Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն այսօր անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ժամանակ Շուշին հանձնողներին պաշտպանելու մեջ իր հասցեին հնչեցված մեղադրանքի մասով դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բուռն արձագանքին, ասաց. «Գեւորգ Բաղդասարյանին ճանաչում եմ, մի քանի շփումներ ունեցել ենք: Նա իմ վրա միշտ թողել է բարեկիրթ եւ բանիմաց իրավաբանի տպավորություն: Սակայն նման վարքագիծ դրսեւորելը զարմանալի էր ոչ միայն իմ, այլեւ՝ շատերի համար: Չէ՞ որ դատաքննության փուլում զսպվածությունը անհրաժեշտ է բոլոր կողմերին: Նույնիսկ արտահայտություն արվեց. «արի դուրս՝ ցույց տամ, թե ով է հանձնել Շուշին»:
Սա կարելի է նկարագրել երկու տարբերակով: Նախ, դատախազը, որը հանդես է գալիս քրեական գործով որպես մեղադրող, կարծես, համոզված է, որ Շուշին հանձնվել է: Նման զգայական մեխանիզմ ցույց կտա միայն այն անձը, ով համոզմունք ունի, որ Շուշին հանձնվել է: Դատախազի էմոցիոնալ պահվածքը ցույց էր տալիս, որ Շուշին ինքը չի հանձնել:
Շուշիի հանձնելը բոլորի համար, կարծես թե, փաստ է: Եվ արդեն փաստ է դառնում նաեւ այն հանձնողներին օժանդակողների վարքագիծը: Այս տեսանկյունից, բոլոր այն անձինք, ովքեր շարունակում են օժանդակել գործող դավադիր իշխանություններին, ես կարծում եմ՝ նրանք համակատարող են պատերազմում տեղի ունեցած բոլոր դեպքերի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ