«Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը հղի է անկայունության խորացմամբ։ Երբ երկիրը կոլապսների մեջ է, մի հատ էլ արտահերթ ընտրություններ լինեն հիմա, կհայտնվենք չկանխատեսված եւ ավելի վատ վիճակում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ընդդիմությունը մերժում է իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առաջարկը։
Միքայել Մելքումյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Հրաժարական տուր առանց նախապայմանի։ Եթե քաղաքական մեծամասնություն ունես, վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու։ Եթե չունես, դա այլ խնդիր է։ Ուստի մեր մոտեցումը հետեւյալն է՝ խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա նոր վարչապետ ընտրելու, որը մինչեւ մեկ տարի ժամկետում հնարավորություն կունենա իրավիճակը կայունացնելու։ Այս դեպքում միայն մենք կգնանք ընտրությունների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ