Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց պատերազմի հետեւանքով վիրավորված անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին նախագիծը:
Մեսրոպ Առաքելյանը, նախագծի ընդունումը պայմանավորեց ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությամբ:
«Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն, ու նրանց տրվում է հավաստագիր, այդ հավաստագրի միջոցով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները եւ առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հնարավորինս արագ կազմակերպեն պրոթեզավորման գործընթացը եւ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: Վարչապետը հարցրեց՝ արդյոք այս խմբի շահառուների կարիքները հոգո՞ւմ են պետական բյուջեի միջոցներով: Ի պատասխան սոցապնախարարն ասաց, որ գործող կարգավորումներով, հաշվի առնելով անհատական կարիքների գնահատումը, չեն դնում ծախսերի սահմանափակում, հետագայում կունենան բյուջետային ծախսերի ընդհանուր պատկեր ու անհրաժեշտության դեպքում օրենքով չարգելված միջոցները եւս հաշվի կառնեն:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այսօր չշտապել եւ չքվեարկել հարցը, քանի որ մի քանի փոփոխություն պետք է կատարեն: Ըստ նրա, վաղը գրավոր կարգով կքվեարկեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ