Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսական/Լավրովի պլանի շուրջ միջազգային դրաման շարունակվում է
Դեռևս ինձ համար ամբողջովին անհասկանալի են մնում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում 2016-2020թթ․ հատկապես ռուս պաշտոնյաների հայտարարությունների իրարամերժությունը «Լավրովյան պլանի մասով»։ Դրանից զատ՝ վերջին շրջանում անընդմեջ այդ թեմայի մասին խոսելը, քանի որ դրանք, որպես կանոն, կամ միմյանց են հակասում, կամ նախկինում կատարված այլ հայտարարությունների։
Ահավասիկ, ամենաթարմ ու ամենահակասական օրինակները․
2021թ․ հունվարի 20, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւ․ «2016 թվականին ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրեց փուլային կարգավորման հայեցակարգը»:
Կարդացեք նաև
Սրան հակասում են Սերգեյ Լավրովի՝ մի քանի անգամ արած հայտարարությունները։
2016թ. հունվարի 27, Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով․ «…Կատարվում է փնտրտուք, «մտագրոհ»՝ գաղափարների մակարդակում»:
2017թ․, մարտի 31, Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով․ «Բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի: Այժմ քննարկվող գաղափարների հիմքում ընկած են առաջարկներ, որոնք մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից»:
Սրան էլ հակասում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը։
15 հոկտեմբերի, 2020թ․, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան․ «Ռուսաստանն ու համանախագահները փորձում էին «բարձրաձայն մտորումների մակարդակում» խնդրի հանգուցալուծման ջանքերը վերականգնել: Կազանի գագաթաժողովում քննարկված «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո բանակցությունների սեղանին չկար աշխատանքային որևէ փաստաթուղթ, որը կարող էր դառնալ կողմերի միջև բանակցությունների առարկա: ԵԱՀԿ-ի վերջին դեպոնացված փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր: Ոչ մի «Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ» չի եղել և չկա…»:
Սրան էլ հակասում է Ռաշիդ Նուրգալիևի հայտարարությունը (ռուսական պլանի լուծումը փուլային է եղել)։
2021թ․ հունվարի 20, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւ․ «Փաստաթղթի վերջին խմբագրված տարբերակը կողմերին միջնորդների կողմից փոխանցվել էր 2019 թվականի հունիսին: Փուլային տարբերակը նախատեսում էր Մադրիդի եւ Կազանի փաստաթղթերում ամրագրված սկզբունքների ժառանգականություն»:
Սրան էլ հակասում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը (լուծումը փաթեթային է եղել)։
15 հոկտեմբերի, 2020թ․, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան․ «Բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում»։
2021թ․ հունվարի 20, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւ․ «Առաջարկները բանակցային գործընթացի կենտրոնական թեման էին: Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ երկխոսությունը չէր դադարում ընդհուպ մինչեւ 2020 թվականը, սակայն, ցավոք, կողմերի լիակատար համաձայնության հասնել չհաջողվեց»:
Սրան հակասում է ռուս մեկ այդ դիվանագետի՝ Ս․Պոպովի վերջերս արված հայտարարությունը։
2021թ․ հունվարի 13, -ին հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով․ «Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել սույն առաջարկները, չնայած լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում: Բայց կարեւորն այն էր, որ բանակցություններն ընթանում էին կանոնավոր կերպով՝ ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանն առաջ քաշեց նոր մոտեցումներ․․․»:
Այս ամենից առայժմ մեկ բան է ակնհայտ։ Ռուսաստանը ստիպված է օրինականացնել 2014-2016թթ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներից գաղտնի հակամարտության կողմերի հետ քննարկված կարգավորման ռուսական տարբերակը, որը որևէ միջազգային կարգավիճակ չի ունեցել, և ներկայացնել, թե իբրև դրանից տեղյակ են ոչ միայն Հայաստանի նախկին, այլ նաև նոր իշխանությունները․․․
Այդուհանդերձ, Սերգեյ Պոպովն ինքն է ասել, որ «2018 թվականին Երեւանն 1 առաջ քաշել նոր մոտեցումներ․․․»:
Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում…