Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից հայտնում են, որ հունվարի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինքենի հետ հարց ու պատասխանի ժամանակ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Ռոբերտ Մենենդեզը հարցեր է ուղղել կապված ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի ու Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Սենատոր Մենենդեզը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի սուվերեն ջրային տարածքներում։ Մենենդեզը հատուկ ուշադրություն դարձրեց Ղարաբաղյան վերջին պատերազմի վրա՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զինումը ու պատերազմական գործողություններ հրահրելը:
Սենատորը հետաքրքրվեց, թե արդյոք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերո՞վ» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասաց․ «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես Դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք դրան շատ հստակ ենք նայում»։
Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։
Կարդացեք նաև
Ի պատասխան սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Թուրքիայի նկատմամբ ռուսական S400 գնելու համար ամերիկյան պատժամիջոցների շարունակականության վերաբերյալ հարցին՝ Բլինկենը պատասխանեց. «Կարծում եմ, որ անընդունելի է այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից S-400- ները ձեռք բերելու հարցում: Այն գաղափարը, որ մեր այսօրվա ռազմավարական, այսպես կոչված, ռազմավարական գործընկերը իրականում համահունչ կլինի Ռուսաստանում մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկին, ընդունելի չէ: Կարծում եմ, որ մենք պետք է նայենք և տեսնենք, թե ինչ ազդեցություն են ունեցել առկա պատժամիջոցները, և հետո պարզենք, թե կա՞ ավելին, որ պետք է արվի»:
Քննարկվել են նաև մարդկության դեմ հանցագործություններ գործած և կոռուպցիոն սկանդալներով հայտնի միջազգային ղեկավարների նկատմամբ Մագնիցկու պատժամիջոցներ կիրառելու և այլ հարցեր։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է իր քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված աշխատանքները՝ Արցախյան հիմնախնդրի, ցեղասպանության ճանաչման, ադրբեջանաթուրքական տանդեմի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Հայաստանին տրամադրվող Ամերիկյան օժանդակության մեծացման համատեքստում։
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդ