Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությանը սատարող երեք խմբերը

Հունվար 21,2021 10:00

Հավանաբար, եկել է ժամանակը օբյեկտիվորեն եւ առանց ավելորդ հույզերի գնահատելու, թե ինչպես է ստացվել, որ պետական կառավարմանը բացարձակապես անընդունակ, ձախողված եւ անհաշվելի կորուստների համար պատասխանատու Հայաստանի իշխանությունը շարունակում է վայելել մեր քաղաքացիների որոշակի մասի վստահությունը: (Թե որ մասն է դա, դժվարանում եմ ասել, եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում անցկացվելիք արտահերթ ընտրությունները, ցավոք, օբյեկտիվ պատկեր չեն տա):

Մեր այդ համաքաղաքացիներին ես կբաժանեի երեք տեսակի:

1/ 2018 թվականի հեղափոխությունը, որն այսօրվա պետական կրոնն է, դարձել է նաեւ որոշակի մարդկանց անձնական կրոնը: Փաստերը եւ նոր գիտելիքների ձեռք բերումն այդ մարդկանց չեն հետաքրքրում՝ կա հավատ, կա վստահություն: Եթե մենք ժամանակի մեքենայի միջոցով կարողանայինք գնալ Հին Եգիպտոս եւ սկսեինք պատմել հարաբերականության տեսության եւ քվանտային ֆիզիկայի մասին, եգիպտացիները մեզ չէին հասկանա, որովհետեւ նրանք վստահ էին փարավոնների աստվածային բնույթի մեջ եւ հավատում էին կոկորդիլոսի տեսքով աստվածներին: «Եկավ փրկիչ Նիկոլը, կերտեց Նոր Հայաստանը, բայց, ցավոք, ոչ բոլոր թալանչիներից կարողացավ խլել իրենց հարստությունները, եւ դրա համար մենք պարտվեցինք պատերազմում»՝ դա կրոն է, որն ունի օբյեկտիվ հիմքեր (տես՝ 3-րդ կետը), բայց որը չի ընդունում դրան հակասող որեւէ տեղեկություն:

1995 թվականին Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում հազարավոր մարդիկ «տեսել էին», թե ինչպես են աստվածների արձանները կաթ խմում, եւ տասնյակ հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել տաճարների մոտ իրենց կժերով՝ աստվածներին «հյուրասիրելու» նպատակով: Զանգվածային զգայախաբությունները (հալյուցիանացիաները) ուսումնասիրվում են հոգեբանների կողմից, եւ դրանց հիմքերից մեկն է, այսպես կոչված, «մեծամասնության կարծիքը»: Իսկ համացանցը եւ սոցիալական կայքերը զգայախաբություններ կերտելու հզոր միջոցներ են:

2/ Մարդկանց մեկ այլ խումբ գիտակցական մակարդակով գիտի, որ Հայաստանին պատուհասած աղետի մեղավորը Փաշինյանն է, բայց, քանի որ 2018 թվականին իրենք մեծ ոգեւորությամբ ձայն են տվել նրան, գուցե նաեւ կանգնել են թմբուկի մոտ եւ «հո՛ւ» են գոռացել, նրանց համար հոգեբանորեն դժվար է հրաժարվել այդ հեղափոխական ռոմանտիկայից՝ ընդունելով իրենց պատասխանատվության չափը. այդ մարդիկ պարտության համար արդարացումներ են փնտրում՝ այս կամ այն չափով տուրք տալով առաջին կետում նկարագրված առասպելաբանությանը:

3/ Վերջապես, Հայաստանում կան գործարար շրջանակներ, որոնք թեեւ չեն հարստացել այս 2,5 տարում, բայց նրանց կյանքը զգալիորեն ավելի հանգիստ է դարձել: Բանն այն է, որ նախորդ իշխանությունների ժամանակ իրենց մոտ օրումեջ գալիս էին հարկային, մաքսային եւ այլ կեղեքիչներ, որոնք պահանջում էին իրենց հետ կիսվել՝ բարձր եւ անօրինական եկամուտ ստանալու դիմաց: Հիմա չկա ոչ այդ բարձր եկամուտը, ոչ էլ կեղեքիչները, եւ դա գործարարների մի մասին բավարարում է: Նրանք (եւ նրանց վարձու աշխատողներից շատերը) շատ լավ տեղյակ են ներկայիս իշխանության ապաշնորհության եւ կործանիչ ձախողումների մասին: Բայց այդ գիտակցությունը «գերակշռվում է» վախով, որ իշխանափոխությունից հետո կվերականգնվի տնտեսական այն ռեժիմը, որը, բացի ամեն ինչից, նվաստացուցիչ էր նրանց համար:

Ամբողջ հարցն այն է, որ խնդիրը սխալ է ձեւակերպված՝ կա՛մ երկիրը կործանած տհաս դիլետանտներ, կա՛մ թալանչիներ: Խնդիրն ավելի արմատական է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ ոչ: Ինքնասիրահարված տհասներով՝ ոչ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հետեւեալ, նախնական կարգերն ալ կը մնան տակաւին ի զօրու, mutatis mutandis ՝

    «Շարքային Փաշինյանիստները 5 կարգեր» – Հոկտեմբեր 2019 – ՝
    https://haytougchamlian.blog/շարքային-փաշինյանիստները՝-5-կարգեր/

  2. Armen says:

    Հաստ ու բարակ թելերով նախկինների հետ կապված անձինք անընդհատ կրկնում են, որ պետք չէ համեմատվել նախկին տրեխավորների հետ, միաժամանակ հասկանալով, որ ինչ որ երեվույթի գնահատումը առանց համեմատության համարյա անհնարին է: Հայաստանում իմ համոզմամբ չկա մարդ, որը կարող է համոզիչ պատասխանել հարցին – կլինե՞ր այս պատերազմը մեկ այլ իշխանության պարագայում: Փաշինյանը և ներկայիս իշխանությունը ունի իր մեղքի որոշակի բաժինը այսօրվա վիճակի համար, սակայն ասել ,որ մեղավոր է Փաշինյանը ու չշարունակել թվարկել, մեղմ ասած, կողմնակալ կարծիք է….

    • Ruben says:

      «կլինե՞ր այս պատերազմը մեկ այլ իշխանության պարագայում»
      Այո, եթե Սերժ Սարգսյանը պաշտոնապես շարունակեր մնալ ղեկին: Սերժի Նիկոլը Սերժի շախմատային «պեշկան» է (զինվորն է) շախմատային ծրագրավորված ձիու քայլերով:
      Սերժը ծնվել է, եղել է և մնացել է Ադրբեջանի վարչական միավորի ենթակա, սկսած Ադրբեջանի ԽՍՀ կոմունիստական կուսակցությանը հպատակ լինելուց:
      Իզուր չէ, որ Լեւան Տեր Պետրոսյանը 1992 թ-ին նրան փեշի տակ առավ և գցեց գյուղացի բանաստեղծ-մարզիկ Վազգեն Սարգսյանի թևի տակ:
      Սերժին տիկնիկ էր պետք: Ինքն էլ մնաց որպես «կուկլավոդ» (տիկնիկավար/տիկնիկին վարող-շինող):

    • Հ.Շ. says:

      Այսինքն, դժբախտ զուգադիպութի՞ւն մըն է, որ յեղափոխութենէն ետք ու այս վարչակարգի օրօք է, որ տեղի ունեցաւ այս Աղէտը: Փաշինյանի եւ իր խմբակին վատ բա՞խտն էր, պարզապէս… Մինչդեռ, բախտը շատ լայնօրէ՜ն ժպտում էր իրենց:

      Եթէ այս պատերազմին հիմնական պատճառը, Հայաստանի կողմէ կապերի թուլացումն էր՝ Ռուսաստանի հետ, միաժամանակ՝ սիրաբանական թեքումներով դէպի Արեւմուտք, ապա, այս վարչակարգը լրիւ եւ բացառեալ պատասխանատուն է՝ այս պատերազմի բռնկումին. եւ հետեւաբար, նրա հետեւանքներին: Ասիկա, ներազգային պատերազմին վերաբերող կողմնակալութեան հետ կապ չունի: Տարրական, աշխարհաքաղաքական իրականութիւն մըն է, որ բազմաթիւ նախադէպեր ունի: Ի դէպ, բազմափիւ եւ բազմատեսակ օտար դիտորդներ ալ, այս կերպով վերլուծում են տեղի ունեցածը: Մնացեալը, նիւթը պղտորելու, deflect ընելու զուր ջանքեր են:

      Ամէն դէպքում, շատ էք վրազում: Հըլա յաջողեցէք գիտակից «դաւաճանութեան» մեղադրանքը մէջտեղից հանել, յետոյ փորձեցէք այդ չափազանցեալ մօտեցումէն անկախ՝ նիւթի առարկայ պատասխանատւութեան ամենազուսպ, լուրջ եւ հիմնաւորուած հաստատումներն ալ, իբրեւ թէ վիճելի դարձնել:

    • Ջորդանո Գալիլյան says:

      «կլինե՞ր այս պատերազմը մեկ այլ իշխանության պարագայում»

      Այս «պատերազմը» կարող էր լինել միայն ու միմիայն նիկոլիզմի պարագայում: Այժմ արդեն պարզից էլ պարզ է, որ նենգամիտ կապիտուլյանտն ամեն ինչ արեց ապատերազմը հրահրելու, այն իմիտացիոն սահմռկեցուցիչ խաղի վերածելու ու միտումնավոր կերպով պարտվելու համար: Միամտություն է հուսալ, թե գերագույն գլխավոր ստախոսը կամավոր հրաժարական կտա. նա դեռ լիքը քիրվայական անելիք ունի՝ որպես կառուցողական կիրթի հլու կամակատար: Իզուր է ոմանց թվում, թե դժբախտ ու դժգույն է միայն Շուշին. բնիկ «ադրբեջանական» մարգարիտներ շատ կան Հայաստանի այլ շրջաններում եւս՝ Մեղրի-Կապանից սկսած մինչեւ Երեւան…

  3. Daniel says:

    Պարոն Աբլահամյան, շատ վատ կարծիքի եք ձեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնության մասին։ Պատասխանեք ինքներդ ձեզ, և ոչ նվաստիս։ Պատերազմը վերջացե՞լ է։
    Իսկ ձեր բոլոր հարցերի պատասխանը կտա ժողովուրդը, երբ սահմանները բացվելուց հետո չի լքի «պարտված» հայրենիքը, որովհետև«տհաս» կառավարումը գողականից միշտ էլ գերադասելի է։ Ու դեռ երկար իրենք իրենց «մտավորական» հռչակած զանգվածը, չհասկանալով, որ «гнилая интелигенция» պիտակը նստած է «հասարակ ժողովրդի» ուղեղում, կփորձի համոզել իրենք իրենց, իրենց տերերին և իրենց բանի տեղ չդնող լսարանին, որ Նիկոլից վատը չի եղել։ Առաջադեմ զանգվածը էն չի որ փրկիչ է փնտրում, այլ էն մարդիկ որ աշխատում են ու միայն ուզում են խանգարող չլինի, էդ ձեր երրորդ խումբը։

    • Ջորդանո Գալիլյան says:

      “Իսկ ձեր բոլոր հարցերի պատասխանը կտա ժողովուրդը, երբ սահմանները բացվելուց հետո չի լքի «պարտված» հայրենիքը, որովհետև «տհաս» կառավարումը գողականից միշտ էլ գերադասելի է։”

      Տհաս կառավարումը «գողականից» ոչ միշտ է գերադասելի: Եթե տհասը, պողոսացնելով ժողովրդին, «հպարտորեն» ստանձնում է թշնամու կամակատարի դերը, ապա իհարկե՝ «գողականը» գերադասելի է: Ավելի լավ է շմայսների ու լիսկաների հետ գնալ Շուշի ու Քարվաճառ, քան տհասաբար Շուռնուխը տալ թուրքին, Մեղրին կտրել Հայաստանից ու Երեւանը վերածել «Իրավանի»…

Պատասխանել