Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պետք է իմանա, որ իրեն նշանակողը ոչ թե վարչապետն է, այլ ԱԺ-ն». Արթուր Սաքունց

Հունվար 21,2021 16:31

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին պետք է նշանակի ոչ թե վարչապետը, այլ Ազգային ժողովը:

«Հոդված 3» մամուլի ակումբում տեսակապի միջոցով անցկացված քննարկման ընթացքում իրավապաշտպանը շեշտեց՝ այդ մարմինը պետք է ստեղծվի ոչ թե ըստ քաղաքական նպատակահարմարության, այլ պետության հակակոռուպցիոն քաղաքականությունն իրականացնելու համար:

Արթուր Սաքունցը մի կողմից նշեց, որ գործող Սահմանադրությունը սահմանափակում է ինստիտուտների օրենսդրական զարգացմանը, որ այս Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ԱԺ լիազորությունների շրջանակներում մարմին ստեղծել, բայց մյուս կողմից ասաց. «Այնուամենայնիվ, երբ հակակոռուպցիոն կոմիտեի մասին է խոսքը, ոչ մեկը չի խոչընդոտում, որ այդ կոմիտեի նախագահի ընտրությունն արվի ԱԺ-ի կողմից: Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը պետք է գնահատվի կոմիտեի նախագահի զեկույցով, ինչպես գլխավոր դատախազն է զեկույց ներկայացնում: Նույնիսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության այն մեխանիզմը, որ առաջարկվում է, երաշխիք չէ, որ հակակոռուպցիոն կոմիտեն կլինի անկախ: Կարևոր է, ոչ միայն թե ով է նշանակում նրան, այլ ով ազատում: ԱԺ-ն այստեղ որևէ մասնակցություն չի ունենում»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ անհասկանալի, անտրամաբանական է մի մարմնի գործունեության հաշվետվություն ներկայացնելը ՀՀ վարչապետին, երբ այդ մարմինը զբաղվում է պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործություններով: Նա վստահեցրեց. «Այդ մարմնի գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը երաշխիքն է այդ մարմնի անկախության: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, օրինակ, թող վարչապետը ներկայացնի ԱԺ-ին, բայց ԱԺ-ն պիտի հաստատի: Կոմիտեի նախագահը պետք է իմանա, որ իրեն նշանակողը ոչ թե վարչապետն է, այլ ԱԺ-ն: Դա վերաբերում է թե՛ Քննչական կոմիտեին, թե՛ ՀՔԾ-ին, թե՛ ԱԱԾ-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031