Արցախի Մարտակերտ շրջանի Դրմբոն գյուղում քաղաքացիները օրեր առաջ փակել էին ճանապարհը։ Այդպիսով փորձում էին այդ կերպ արգելել Արցախի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժը։
Aravot.am-ի հետ զրույցում Դրմբոնի գյուղապետ Աշոտ Հակոբյանը ասաց, որ գյուղի բնակիչները ոչ թե բողոքում էին, այլ առաջարկություն են արել ռուս խաղաղապահներին․ «Եթե իրենք ուղեկցում են ադրբեջանական ավտոշարասյանը դեպի Քարվաճառի տարածք, ապա մեր ժողովրդին թո՛ղ նույնպես ուղեկցեն, ապահովեն անվտանգությունը դեպի Վարդենիս։ Հաշվի առնելով, որ մեր գյուղից դեպի Վարդենիս 80 կմ է, իսկ ներկա պայմաններում, որպեսզի հասնեն Վարդենիս 400-500 կմ այդ մարդիկ պետք է անցնեն»։
Աշոտ Հակոբյանը մտավախություններ չունի անվտանգության առումով, քանի որ կարծում է, որ հայկական մեքենաներին ևս ռուս խաղաղապահները կուղեկցեն․ «Ինչպես իրենք ուղեկցում են հայկական տարածքով ադրբեջանցիներին, նույնպես կարող են ուղեկցել դեպի Վարդենիսի կողմը։ Ինձ թվում է՝ խնդիրներ չեն առաջանա։ Ճիշտ է, նույն ձևով չէ, բայց որոշ տեղերով իրենց մոտով անցնում է Լաչինի միջանցքը, և մինչև հիմա նման խնդիրներ չեն եղել»։
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ կարելի է ժամանակացույց պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ, ըստ որի հայկական ավտոմեքենաները նրանց ուղեկցությամբ կկարողանան անցնել այդ ճանապարհով։ Նախաձեռնող խումբը գրություն է փոխանցել ռուսական կողմին, որը դեռ պատասխան չի ստացել․ «Դա ոչ միայն մեր գյուղին է վերաբերվում, դա վերաբերվում է մեր շրջանին և ոչ միայն շրջանին, այլ նաև Ղարաբաղին, որովհետև այդ նույն մարդիկ, եթե Մարտակերտից գնան հասնեն Վարդենիս 110 կմ է, իսկ ներկա պայմաններում՝ իրենք մի 550 կմ ճանապարհ են գնալու»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ