Քաղաքագետ Աղասի Ենոքյանը այսօր խոսել է արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանին սպառնացող վտանգների մասին: «Եղած զարգացումներից ակնհայտ է, որ Արցախի հարցի այն լուծումը, ինչ որ տվեց այս պատերազմը, ինչ որ տվեց այս իշխանությունը, ամենեւին չավելացրեց Հայաստանի անվտանգությունը: Մենք միշտ, երբ խոսում էինք ղարաբաղյան հարցի որեւէ լուծման մասին, առաջին հերթին փորձում էինք տեսնել, թե ինչքանով է դա ազդելու անվտանգության վրա: Այսինքն, կա ռազմական անվտանգություն, տնտեսական անվտանգության մեխանիզմներ, հումանիտար հարցեր եւ այլն: Այսպիսի լուծումը ընդհանրապես փլուզեց բոլոր տեսակի անվտանգային մոտեցումները: Անվտանգության սպառնալիքները շատացել են տարածաշրջանում:
Երկրորդն այն է, որ այսօր Հայաստանն, ըստ էության, փլուզվող բանակ ունի: Այսինքն, Հայաստանն ինքն իր համար անվտանգության շատ քիչ հնարավորություն ունի: Եվ դրա համար նա բնականաբար, առաջին հերթին դիմելու է Ռուսաստանին:
Ես կարծում եմ հիմա Հայաստանն առաջին հերթին պետք է ակտիվացնի արտաքին քաղաքականությունը, որովհետեւ դրանով կարող է ինչ-որ որոշակի երաշխիքներ բերել: Պետք է սկսել բանակ կառուցելը: Բայց այն, ինչ հիմա թվարկում եմ, այնպիսի բաներ են, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի անելու, չի կարողանալու անել, չի հասկանա, որ պետք է անել: Կամ էլ՝ անգամ չի ուզենա անել, եթե այն տեսանկյունից նայենք, որ սա ոչ թե անկարողների, այլ դավաճանների խումբ է: Ամեն դեպքում խնդիրն այն է, որ ավելանում են սպառնալիքները մեր նկատմամբ եւ դրանց հակադրելու ոչինչ մենք չունենք», ասել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ