիկյան, մաս 1 (1401-1450թթ.), Երեւան, 1955թ., էջ 384)։

Այսպիսով՝ պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է: Այս ամենից զատ բոլոր մնացյալը թշնամու շահերը սպասարկող գրչա եւ լեզվամարզանքներ են:

Ստեփան Հասան-Ջալալյան

քաղաքագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031