Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել՝ ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաեւ փորձաքննություններով: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործին:
Պարոն Մելիքյանն ասաց, որ գործը չի կարճվել, կասկածյալներ, մեղադրյալներ չունեն. «Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր՝ այլ հոդվածով հարուցելու, որակման համար չեն եղել»:
ՔԿ նախագահի տեղակալն այլ մանրամասներ չհրապարակեց, ասաց, որ դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն: Նշեց, որ մնացած հարցերը հարազատների թույլտվությամբ կարող են հրապարակել:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ է հաստատել, որ ինքնասպանություն է եղել, Արթուր Մելիքյանը պատասխանեց՝ հաստատապես:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ