Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրող Հակոբ Կարապենցի ծննդյան 95-ամյակի առիթով Իրանում երկու գիրք է հրատարակվել

Հունվար 21,2021 11:41

Հայ գրող Հակոբ Կարապենցի ծննդյան 95-ամյակի առիթով Իրանում միանգամից երկու գիրք է հրատարակվել: Կարապենցի «Ադամի գիրքը» վեպը հրատարակվել է բազմաշխատ հեղինակ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ, իսկ հատընտիրը հրատարակել է թարգմանչուհի Արմենուշ Առաքելյանը. հատընտիրում ներառված են Հակոբ Կարապենցի գործերից տասներկու պատմվածք, երեք վերլուծական գրություն (Կարապենցի բառով՝ փորձագրություն), կենսագրական և ընդարձակ ծանոթագրություն:

Թարգմանչուհու նախաբանը «Ծանոթություն՝ անցյալից և դեռ շարունա՜կ» վերտառությամբ, դրված են երեք լեզվով՝ հայերեն, պարսկերեն և ֆրանսերեն՝ երեքն էլ տիկին Արմանեշի հեղինակությամբ: Թարգմանված պատմվածքներն ընտրված են Կարապենցի «Միջնարար», «Ամերիկյան շուրջպար», «Անկատար» և «Մի մարդ ու մի երկիր» երկերից: Պարսկերեն հատընտիրը ևս կոչվում է «Մի մարդ ու մի երկիր»:

Հակոբ Կարապենցը ծնվել է 1925 թվականին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսում է ստացել ծննդավայրում, ապա Թեհրանում: 1947 թվականին մեկնել է Իրանից, բարձրագույն ուսում է ստացել ԱՄՆ-ում՝ լրագրության և հոգեբանության ամբիոններում: Ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Մասաչուսեթսում, որտեղ և մահացել է 1994 թվականին: Նա գրել է միայն հայերենով, նրա վեպերը, պատմվածքներն ու «փորձագրությունները» սկզբնական շրջանում տպվել են Սփյուռքում, իսկ Հայաստանի անկախացումից հետո նաև հայրենիքում: Երևանի Էրեբունի վարչական շրջանի դպրոցներից մեկն անվանակոչվել է Հակոբ Կարապենցի անունով:

Թարգմանիչն իր նախաբանում Կարապենցի մասին գրում է. «Կարապենցը Իրանը թողնելուց հետո, այլևս չի վերադարձել, բայց և այնպես, մանկության ու պատանեկության քաղցրադառն հուշերը, Իրանի վառ արևը, Թավրիզն ու Թեհրանը, տունն ու փողոցներն իրենց գույներով ու բուրմունքով, ուղեկցել են նրան ամբողջ կյանքում և որին մենք հաճախ ականատես ենք լինում նրա ստեղծագործություններում»:

Իրանի հրատարակչական ընկերությունները մեծ հետաքրքրությամբ են տպագրում հայ ժողովրդի պատմության, մշակույթին ու գրականության վերաբերող թարգմանչական գործեր. միայն անցյալ տարի՝ հայության վերաբերող մոտ տաս անուն գիրք է Թեհրանում հրատարակվել: Թարգմանության ասպարեզում գործունյա են Սեդա Դավթյանը, Գարուն Սարգսյանը, Անդրանիկ Խեչումյանը և Արմենուշ Առաքելյանը: Նրանք չորսն էլ ծնվել են Իրանում, ունեն բարձրագույն ուսում և լավապես տիրապետում են պարսկերեն լեզվին ու թարգմանության նրբություններին: Այս թարգմանիչները փորձում են լրացնել այն մեծ բացը և պահանջարկը, որ հայության ծանոթացման ասպարեզում իրանցի ընթերցողի մոտ գոյություն ունի:

Ռեժիսոր և թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը, հայ գրականությունից մինչ այժմ ավելի քան տաս գործ է պարսկերենի թարգմանել և հրատարակել. այդ շարքից են Երվանդ Օտյանի, Վահան Թոթովենցի, Գևորգ Դարֆու, Ժիրայր Անանյանի, Գուրգեն Խանջյանի, Սամվել Կոսյանի, Ռուբեն Մարուխյանի և Հակոբ Կարապենցի գործերը: Նա Իրանի «Սիրելի թարգմանիչ» մրցանակի (2018) և Հայաստանի Մշակույթի նախարարության (2012), Գրողների միության, Թատերական գործիչների միության և թարգմանության «Կանթեղ» մրցանակների դափնեկիր է:

Արմենուշ Առաքելյանը, մինչ այժմ առանձին հատորներով պարսկերենի է թարգմանել և հրատարակել Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» (2010) և հայ սիրային պոեզիայի ծաղկաքաղը՝ «Իմ չքնաղ երազ» անվամբ, համապատասխան նախաբանով և ինը բանաստեղծի կենսագրականով (2019): Հ. Կարապենցի «Մի մարդ ու մի երկիր» հատընտիրը նրա երրորդ գործն է:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031