«Վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ տարաձայնություն ուժերի ներսում չկա, պառակտում չկա։ Ուժերը հստակ հայտարարել են, որ մարզային այցեր են իրականացնում, որից հետո հետագա անելիքների մասին կհայտարարեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին այն մասին, թե «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական ուժերը տարաձայնություններ ունեն, իսկ ԲՀԿ-Ն ցանկանում է պայքարն առանձին շարունակել։
«Բնական է, որ մենք աշխատելու ենք նաեւ խորհրդարանում եւ օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը` Փաշինյանի անցնցում հրաժարականին հասնելու համար։ Դրանից հետո պետք է հնարավորություն տրվի իրավիճակը շտկել»,-նշեց Շաքե Իսայանը։
Իսկ թե ինչու ԲՀԿ-ն չի մասնակցում «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հանդիպումներին, եւ արդյոք գյումրեցիներին «բոմժ» անվանելուց հետո Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Շաքե Իսայանը նշեց. «Զարմանում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են ինչ-որ սեւ կատու փնտրել մութ սենյակում։ Հավատացեք, որեւէ խնդիր չկա։ Մեր օրակարգում փոփոխություն չկա, 17 ուժերի միջեւ որեւէ պառակտում չկա»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննադատել էր Վազգեն Մանուկյանի նշյալ արտահայտությունը, Շաքե Իսայանը շեշտեց. «Քաղաքացու հասցեին որեւէ պարագայում չի կարելի վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Ճիշտ չէ կառչել որեւէ արտահայտությունից ու տարաձայնություններ փնտրել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ