Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա գործիք է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած ծառայողի վրա ճնշում գործադրվի». Անի Սամսոնյան

Հունվար 21,2021 17:42

«Այս ձևաչափով մենք տեսնում ենք, որ անկախության երաշխիքներ հակակոռուպցիոն կոմիտեն չի ունենալու,- «Հոդված 3» մամուլի ակումբում տեսակապի միջոցով հրավիրված քննարկման ընթացքում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորը շեշտեց՝ իրենց համար սկզբունքային է այն, որ ստեղծվող մարմինն անպայման պիտի լինի խորհրդարանական և պետք է լինի խորհրդարանական վերահսկողության տակ: Նա մանրամասնեց. «Ըստ էության նաև այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր գործընկերները պնդում են՝ որպեսզի այդ մարմինը լինի խորհրդարանական վերահսկողության տակ, այն պիտի համապատասխանի Սահմանադրությանը»: Այս առիթով նա ասաց. «Սահմանադրությունն ԱԺ-ի սպառիչ լիազորությունները ամբողջությամբ սահմանում է, և հնարավոր չէ առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու այս մարմինը դարձնել խորհրդարանական: Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ սա մի մարմին է, որը ստեղծվում է մրցութային հանձնաժողովի, վարչապետի նշանակման և խորհրդարանական վերահսկողության խառը մեխանիզմների համադրմամբ: Միևնույն ժամանակ վարչապետը կարող է նշանակել այն մարմնի ղեկավարներին, որոնք իր անմիջական ենթակայության տակ են: Մենք պիտի հասկանանք՝ արդյոք վարչապետն իրավունք ունի՞ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակելու, թե՞ ոչ»:

Անի Սամսոնյանը վստահեցրեց՝ անպայման պնդելու են, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ընտրի խորհրդարանը, և այդ մարդն ամբողջությամբ հաշվետու լինի խորհրդարանին:

Նա վստահեցրեց. «Վարչապետի նշանակումից հետո այդ մարդը շատ կարճ ժամանակահատվածում կարող է քաղաքականացվել և դառնալ քաղաքական գործիք ցանկացած գործող իշխանության համար»:

Անի Սամսոնյանը նաև զգուշացրեց՝ նախագիծն ունի դրույթ, որը կարող է դառնալ շատ լուրջ հետապնդման պատճառ հակակոռուպցիոն ցանկացած ծառայողի համար ու պարզաբանեց. «Ասվում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում պրովոկացիոն եղանակով: Սա պիտի լուրջ քննարկման առարկա դառնա, պիտի հասկանանք՝ սա ի՞նչ մեխանիզմով ու ընթացակարգով պիտի լինի: Ըստ էության շատ լավ գործիք է, որպեսզի կոմիտեի ցանկացած ծառայողի վրա այս գործիքի միջոցով ճնշում գործադրվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031