Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակի նորանշանակ մարզպետի աշխատանքային առաջին օրը․ ի՞նչ պահանջներ է ներկայացրել մարզպետարանի աշխատակիցներին

Հունվար 21,2021 19:25

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանի առաջին աշխատանքային օրն էր։ Նա մարզպետարանի անձնակազմի հետ հանդիպելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Նրան ուղղված առաջին հարցը Շիրակի մարզի 62 գերիների մասին էր։ Մարզպետն իր խոսքը սկսեց պատերազմում զոհվածների հարազատներին ցավակցելով։

Հարցին՝ կա՞ մոտեցման փոփոխություն գերիներին վերադարձնելու հարցում, ասաց․ «Ունեցանք նաև ցավոտ դեպքեր պատերազմից հետո։ Մեր՝ Շիրակի մարզի բնակիչների համար ամենացավոտը հարցն այս պահին, որը լուծման կարիք ունի, մեր 62 գերիների հարցն է։ Հավատացնում եմ ձեզ կառավարության, Հայաստանի Հանրապետության օրակարգային թիվ մեկ խնդիրն է, որով ամենօրյա, ամենժամյա ռեժիմով զբաղվում են այն մարդիկ, որոնք այդ հարցի մեջ կարող են ունենալ ինչ-որ ներդրում կամ լուծման հնարավորություն կամ լուծման առաջարկներ։

Դրա համար մանրամասների մեջ ձեր թույլտվությամբ ես չեմ խորանա, բայց մոտեցումը մեկն է․ գերիները պետք է վերադառնան, հնարավորության դեպքում ժամ առաջ, բայց բոլորս էլ պատկերացնում ենք, այդ հարցերը կարճ ժամանակում չեն լուծվելու․ օրեր կտևեն, թե շաբաթ կամ ամիս, այս պահին ոչ մեկը ժամկետ չի կարող ասել։ Բայց կառավարության, ՀՀ ղեկավարության կողմից քայլեր են ձեռնարկվում ժամ առաջ հարցը լուծելու համար։ Հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում»։

Հարցին՝ ձեր կողմից հեշտ կայացվե՞ց մարզպետի պարտականությունները ստանձնելու որոշումը, հատկապես որ բարդ շրջան է, և Շիրակի մարզն էլ բարդ մարզի համբավ ունի՝ աղքատության բարձր ցուցանիշ ունի, պատկերացնո՞ւմ եք արդյոք այդ դժվարությունները, նորանշանակ մարզպետն ասաց․

«Եվ գիտակցում էի, և պատկերացնում էի գործի ծանրությունը, և այդ ամենը պատկերացնելով էլ՝ ես համաձայնել եմ։ Հեշտ էր, թե բարդ էր, դա այս պահին գնահատել հնարավոր չէ, չեմ կարող դա մեկնաբանել»։

Շիրակի մարզպետն ասաց, որ Շիրակի մարզն իրոք սոցիալապես ծանր մարզ է, հատկապես որ մի ամբողջ տարի՝ 2020 թվականին ունեցել ենք կարանտինի մեջ հայտնված երկիր, մարզ, քաղաք, որոշ ծրագրեր սառեցվել են։ Այժմ փորձելու է առաջնահերթ սառեցված հարցերը բարձրացնել, նոր սկիզբ տալ։ Նա տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարը խոստացել է մի շաբաթից այցելել Գյումրի ու տեղում շատ հարցեր, հատկապես ներդրումների հարցը քննարկել։

Թե ո՞վ է առաջարկել Հովհաննես Հարությունյանին մարզպետի պաշտոնում, արդյո՞ք դերակատարություն ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արսեն Թորոսյանը, որի գլխավորած գերատեսչությունում Հովհաննես Հարությունյանն աշխատել է՝ որպես փոխնախարար, մարզպետն ասաց՝ կառավարությունն է առաջարկել։ Ըստ նրա, իրեն մարզպետի պաշտոն առաջարկվել է, երբ դեռ Արսեն Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար չէր։

«Իմ մասնագիտությունը օգնելու է, եթե ունենք հստակ ախտորոշում, որովհետև գիտեք բժշկության մեջ ամենակարևորն ախտորոշումն է, այդ ժամանակ բուժման մեթոդները հնարավոր է գտնել։ Այս պահին այսքան խնդիրներ, որ կուտակվել են, ճիշտ ախտորոշման դեպքում մենք կարողանանք թեկուզ երկարաժամկետ լուծում պահանջող հարցերի լուծումների սկիզբը դնել», -ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, թե լինելով հաջողված վիրաբույժ, լուրջ բժշկական կրթություն ստանալով Ռուսաստանի Դաշնությունում՝ արդյոք՞ ազգաբնակչությանն ավելի մեծ օգուտ չէր տա՝ որպես բժիշկ աշխատելով, քան մտել է քաղաքականության մեջ, Հովհաննես Հարությունյանն ասաց․

«Դուք իրականում իմ ցավոտ կողմին մի քիչ կպաք․ ես 2016 թվականին որոշում կայացրեցի, որ այլևս վիրաբույժ չեմ աշխատելու և զբաղվելու եմ առողջապահության կազմակերպմամբ և կառավարմամբ։ Երբ որ աշխատում էի վիրաբույժ, ես տեսնում էի կազմակերպչական և գլոբալ հարցերի մեջ շատ խնդիրներ, որոնք ազդում էին, գալիս հասնում էին բժշկի աշխատանք։ Այդ հարցերը, կարելի է ասել, մտնում էին վիրահատարան։ Եվ այդ ժամանակ ես իմ մեջ ուժ գտա սիրելի աշխատանքը փոխել ավելի պատասխանատու աշխատանքով, այն է՝ կառավարել, կազմակերպել, վերցնել պատասխանատվություն որոշումներ կայացնելու։ Եվ այդ որոշումն է, որ ինձ այսօր բերեց, հասցրեց այստեղ, իմ մարզի խնդիրները վերցնել իմ վրա և եղանակներ փնտրել։ Ես իմ հարազատ քաղաքում եմ, իմ սիրելի մարզում եմ»:

Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանն, ասաց, որ հանդիպել է մարզպետարանի անձնակազմի հետ, ներկայացրել է իր մոտեցումներն ու պահանջները։

«Եթե կա մարդ, որն իր աշխատանքը լավ է կատարում, պիտի աշխատի, եթե կան մարդիկ, որոնք անգամ չեն մոտիվացնում, որ երկիրը պիտի հզորացնեն, ուրեմն միասին չպիտի աշխատենք»-, հայտարարեց Հովհաննես Հարությունյանը։

Ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու հետ կապված էլ ասաց, որ ինքը չունի կադրերի բանակ։ «Իմ թիմը Շիրակի մարզն է, իմ թիմի Շիրակի մարզի բոլոր այն գրագետ, գործունյա մարդիկ են, որոնք պատրաստ են Շիրակի մարզի զարգացման համար կատարել աշխատանք»

Հարց ուղղվեց նաև իր հոր՝ Ավետիք Հարությունյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին, որը վերջերս հաճախակի է շոշափվում մամուլում, անգամ գրվեց, թե «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին առնչվող քրգործում հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով։

Հովհաննես Հարությունյանն այս մասին ասաց․ «Այդ հարցն էլ իրավական դաշտում է, դատարան որոշումը կլինի, բոլորիս էլ պարզ կլինի, բամբասանքներին չեմ ուզում հավատալ»։

Ի դեպ, մարզպետը կուսակցական է, նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031