Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութից եկած «սմայլիկների» Սեդան դարձել է Սպիտակի ժպիտների նկարիչը

Հունվար 21,2021 15:14

«Մենք սեպտեմբերի 27-ին քույրիկիս հետ Ստեփանակերտ քաղաքում էինք, երբ առաջին օրը արթնացանք հրետակոծության ձայներից, տեսանք, որ ծուխ է ելնում քաղաքից: Մարդիկ խառնված, խառնաշփոթ…այդ ամեն ինչը մեզ համար ուրիշ զգացողություններ էին: Ես քույրիկիս հետ էի, հեռախոսները, ինտերնետը, կապը անջատված էր, մեր ծնողներից տեղեկություն չունեինք: Մենք էլ՝ մենակ քույրերով, դժվար էր մեզ համար: Մենք թաքնվել էինք տան մեջ, դուրս չենք եկել վախից: Մեր քույր, եղբայրները Հադրութում էին, անհանգիստ էինք նրանց համար»,- 19-ամյա Սեդա Դալլաքյանն այսպես է հիշում պատերազմի սկսման մղձավանջային օրը:

Սեդայի ընտանիքը Արցախի Հադրութի շրջանի Ազով գյուղից է: Հադրութն այժմ հակառակորդի վերահսկողության տակ է:

Դալլաքյաններին կացարան է հատկացրել Լոռու մարզի Սպիտակի ԵՄՔԱ հյուրատունը:

Սպիտակում Սեդան ու իր ընտանիքի անդամները կորոնավիրուսով վարակված մարդկանց համար ուտելիքներ են պատրաստում, ուղարկում Սպիտակ քաղաքի հիվանդանոց. «Օրը 3 անգամ մենք ուտելիքներ ենք ուղարկում: Պատրաստում ենք, փաթեթավորում»:

Սեդան, քանի որ նկարիչ է, կորոնավիրուսով հիվանդներին ուրախացնելու համար փաթեթավորման վրա նկարում է. «Երբ արդեն սնունդ ուղարկելու ժամը մոտենում է, միշտ ասում են՝ Սեդա՛, շուտ արա: Իրենք շուտ-շուտ վերցնում են ձեռքիցս, ասում են՝ Սեդա, դրա ժամանակը չի: Ես էլ սմայլիկներ եմ նկարում, որպեսզի հիվանդները տեսնեն ու առողջանան»:

Պողոսյանների ընտանիքը հոկտեմբերի 2-ին է Շուշիից եկել Երեւան: Ընտանիքի մայրը՝ տիկին Ռիտան պատմում է, թե ոնց են ստիպել իրենց լքել հարազատ բնակավայրը. «Գիշերն արդեն վտանգավոր էր, էլ երեխա չկար շենքում: Մենակ մեր երեխեքն էին մնացել: Լաչինից ավտո եկավ, տեղափոխեցին Լաչին, այնտեղից՝ Երեւան: Մեքենայի վարորդն ասաց՝ ոչ մի բան մի՛ վերցրեք, նորից գալու եք ձեր տները: Մի երկու ձեռք հագուստ վերցրի, չէի մտածում, որ էսպես կլինի: Ասում էի՝ 2 օրով գնալու ենք, հետ գանք: Քելբաջարում գոնե ասել էին՝ այսքան ժամանակում տալու ենք, մարդիկ իրերը հավաքեցին, դուրս եկան, գոնե մեզ էլ այդպես անեին: Ժամանակ չեն տվել, հանկարծ ասեցին՝ բա Շուշին տվել են, գիշերվա ժամը 2-ն էր»:

Ընտանիքն ապրում է Նոր Նորքի թիվ 17 հատուկ դպրոցի դասասենյակներից մեկում: Կացարանը, որը տրամադրել են, զուտ մահճակալներով սենյակ է: Չկա անգամ սեղան, որ կարողանան վրան հաց ուտել, ընտանիքի անդամները հաճախ անկողնու վրա են ճաշում: Չկա նաեւ պահարան ու իրերը պոլիէթիլենային տոպրակների մեջ շարած են սենյակում:

Լարիսան իր երկու երեխաների հետ Ստեփանակերտի գրանցում ունի ու մերժել են աջակցություն տրամադրել: Երեխաներից մեկը սրտի ծանր վիրահատություն է տարել:

Ընտանիքն ապրում է երեխայի նպաստով՝ 15 հազար դրամ: Կացարանում որպես օգնություն, բրինձ, ոսպ եւ նմանատիպ սննդամթերքներ են տալիս, գոյատեւում են:

Մանրամասները եւ տեսանյութերը՝ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅՈՒՄ

ՇՈՒՇԻՈՒՄ ՆՈՐ ՏՈՒՆ ԳՆԵՑԻՆՔ՝ ՉՎԱՅԵԼԵՑԻՆՔ

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031