Մի կողմից` մեր երկրում իշխանության հրաժարականի պահանջ է ձևավորվել, մյուս կողմից՝ նույն իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի: Զուգահեռ՝ որոշ նշանակումներ են արվում, որոնք հիմնականում փոխատեղումների են նման: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի մեջ այլ նպատակ է տեսնում, որում ամենևին երկիրն ստեղծված իրավիճակից հանելու խնդիր չկա: «Իրականում, իմ կարծիքով, խոսքը պետական ապարատը ռեսթարթի ենթարկելու մասին չէ: Խոսքն, ըստ իս, այդ պետական ապարատն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու և վերաֆորմատավորելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտման մասին է:
Բոլոր կադրային տեղափոխությունները, որոշ դեպքերում «ռակիրովկաներն» անխուսափելի արտահերթ ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ վերցնելու փորձ են: Այլ կերպ ասած՝ մոբիլիզացվում, փորձ է արվում լիովին վերահսկողության տակ վերցնել վարչական ռեսուրսը: Նիկոլ Փաշինյանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛, առավել ևս, պատերազմից հետո շատ լավ հասկացավ, որ բացարձակապես չի վերահսկում երկրում տիրող իրավիճակը, որ իրականում պետական ապարատն ընդհանրապես չի ենթարկվում իրեն: Այսինքն, երկրում անիշխանություն է տիրում: Ու այս պայմաններում, քանի որ ինքն այլ ելք չունի, առաջարկվող անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ իր տարբերակը առաջարկեց: Ասաց՝ եկեք այդ դեպքում ոչ թե հրաժարական տամ, այլ արտահերթ ընտրություններ անենք: Ն. Փաշինյանը հասկանում է, որ այդ տարբերակն է իրեն մնացել, և այդ տարբերակով է խաղում: Հասկանում է նաև, որ գոնե այդ տարբերակով գնալու համար պետք է վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ լինի, որովհետև հիմա Ն. Փաշինյանն այդ վարչական ռեսուրսն էլ չունի: Սա է պատճառը, որ փոխում է իր աշխատակազմի ղեկավարին, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կփորձի անել նաև ուժային կառույցներում:
Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ում տարօրինակ նշանակումներ են արվում: Կարծում եմ, մեծ հաշվով, սա մի գործընթաց է, որը կփորձի իրականացնել: Եվ սա է պատճառը, որ, ըստ իս, խոսքն ամենևին պետական ապարատի ռեսթարթի մասին չէ: Նպատակը երկիրն ստեղծված «անվերադարձ կետից» քիչ թե շատ տանելի ու վերահսկելի դարձնելը չէ: Սա մերկանտիլ քայլերի շարք է՝ պետական ապարատը առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համատեքստում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը պարզապես վարչական ռեսուրսը վերահսկելի դարձնելն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։