Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ Թուրքիայի Կարս նահանգ են ժամանել թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությունների անցկացման համար։ Դա վերջին ժամանակների խոշորագույն զորավարժությունն է լինելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի զինված ուժերի համար։ Կարս նահանգը սահմանակից է Հայաստանին։
Կարսում ձմեռային զորավարժությունները պլանային են և նպատակ ունեն պատրաստել բանակները եղանակային բարդ պայմաններում մարտական գործողություններ վարելուն, ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
«Կարս նահանգում այժմ ձյուն է, այնտեղ լեռներ են և Ադրբեջանի ու Թուրքիայի զինծառայողների համար ոչ այնքան սովորական եղանակային պայմաններ։ Հնարավոր է, դրանով էլ պայմանավորված է հերթական համատեղ զորավարժությունների համար տեղանքի ընտրությունը», —JAMnews-ին տված հարցազրույցում ասել է նա։
Մեկնաբանելով հայ հասարակությունում անհանգստությունը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ զորավարժությունների մեկնարկի մասին՝ Զուլֆուգարովը հավելել է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ստորագրված համաձայնագրից հետո [2020 թ․ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները — JAMnews] հայկական սահմանի մերձակայքում ադրբեջանական բանակի ցանկացած շարժ խուճապ է առաջացնում հարևան երկրի հասարակությունում։ Դա նրանց հոգսն է, որը մեզ չպետք է հուզի»։