Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID 19), որն առաջին անգամ գրանցվեց 2019 թվականին Չինաստանում՝ տարածվելով ամբողջ աշխարհում, իր մեջ դեռ որոշակի հանելուկներ է պարունակում կամ նախկինում եղած համոզմունքները սկսում են փոխվել։
Մասնավորապես, համավարակի առաջին ամիսներին հայտարարվում էր, որ երեխաների մոտ վիրուսը արտահայտվում է թեթև, հաճախ առանց որևէ ախտանիշի, սակայն նրանք վարակի տարածման ակտիվ աղբյուրներից են։ Ինչով էլ պայմանավորված, շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, փակվեցին ուսումնական հաստատությունները և այլն։
Համավարակի երկրորդ տարում, սակայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենը հայտարարեց․ կան ապացույցներ, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն հանդիսանում։
Այս կարծիքին է նաև ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Նա, միեւնույն ժամանակ նշում է․ «Երեխաները վարակի հիմնական աղբյուր չեն հանդիսանում, բայց վարակել, թեկուզ և ցածր հավանականությամբ՝ կարող են»։
Կարդացեք նաև
Երեխաների մոտ կորոնավիրուսային հիվանդությունը արտահայտվում է տենդով, թուլությամբ, հազով․ պարզաբանում է մանկաբույժը։ Համեմատած մեծերի հետ, ավելի հաճախ հանդիպող նշաններն են աղեստամոքսային խանգարումները, երբեմն լինում է ցան։ Բայց կան դեպքեր, երբ երեխան լինում է վարակված, իսկ հիվանդությունը կամ արտահայտվում է մինիմալ նշաններով, կամ չի ունենում որևէ ախտանիշ։
Հայաստանում մինչ Ամանորը, երեխաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքերը 6645-ն են եղել, որը վարակվածների ընդհանուր թվի շուրջ 4 տոկոսն է։ Վարակված երեխաների մոտավորապես 15 տոկոսը հոսպիտալացվել են։
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: