«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ 2020թ դեկտեմբերի 28-ին դիմել է դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ մերժել է հայցի ընդունումը վարույթ։ Այսօր ՔԻՊ-ը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, բողոքարկելով Վարչական դատարանի որոշումը։
ՔԻՊ-ի կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիր) առ ոչինչ իրավական փաստաթուղթ է, քանզի դրա հասցեատիրոջ վրա՝ տվյալ դեպքում ՀՀ-ի վրա, դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի կամ Կառավարության կողմից որևէ այլ պետությանը պատերազմ հայտարարելու մասին իրավական ակտ գոյություն չունի։ Ուստի ՀՀ վարչապետը պատերազմ չհայտարարելու պայմաններում նման ձևաչափով և բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չուներ։
Նշենք նաև, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ ԱԺ-ն վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ: Այնինչ՝ ՀՀ ԱԺ-ն չի վավերացրել, կասեցրել կամ չեղյալ հայտարարել 10.11.2020թ եռակողմ համաձայնագիրը, որով ոչ իրավաչափ պարտականություններ են դրվել ՀՀ քաղաքացիների վրա, ոչ իրավաչափորեն սահմանափակվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ ՀՀ-ն ներքաշվել է անվտանգության իմաստով կասկածելի գործընթացի մեջ։
Կարդացեք նաև
Այսու՝ ՔԻՊ-ը կարծում է, որ ՀՀ մասով 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը (ըստ էության համաձայնագիրը) վերացնելու պահանջի բավարարումը էական ներդրում կլինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ