Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի փոփոխություն մոտ ապագայում դժվար է սպասել. չեմ կարծում, որ հեռանալը պատասխանատվություն կրել է. Նազելի Բաղդասարյան. «Հրապարակ»

Հունվար 21,2021 12:13

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին Սուրեն Պապիկյանն առաջարկել է Շիրակի մարզպետի պաշտոնը՝ օրերս այդ պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի փոխարեն, սակայն նա հրաժարվել է։ Կառավարության այսօրվա նիստում մարզպետ կնշանակվի առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Վստահ եմ, որ անձը, ում անունը շրջանառվում է, կկարողանա ստանձնել այդ պարտավորությունը եւ այս դժվարին վիճակում կկարողանա մարզը ճիշտ ուղղությամբ տանել։ Նա ունի կառավարման հմտություններ եւ, լինելով Շիրակի մարզից, լավ տիրապետում է այն խնդրակազմին, որն ունենք մարզում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Դուք տրամաբանություն տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ առողջապահության նախարարին ազատում են առանց լուրջ հիմքի, այն դեպքում, երբ քովիդի պիկի ժամանակ նրան այդքան քննադատեցին, բայց Թորոսյանը չազատվեց պաշտոնից, հիմա, երբ առանձնապես լուրջ քննադատություն չկա, հանում՝ այլ պաշտոնի են նշանակում, նրա փոխարեն էլ նախարար է նշանակվում իրավաբան Անահիտ Ավանեսյանը։

– Ես կարծում եմ, որ պարոն Թորոսյանի հմտությունները լավագույնս այս պաշտոնում կկարողանան ծառայել, եւ մենք աշխատանքների մաքսիմալ արդյունավետություն կկարողանանք տեսնել։

Իսկ վարչապետի փոփոխություն ե՞րբ է լինելու։

– Ես կարծում եմ, որ մեր օրակարգում, քանի որ չկա հարց, վարչապետի փոփոխություն մոտ ապագայում դժվար է սպասել։

Դուք կարծում եք, որ վարչապետը որեւէ մեղք չունի՞ այս իրավիճակում, եւ ի՞նքը չէ թիվ մեկ պաշտոնյան, որ պետք է առաջինը հեռանար պատերազմից հետո։

– Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, երբ մարդ որեւէ գործողության համար ստանձնում է պատասխանատվություն, պետք է այդ պատասխանատվությունը կրի։ Վարչապետն այս պարագայում պատրաստ է այդ պատասխանատվությունը կրել։

Դե թող կրի եւ հեռանա, ինչո՞ւ չի հեռանում, պատասխանատվություն կրելը պաշտոնին մնալո՞վ է։

– Ոչ, պատասխանատվություն կրելը հետեւանքների համար պատասխանատվություն ստանձնելն է։ Ես չեմ կարծում, որ հեռանալը պատասխանատվություն կրել է։

Իսկ ո՞րն է պատասխանատվություն կրելը։

– Այն հետեւանքները, որոնք առաջացել են, իրենց տալ արագ եւ համակողմանի լուծում եւ գտնել հենց հիմնավոր պատճառները, որոնք առիթ են հանդիսացել ստեղծված իրավիճակի, եւ, այո, եթե կլինեն իրավական գործընթացներ, եթե կլինեն պրոցեսներ, նաեւ այդ համատեքստում կրել։

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեկը հանցանք գործի, որի հետեւանքով մարդ մահանա, եւ ասի՝ ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, բայց ազատության մեջ։

– Ես չեմ կարծում, որ այստեղ մենք խոսում ենք հանցանքի մասին՝ զուտ իրավական եղանակով, վստահ եմ, որ եթե խոսում եք պատերազմի եւ դրա հետեւանքի մասին, կլինեն քննիչ հանձնաժողովներ, կլինի մեծ գործընթաց, որն արմատապես կքննի պատերազմի ծնած պատճառները, եւ այդ ինտերվալը չի լինի երկու տարի, կլինի 94 թվականից մինչ այսօր տեղի ունեցած բոլոր դեպքերն անխտիր, ե՛ւ դիվանագիտական հարթակներում, ե՛ւ պաշտպանության ոլորտում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031