Հունվարի 20-ին Արցախում հերոսաբար զոհված Վաղարշակ Գրիգորյանը կդառնար 37 տարեկան: Հարազատները հերոսի ծննդյան տորթը պատրաստել են, բայց երեխաները մորն են հարցնում՝ ո՞վ է փչելու մոմերը:
Վաղարշակ Գրիգորյանը Արցախյան պատերազմին մասնակցելու համար մեկնել է կամավոր: Ընդ որում, ցուցակագրվել է, չեն կանչել, սիրտը չի դիմացել, զորավարժությունների է մասնակցել, պարապել ու մեծ ջանքերով կամավորագրվել: Զոհվելու լուրը հարազատները ստացել են հրադադարի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին: Զոհվել է՝ մինչեւ վերջ իր դիրքում մնալով: Ոչ մի քայլ չի նահանջել ու դիրքը չի հանձնել:
Վաղարշակի կնոջ՝ Նոնա Հովսեփյանի պատմելով՝ «Ոգեւորություն էր ապրում, որ այս պատերազմը լինելու է Հայաստանում վերջին պատերազմը: Սեպտեմբերի 27-ի հենց գիշերը ընկերների հետ գնաց կամավորագրվելու: Ես մտածում էի՝ դեռ ժամանակ կա…Հոկտեմբերի 5-ի երեկոյան գնաց: Գնալիս տղուն ասեց՝ ես գնում եմ պատերազմ, որ հաղթենք ու հենց դու որոշես գնալ բանակ, ես հանգիստ նստեմ տանը ու չմտածեմ, որ իմ տղան ծառայում է: Ամեն ինչ լավ էր: Հաճախ չէր զանգում, երբ զանգում էր, շատ մարտական էր տրամադրված: Մի օր էլ զանգեց, Քելբաջարում էր, այնքան ուրախ էր, ասեց՝ այնքան լավ է ամեն ինչ, այնքան առաջ ենք գնում, չես պատկերացնի: Ես էլ ծիծաղելով ասեցի՝ այնպես ես խոսում, ոնց որ հասել եք Բաքու, ուտում-խմում եք: Ասեց՝ էդ էլ է լինելու, չմտածես, մինչեւ չհասնեմ՝ հետ չեմ գալու: Երբ ասում էի, Վաշ, վախենում եմ, հետ արի, գալիս են, վախենալու բաներ են պատմում, ասեց՝ ի՞նչ իրավունք ունես վախենալու, դու Վաղարշակ Գրիգորյանի կինն ես»:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 9-ին եմ վերջին անգամ խոսել, շատ անտրամադիր էր: Հոգնած էր ու կարոտած, որովհետեւ 36 օրվա մեջ ոչ մի անգամ չեկավ տուն, երեխեքին շատ էր կարոտել: Ասեց՝ վաղը երեւի կգամ: Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդեն ստորագրվել էր, եկա նստեցի բազմոցին, սկսեցի լացել: Դեռ ոչ մի բանից տեղյակ չէի, ուղղակի մտածում էի, որ Վաղարշակը շատ տխուր հետ կգա, իր պատկերացրածը չեղավ: Պատկերացրեցի ինչ ընկճված ու նեղված է գալու: Նոյեմբերի 10-ին ուղարկեցին իր իրերը…երեկոյան իմացանք, որ զոհվել է խրամատում»:
Վաղարշակը 3 անչափահաս երեխա ունի: 5-ամյա Անին հոր մահվան լուրը լսելուց հետո օրերով հաց չի կերել: Ամենուր փնտրում է հորը, չի հաշտվում:
10-ամյա Րաֆֆին հիշում է, թե ինչպես է հորը ճանապարհել Արցախ ու ինչ արժեքավոր խորհուրդ է ստացել նրանից. «Երբ հայրիկս գնում էր բանակ, ինձ ասեց՝ հիմա դու ես տան տղամարդը, մինչեւ իմ գալը: Շատ եմ կարոտում իրեն…Երբ իմացա, մայրիկս ասեց, որ հայրիկս զոհվել է, ես շատ նեղվեցի եւ հիմա մենք ապրում ենք առանց մեր հայրիկի»,- մի կերպ արտաբերեց Րաֆֆին՝ ամեն բառի հետ արցունքները կուլ տալով ու շարունակեց,- «Հիշում եմ, որ ինքն ասեց՝ ես տան տղամարդն եմ: Տան տղամարդը լինում է անվախ, աշխատասեր:
Հայրիկս բիզնես էր դրել այգու, նա ուզում էր, որ այդ այգին մեծ լիներ: Ես շարունակելու եմ իր գործը՝ իմ ընկերների հետ»: Վաղարշակը երազել է, որ Րաֆֆին դառնա լողորդ, երգիչ-երաժիշտ: Որդին հոր երազանքի հետեւից է գնում: Նա սաքսաֆոն է նվագում ու իր նոր ստեղծագործությունը, որը դաշնակահարուհու հետ է նվագել, նվիրել է հերոս հայրիկի հիշատակին:
Վաղարշակի հայրը մահացել է, մայրը տարիքով մեծ է եղել ու տան միակ աշխատողը, խնամակալն է եղել, դրա համար օրենքով սահմանված կարգով ազատվել է զինծառայությունից: Ազատվել է, բայց ոչ մի կերպ չի հաշտվել այդ մտքի հետ, որ ինքը հայրենիքի հանդեպ իր պարտքը չի տվել: Երբ մի առիթով կինն ասել է՝ ես չեմ թողնի Րաֆֆին ծառայի, Վաղարշակը կոշտ է արձագանքել. «Ինձ մոտ հանկարծ նման բան չասես, տեսնո՞ւմ ես, ես ոնց եմ զգում, պարտք եմ մնում հայրենիքիս»:
Վաղարշակ Գրիգորյանը 6 քրոջ միակ եղբայրն էր: Քույրերից մեկը՝ Էլմիրա Գրիգորյանը պատմեց, որ սիրտը վատ բան է գուշակել, անհանգիստ է եղել, կարծես կանխազգացել է, որ եղբորն էլ չի տեսնելու. «Բոլորի մասին մտածող էր ինքը: Աղջիկս Մոսկվայում է ամուսնացել, ասում էր՝ քուր, ի՞նչ կա, թող գան այստեղ, հայրենիքը խի՞ են թողնում գնում: Ուզում էր հայրենիքը ծաղկեր: Նեղվում էր, չէր ուզում որեւէ մեկը գնար…Սպասում եմ ես իրեն, ինձ թվում է, ինքը գալու է: Ինքը իր ընկերներին, իր մատղաշ երեխեքին չէր կարող մենակ թողնել…»:
«Նա իմ ճանաչած ամենաբարի, ամենաժպտերես մարդկանցից մեկն էր, միշտ պայծառ ապագա կանխատեսող»,- մեզ հետ զրույցում պատմեց Վաղարշակ Գրիգորյանի ընկերներից մեկը՝ Վիգեն Մալխասյանը: Ընկերները պատմում են, որ երբ միասին խոսել են բանակի, հայրենիքի, Արցախի մասին, Վաղարշակ Գրիգորյանի արյունը «եռ է եկել». «Հենց առաջին օրը գնացել են զինվորագրվելու…Ինքը հետ չեկավ, բայց մեր մեջ ինքը հաղթանակած է:
Հարցին՝ չփորձեցի՞ք հետ պահել ձեր ընկերոջը, ի վերջո 3 անչափահաս երեխա ունի՝ Մալխասյանը պատասխանեց. «Իր դեպքում բացառված է, որ մենք կարողանայինք հետ պահել: Եթե կինը չի կարողացել, մենք դժվար թե կարողանայինք»:
Միքայել Կարապետյանը Վաղարշակ Գրիգորյանի մանկության ընկերներից է ու կնքահայրը: Միասին են գնացել զինվորագրվելու՝ 3 ընկերներով. «Երկուսիս ցուցակագրեցին, իրեն՝ ոչ, նեղվեց, որ մենք կարող է գնայինք Արցախ, ինքը մնար: Իր պատկերացումը հայրենիքի նկատմամբ շատ տարբերվող էր հայտնի մոտեցումներից, պետության մասին իր մոտեցումը շատ խորն էր: Ինքը գիտակցված գնաց այդ քայլին: Որոշեց ու գնաց: Իսկ երբ որ ինքը մի բան որոշում էր, իրեն չէինք կարող հետ պահել ու իր մեծ հաջողությունները երեւի հենց դրանից էին կախված»:
Արթուր Թարխանյանի հետ Վաղարշակ Գրիգորյանը բանկային համակարգում է աշխատել: Նա պատմում է. «Ինքը հեռախոսը հատուկ անջատել էր, որ ընկերները չգան տուն ու համոզեն չգնալ: Վերջին պահին ճանապարհելուց միասին ենք եղել, արդեն պետք է մեկնեին ավտոբուսներով, կատակեցինք, որ կեսից շատս ծառայել ենք, չենք գնում՝ մեջներիս դուխովը դո՞ւ էիր, որ առաջ ընկար: Վերջին հարցս այն էր՝ մի պահ մտածիր, կարող է չգաս, երեխեքի մասին մտածե՞լ ես: Պատասխանն այս էր՝ հայրենիքս ավելի շատ եմ սիրում, չեմ կարա չգնամ: Իր որոշումը վերջնական էր: Ինքն այդպես էր ծնվել՝ շատ հայրենասեր: Ինքը տաքարյուն էր ու բոլորիցս տարբերվում էր իր հայրենասիրությամբ: Գիտակցում էր ուր է գնում: Ժամանակին, որ ինքը չի ծառայել, իր մոտ դա խնդիր էր: Անընդհատ ասում էր՝ իմ հերթն էլ պիտի գա: Ու գնալու օրը sms էր գրել՝ իմ հերթն էլ եկավ, գնում եմ ծառայեմ»:
Մեկ այլ ընկերոջ՝ Արամ Մեյմալյանի խոսքով՝ Վաղարշակ Գրիգորյանի հետ հաղթում էին. «Իր հետ աշխատում էիր, վաստակում էիր ու ձեռք էիր բերում: Ինքը այն հայն է, որ մենք կուզեինք մեր երկիրն ունենար, այն քաղաքացին, այն ընկերը, ընտանիքի այն հայրը, որ կարելի է երազել, որ մեր երկրում լինեն: Ամեն մեկն իր սրտում իր պատկերացումներն ունի հայրենիքի վերաբերյալ: Իր հայրենիքը շատ լավն էր, հաղթող էր: Դու երբեք չէիր կարող իրեն համոզել մի բան, երբ ինքը ասում էր լավ է լինելու, կամ այսպես եմ անելու ու դու հակառակվեիր, որովհետեւ ինքը գործով էր ապացուցում: Իր հետ դու հաղթում էիր ու չունեիր ճանապարհ հետ գնալու: Ցանկացած հարցում ինքը քեզ մարտահրավեր էր նետում ու ինքը անմնացորդ ընկեր էր: Ինքը կյանքով լցված էր, ուսումը, գիրը, մեր մշակույթը մեջը… Երբ վերջին անգամ ես իրեն տեսա, արդեն մեկնելու ժամն էր, ջոկատի հետ կանգնած էր: Չէր ասել, որ գնում է: Միասին պիտի գնայինք: Այնտեղ տեսա, դեմքին նայեցի, ուզում էի հասկանալ ինչ վիճակում է: Հայրաբար ժպտալով նայում էր: Հպարտության զգացում կար: Փաթաթվեցինք իրար, ասեցի՝ անպայման հետ կգաս: Իրենը ոչ թե չնալն էր, այլ՝ հետ գալն էր: Ինքը էլի մեր համար հաղթել է, բայց պիտի հետ գար…Իր ֆիզիկական բացակայության հետ չի լինում հաշտվել: Բայց իր թողածը ամեն մեկիս մեջ այն է, որ հնարավոր է: Շատ քիչ մարդիկ կան Հայաստանում, որ քեզ կսովորեցնեն, որ «հնարավոր է»: Դա մեր ազգին պակասող բան է: Այն, ինչն ինքն ասում էր անհնար կթվար, բայց ինքը դա հնարավոր էր դարձնում: Դա մեր ազգի շարժիչ ուժերից մեկն է»:
Վաղարշակը կնոջն ասել է, որ 35 տարեկանում պետք է հող առնի, նմանը չունեցող այգի ստեղծի, մինչեւ 40 տարեկանում մի հատ սիրուն ձի առնի, որ այգում վազվզի: Բանկային աշխատող լինելով՝ դուրս է եկել աշխատանքից ու ասել՝ ես որոշել եմ գնալ իմ երազանքների հետեւից: Ասել եւ արել է:
Խնձորենիների ինտենսիվ այգին արդեն հասցրել է ճանաչվել. «Գարնանը որոշել էր մեկ հա էլ նուշ դնել: Չհասցրեց, բայց մենք իր ընկերների, բարեկամների հետ, իմ երեխաների ուժով կփորձենք իր նպատակները հասցնել մինչեւ վերջ: Գարնանը ունենալու ենք նուշի այգի»,- խոստացավ Նոնա Հովսեփյանը:
Ընկերները, բարեկամները հաշվեհամար են բացել՝ Վաղարշակի կիսատ թողած գործը՝ մեծ այգիներ ստեղծելու երազանքն իրականացնելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ