Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտությունը չկարեւորելը մեծ շռայլություն էր». Ֆիզիկայի ինստիտուտի գիտքարտուղար

Հունվար 21,2021 14:34

«Վերջերս հանգամանքների բերումով՝ կորոնավիրուս եւ պատերազմ, ֆիզիկայի ինստիտուտը հանդես եկավ հիմնականում ոչ գիտական նախաձեռնություններով: Այսօր սակայն կկենտրոնանանք գիտական նոր նախագծերի վրա»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը:

«Ֆիզիկայի ինստիտուտը հին ժամանակներից ուներ անհրաժեշտ մի սարք, որին այդքան կարեւորություն չէինք տալիս, դա կրիոգեն կայանն էր, ինչն արագացուցիչի սառեցման համար էր, բայց երբ կորոնավիրուսը սկսվեց, այդ կայանը կյանքեր փրկեց: Կայանը գտնվում էր օրհասական վիճակում: Այդ խնդիրը տնօրեն Անի Ապրահամյանի եւ Ամերիկայի բժիշկների միջազգային կոմիտեի ջանքերով կարողացել ենք հասցնել Ամերիկայի բժշկական հանրությանը եւ ամերիկահայ բժշկական ասոցիացիային, որոնց նվիրաբերություններով արդիականացման համար գումար է հայթայթվել:

Այժմ ֆիզիկայի ինստիտուտը ձեռք է բերում կրիոգեն կայան, ինչն ավելի մեծ թափով կնպաստի թթվածնի արտադրությանը, կունենանք նաեւ ազոտ: Հինգ ամսից կունենանք, նոր՝ արդիականացված կայան, որը գրեթե չի զիջում նախորդին: Մենք երկար ժամանակ կարծում էինք, որ գիտությունը Հայաստանի նման փոքր երկրի համար ավելորդություն է, բայց պատերազմը եւ կորոնավիրուսն ապացուցեցին, որ ընդհակառակը՝ գիտությունը չկարեւորելը մեծ շռայլություն էր: Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը այն եզակի կառույցներից է եղել, որի շնորհիվ Հայաստանը համաշխարհային գիտական առաջատար էր»:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի խոսքով, վերջին շրջանում ինստիտուտում նոր նախագծեր են իրականացվում: Մինչ այդ նախագծերին անցնելը՝ նա հակիրճ ներկայացրեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ծրագիրը, որը, նրա խոսքով, իրենից ներկայացնում է հիմնարար հետազոտություններ՝ ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայի, կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի բնագավառում: Ունեն նաեւ հետազոտություններ, որոնք իրականացվում են տիեզերական ճառագայթների, ռադիոակտիվ իզոտոպների արտադրության, ինչպես նաեւ կիրառական ֆիզիկայի, մասնավորապես՝ նյութագիտության, սարքաշինության ասպարեզներում:

Գեւորգ Քառյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ դարի կեսերին Ալիխանյանն իր գիտախմբերով գիտական արշավներ էր կազմակերպում Արագած լեռ՝ ուսումնասիրելու տիեզերական ճառագայթները: Նրա խոսքով, 60-ականներին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվեց իր տեսակի մեջ եզակի գիտական մի սարք՝ էլեկտրոնային սինխրոտրոնը, որը մեծ թափ հաղորդեց հատկապես բարձր էներգիաների տեսական եւ փորձարարական բնագավառներում գիտական դպրոցի ձեւավորմանն ու ամրապնդմանը: «Առաջացան նաեւ հարակից ուղղություններ, մասնավորապես վերջին շրջանում նախատեսվում էր իրականացնել ծրագրեր՝ միջուկային ֆիզիկայի, ռադիոակտիվ իզոտոպների արտադրության բնագավառներում՝ օգտագործելով պրոտոնային փունջը, սակայն հիմնական դերը գիտական դպրոցի ձեւավորման, էլեկտրոնային սինխրոտրոնն էր, որի՝ մոտ երեք տասնամյակ աշխատանքից հետո մենք ունեցանք այնպիսի մասնագետներ, գիտական խմբեր, որոնք 90-ականներից սկսած՝ կարողացան արագորեն ինտեգրվել միջազգային համանման գիտափորձերի»,-հայտնեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտության գծով փոխտնօրենը:

Նրա ձեւակերպմամբ, առանց այս դպրոցի, հնարավոր չէր լինի իրականացնել միջազգային բարձր կարգի հետազոտություններ՝ այնպիսի առաջատար կենտրոններում, ինչպիսիք են Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնը, Ջեֆերսոնի անվան ազգային լաբորատորիան, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը՝ Դուբնայում եւ այլն:

«Վերջերս արդեն մեզ հաջողվել է նոր ծրագրերի մասնակցել նաեւ ճապոնական Ցուկուբա գիտական քաղաքում՝ ներգրավելով խոշոր գիտական պրոյեկտի մեջ, իսկ անցած տարեվերջին՝ ներգրավել ամերիկյան խոշոր ծրագրերից մեկում՝ էլեկտրոն-իոնային կոլայդերում: Միջազգային համագործակցությունները մեզ տալիս են հնարավորություն հաղորդակիցը լինելու առաջատար տեխնոլոգիաների: Սա նաեւ հնարավորություն է նոր մասնագետներ, հատկապես երիտասարդ կադրեր պատրաստելու, նաեւ համագործակցությունը միջազգային առաջատար կենտրոնների հետ թույլ է տալիս կտրուկ բարելավել երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական որակները»,-հավելեց նա: Նաեւ նշեց, որ նման խոշոր ծրագրեր նույնիսկ առաջատար երկրները ինքնուրույն չեն իրականացնում, եւ հենց կոլաբորատիվ աշխատանքն է, որ կարեւորվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031