Ինչպիսին կլինի Բայդենի նախագահությունը: Նախագահ և փոխնախագահ Բայդենները լինելու են էապես տարբեր մարդիկ: Ինչ է դա նշանակում Հայաստանի համար: Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, հարմարավետ է եղել դեմոկրատական վարչակազմը, սակայն ընթացիկ հարմարավետությունից զատ կա քաղաքականություն, որն ԱՄՆ դեպքում բավականին պահպանողական է՝ անկախ վարչակազմերի կուսակցականությունից:
Մյուս կողմից, անգամ մարտավարական, ոճային փոփոխությունները փոքր պետությունների կամ ռեգիոնների համար կարող են ունենալ էական նշանակություն: Գլխավոր հարցը հայկական կողմի համար այն է, թե արդյոք Բայդենը կգնա՞ Կովկասում ԱՄՆ ավելի աշխույժ և անմիջական ներգրավվածության, թե՞ կգերադասի առնվազն առժամանակ հետևել հեռվից: Ի վերջո, Բայդենը Թրամփից ծանր ժառանգություն է ստացել նաև Կովկասում, սակայն այդ իմաստով Կովկասը ԱՄՆ նոր նախագահի կարևորագույն խնդիրների լուծման տեսանկյունից կարող է և չհայտնվել առաջնային դիրքում, առաջնահերթությունների շարքում: Այստեղ պետք է անելիք ունենա Հայաստանը հանդիպակաց շարժում սկսելու համար: Դա էլ, իհարկե, կախված է նրանից, թե դրա համար ինչ տարածություն կբացվի Բայդենի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունների դաշտում, հաշվի առնելով ներկայումս Հայաստանի հանդեպ ՌԴ ազդեցության էական աճը: Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը պետք է սպասի այդ տարածությանը: Պետք է «խցկվել» համառորեն, խցկվել լավ իմաստով՝ տարածության ընդլայնման գործում մեզանից կախվածն անելու համար, իհարկե բովանդակային աշխատանքով, որի նպատակը պետք է լինի հայկական դերակատարման հարցում չեզոքացնել ամերիկա-ռուսական ընկալման մեջ սուր անկյունները: Դա, անշուշտ, բավականին բարդ խնդիր է, սակայն ի՞նչ է մնացել Հայաստանին, քան, ի վերջո, զբաղվել պետական խնդիրներ լուծելով:
Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: