Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին պետք է ճիշտ մեղադրանքներ առաջադրել, որովհետև սխալ մեղադրանքների տակից նա կարողանալու է պլստալ. Միքայել Նահապետյան

Հունվար 21,2021 12:18

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ֆեյսբուքում վրդովմունք կա Փաշինյանի այն պնդման առիթով, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցիներով բնակեցված Շուշին չէր լինելու հայկական: Վրդովմունքի իմ նկատած շեշտադրումն այն է, թե ինչո՞ւ նա ասաց՝ 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական չէր լինելու:

Վիճակագրական փաստի հետ վիճում են ապուշները: Ընդ որում` անկախ նրանից, որ այդ վիճակագրական փաստը 1920թ.-ին Շուշիում էթնիկ զտումների հետևանք է:

Փաշինյանին մեղադրանքը, ճիշտ է, պետք առաջադրել: Նա ասում է, որ որևէ դեպքում փախստականների վերադարձը պարտադիր կատարման կետ էր բանակցություններում: Այսինքն` նա ասում է, որ եթե մենք հաղթեինք, եթե մենք պարտվեինք, եթե հարցը լուծվեր Արցախի անկախությամբ, միացմամբ կամ Ադրբեջանի ինքնավար մարզ դառնալով այս բոլոր սցենարների դեպքում փախստականները պիտի վերադառնային:

Փաստորեն, պատերազմը դադարեցնելու առաջարկը խոշոր հաշվով եղել է հետևյալի մասին. արդյոք մենք ուզո՞ւմ ենք հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշի, որը բնակեցված է ադրբեջանցիներով, թե՞ կնախընտրենք պատերազմով որոշել Շուշիի պատկանելությունը, բայց նախապայմանով, որ այն ում էլ պատկանի, բնակեցված է լինելու ադրբեջանցիներով:

Այ էս ա Փաշինյանի մեղքը. հստակ իմանալով, որ որևէ պարագայում Շուշին բնակեցված է լինելու ադրբեջանցիներով՝ նա բաց է թողել դրա վրա հայկական վերահսկողության հնարավորությունը և, հետևաբար, վիճակագրությունը փոխելու հնարավորությունը:

Իսկ թե ինչու ասաց, որ այն 90 տոկոսով ադրբեջանաբնակ էր՝ դա զուտ վիճակագրական փաստի ամրագրում էր, իսկ վիճակագրական փաստի դեմ կռվում են ապուշները, արդյունավետ մարդիկ ու հանրույթները կռվում են այդ փաստը փոփոխելու համար:

Հ.Գ.
Բազմաթիվ «հեռուստադիտողների» խնդրանքով գրում եմ ավելի պարզ. ասածս էն էր, որ Փաշինյանին պետք է մեղադրել ոչ թե ԽՍՀՄ վիճակագրությունը մեջբերելու, այլ նրա մեջ թե ինչու չի համաձայնել այն տարբերակին, որ քաղաքը մնա հայերի վերահսկողության տակ, բայց ադրբեջանցիները հետ գան, այլ ընտրել է այն տարբերակը, որ և՛ բնակչությունը լինի ադրբեջանական, և՛ վերահսկողությունը:

Ի լրումն իմ նախորդ գրառման ու դրա արձագանքների

Ի՞նչ եմ ասել ես

1.Ասել եմ, որ Շուշին եղել է հայկական քաղաք, որը 1920-ին հայաթափվել է ցեղասպանության բերումով:

2.Ասել եմ, որ 1988-ի դրությամբ Շուշին եղել է 90 տոկոսով ադրբեջանաբնակ քաղաք՝ այդ թվում ցեղասպանության բերումով:

3.Ասել եմ, որ աշխարհը վերը նշված երկու փաստերից կիրառում է երկրորդը. այսինքն՝ վերջին երեսուն տարվա բանակցություններում Հայաստանը պարտավորվել է, թույլ տալ, որ 1988-ի դրությամբ այնտեղ ապրած բնակիչները վերադառնան:

4.Ասել եմ, որ Փաշինյանի մեղքը նրանում է, որ եթե էսպես թե էնպես պիտի ադրբեջանցիներին վերադառնալու հնարավորություն տրվեր, ապա ինչո՞ւ չի համաձայնել այն տարբերակին, որ քաղաքը մնա հայկական վերահսկողության տակ, այնտեղ գործեն մեր պետական ինստիտուտներն ու ուժային կառույցները, մենք էլ հնարավորություն ունենայինք մեր բնակիչներին այնտեղ պահելու ու պաշտպանելու, քաղաքը հայաբնակ հայկական դարձնելու:

5.Ասել եմ, որ Փաշինյանին պետք է ճիշտ մեղադրանքներ առաջադրել, որովհետև սխալ մեղադրանքների տակից նա կարողանալու է պլստալ:

Ի՞նչ արձագանք հնչեց այս ամենին. մեղադրանքներ, թե ես ինչո՞ւ եմ ասում, որ 1988-ին Շուշիի բնակչությունը եղել է ադրբեջանական և մեղադրանքներ, որ ես Նիկոլին եմ պաշտպանում, մեղադրանքներ, որ ես թուրքական պրոպագանդիստ եմ և մեղադրանքեր, որ ես պատմում եմ մեր պրոբլեմների մասին:

Իմ արձանագրումը հետևյալն է. բևեռացված մտքով մարդը լուծում չի գտնելու, որովհետև նրա միտքը հակված է պարզեցումների՝ «հերոս»/«դավաճան», «արդարացնել»/«խաչել»… պարզեցումներ, որոնք բնորոշ են գրական վեպերին, բայց ոչ իրական կյանքին:

Եվ արձանագրում երկրորդ. «Արծրուն» ֆենոմենը և «հաղթելու ենք» ֆենոմենը հաստատվեցին, որովհետև կար դրա համար պարարտ հող՝ մարդկանց մի զգալի շերտ արգելում է հրապարակավ խոսել խնդիրներից ու արգելում է փնտրել լուծումներ: Գրառման արձագանքները խոշոր հաշվով դրա մասին էին:

Երբ ես ասում եմ, որ կա երկու փաստ
1.1920թ.-ին Շուշիում մեծամասնություն կազմող հայերին բնաջնջել են

2.1988թ-ին Շուշին բնակեցված է եղել առավելապես ադրբեջանցիներով ու ասում եմ, որ աշխարհը ու մեր բանակցողները միշտ հենվել են 2-րդ փաստի վրա՝ ինձ մեղադրում են, թե ինչու եմ դա ասում:

Լավ, ժողովուրդ ջան՝ չեմ ասում: Ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու ու հաղթելու ենք, աշխարհը մեր կողմից է, Ղարաբաղը չճանաչելն ու չմիացնելը ընտիր ստրատեգիական խորամանկություններ են, մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է: Դուխով: Հաղթելու ենք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031