Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարտունու ԲԿ»-ն եւ Վայոց ձորի մարզային հիվանդանոցը կարդիականացվեն. կտրամադրվի 7,4 միլիոն դոլար. Անահիտ Ավանեսյան

Հունվար 21,2021 13:55

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագիծը: Նշեց, որ այդ համաձայնագրով նախատեսվում է 7,4 միլիոն դոլարի տրամադրում:

«Դեռեւս 2013 թվականին Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերության միջեւ ստորագրվել է 35 միլիոն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի «Մարտունու ԲԿ» եւ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես, կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների եւ կահույքի ձեռքբերում»,-ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշեց, թե 2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման եւ հագեցման աշխատանքները հանել վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները: Ըստ նրա, նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի երկու ԲԿ-ների արդիականացման համար ու նպատակահարմար էր գտնվել այդ պահին միջոցներն ուղղել «Մարտունու ԲԿ»-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման եւ բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2019-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով:

Տիկին Ավանեսյանը նաեւ ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել «Մարտունու ԲԿ»-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը: «Մարտունու ԲԿ»-ն կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը շուտով կսկսվի: Նախարարի խոսքով, երկու կենտրոններն էլ ռազմավարական կարեւորության են եւ երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, իսկ նոր բուժկենտրոնների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031