2020 թ. Արդարադատության նախարարի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, լիազորությունները դադարեցվել են եւ լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Նախարարի հրամանը վիճարկվել էր դատական կարգով, եւ դատարանը անվավեր է ճանաչել այն, ուստի պարոն Վիրաբյանը կվերականգնվի Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնում: Վճիռը ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո:
Aravot.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը նշեց. «Ի սկզբանե ես գիտեի, որ այսպես էլ լինելու է, որովհետեւ ինձ մի պատճառով էին ազատել աշխատանքից, որտեղ մեղք չունեի՝ հարկեր չվճարելու համար: Հարկային ստուգումից հետո պարզվեց, որ որոշակի գումարի չափով հարկեր չենք վճարել, եւ կառավարությունը պահուստային ֆոնդից տվեց ու վճարեցինք: Դա եղել է մոտավորապես երկու տարի առաջ: Ընդ որում, այն ժամանակ մենք այլ՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կազմում էինք: Երեւի Արդարադատության նախարարը ցանկանում էր ինձ ազատել աշխատանքից, բայց այլ պատճառ չգտավ, քան այդ հարկեր չվճարելը: Ես գիտեի, որ ոչ մի դատարան վավեր չի ճանաչի նախարարի հրամանը, եւ այդպես էլ եղավ»:
Հետաքրքրվեցինք՝ դատական գործընթացների պատճառով ինչպե՞ս է տուժել որպես մասնագետ, արխիվի աշխատակից: «Այսօր արխիվի տնօրեն է նշանակվել մի երիտասարդ, որը արխիվում երբեք չի աշխատել, գուցե լավ մենեջեր է, բան չունեմ ասելու, բայց արխիվում աշխատելու համար պետք է արխիվն իմանալ: Մինչեւ այսօր էլ, երբ մի լուրջ հարց է լինում՝ կապված քարտեզների, հայ-ադրբեջանական սահմանների հետ, այդ խնդիրներով ինձ են զանգում, ես եմ ասում՝ ինչը որտեղ փնտրեն:
Կարդացեք նաև
Ցավոք սրտի, այսօր փորձված արխիվային աշխատողներին տուն են ուղարկում՝ պատճառ բռնելով թոշակային տարիքը, մինչդեռ նրանք երկար տարիներ աշխատել են արխիվում եւ տիրապետում են ողջ ինֆորմացիային: Դա եւս խնդիր է»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե քանի անգամ են իրեն դիմել հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված հարցերով: «Սկսած նոյեմբերի 9-ից երեւի մի հարյուր անգամ ինձ դիմել են՝ տարբեր նախարարություններ, տարբեր պաշտոնյաներ: Ինչ հնարավոր է, ինչ, որ կա արխիվում, ես՝ չաշխատելով արխիվում, կազմակերպել եմ, պատճենել են, ուղարկել են բոլոր նախարարություններ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ