Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումը միանշանակ հակասելու է սահմանադրական կարգավորումներին». Հերիքնազ Տիգրանյան

Հունվար 21,2021 18:45

«Ազգային ժողովի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումը միանշանակ հակասելու է սահմանադրական կարգավորումներին: Դա որևէ քննարկման չի դիմանում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում տեսակապի միջոցով հրավիրված քննարկման ընթացքում հակադարձելով այն կարծիքներին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ոչ թե պետք է նշանակվի ՀՀ վարչապետի կողմից, այլ ընտրվի ԱԺ-ի կողմից, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախաձեռնել է մի քանի կառույցների ձևավորում, որոնցից են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն գործում է: Կառավարությունը ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ ճիշտ չէ այս մարմնի նախագահի և ՀՀ գլխավոր դատախազի մինչև զուգահեռներ անցկացնելը: Նա մանրամասնեց. «Գլխավոր դատախազի նշանակման և հաշվետվողականության մեխանիզմների հետ տեղին չէ զուգահեռ անցկացնելն այն առումով, որ սահմանադրական կարգավորումներով՝ գլխավոր դատախազի ինստիտուտի դեպքում գործում են սահմանադրական կարգավորումները, իսկ կոմիտեն նոր ենք ձևավորում և նոր օրենսդրական կառուցակարգեր ենք ձևավորում»:

Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ այս պարագայում Սահմանադրության շրջանակում երևի թե օպտիմալ տարբերակն է մրցութային խորհրդի թեստավորման, հարցազրույցի արդյունքում հաղթող թեկնածուի ներկայացումը ոչ թե վարչապետին, այլ կառավարությանը և նշանակումը լինի ոչ թե միանձնյա՝ վարչապետի կողմից, այլ կառավարության կողմից:

Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ կոմիտեի նախագահի՝ ԱԺ-ի կողմից նշանակելու դեպքում էլ քննադատություններ կհնչեին, թե իշխող քաղաքական ուժն է որոշողը լինելու ու ասաց. «Երբ որևէ մարմին նշանակվում է այսօրվա գործող ԱԺ-ի կողմից, քաղաքական ուժերի՝ նման հարաբերակցությամբ, միշտ քննադատությունն այն է, որ կայուն մեծամասնության պարագայում էլի մի քաղաքական ուժ է լինում որոշիչը: Եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագծում գրված լիներ, որ ԱԺ-ին է վստահված նախագահի նշանակումը, հնչելու էր քննադատություն, որ ԱԺ-ում «Իմ քայլն» է մեծամասնությունը և նրան հաճո որևէ մեկը պիտի նշանակվեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031