Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական ֆեդերացիան այս տարի նշում է իր հիմնադրման 10 տարին: Այդ կապակցությամբ ֆեդերացիան հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:
«Դե ինչ, 2021թ.-ը մեզ համար հոբելյանական է՝ լրացավ ֆեդերացիայի 10 տարին, և ինչպես ամեն տարի այս տարի ևս դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, խնդրելով մեզ օգնել լեռնագնացությունը ՀՀ-ում զարգացնելու, տարածելու և ամրապնդելու համար: Կարծում էինք, որ վերջին ամիսների իրադարձությունները կարող են բան փոխել, չէ որ պարզ դարձավ լեռնային պայմաններում սպորտային պատրաստության և ճիշտ գործելու խիստ կարևորությունը: Բայց ամեն տարվա պես ստացանք ստանդարտ պատասխան, որ մենք ընդգրկված չենք օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների հավաքական թիմերի կազմում։
Ախր մենք մեռանք բացատրելով, որ լեռնագնացությունը զուտ սպորտաձև չէ, այլ շատ ավելի բան տվող Հայաստանին հենց հիմա և ապագայում: Բայց դե չի ստացվում։ Մեր ուզածն էլ ի՞նչ պետք է լիներ. առաջարկել էինք ՀՀ-ում 10 պրոֆեսիոնալ լեռնային ակումբներին օգնել ֆինանսապես և դրա դիմաց մենք պատկերացնում էինք 6 ամսվա ընթացքում 200 ուսումնական արշավի կազմակերպում ավագ դպրոցականների հետ, որին կներգրավվեին 4000 մասնակից՝ 4000 լեռներ ճանաչող, տեղանքում կողմնորոշվող և 1-ին օգնություն տիրապետող երիտասարդներ կունենայինք: Պարոն Կարեն Գիլոյան, ԿԳՄՍ նախարարության պատասխանը մինչ Ձեր նշանակումն է եղել, կարո՞ղ է Դուք լինեք սպորտի այն առաջին պատասխանատուն, որ կկարողանա օգնել լեռնագնացությանը Հայաստանում։
Բայց մենք իրավունք չունենք երկար սպասել դրական արձագանքի, և նույնիսկ բացասական պատասխանի դեպքում անգործության մատնվելու: Եվ այսպիսով, հիմա մեկնարկ կտանք մեր շրջապատում ինքնակրթության և վերապատրաստման ծրագրերին, կփորձենք դա անել մեր հմուտ Լեռնագնացների, Փրկարարների օգնությամբ, կփորձենք դա անել անվճար ի նպաստ մեր երիտասարդների», – նշված է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։